Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին անհանգստացնում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի վիճակը: Վալերի Կարպինը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանի մարզավիճակին:

«Անկեղծ ասած, Յուրա Մովսիսյանի վիճակը մեզ անհանգստացնում է: Ընդ որում, դա կապված չէ նրա ծնկի հետ: Պորտուգալիայի հավաքի ժամանակ նա դեռ 3 մարզում իրար ետևից չի անցկացրել հիմնական խմբի հետ: Բարձր ջերմություն ուներ, հետո մեջքն էր ցավում, էլի ինչ-որ բան: Եթե այսպես շարունակվի, ապա ես կասկածում եմ, որ նա կկարողանա մարտի 8-ին պատրաստ լինել խաղադաշտ դուրս գալ: Ամենավատն այն է, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում մոտենում և հարցնում է. «Ինչո՞ւ չեմ խաղում մեկնարկային կազմում»: Պետք է մեկնարկային կազմում տեղ նվաճել հիմա: «Սպարտակ»-ում մրցակցությունը մեծ է բոլոր դիրքերում, և մեկնարկային կազմում տեղն ապահովված չէ ոչ ոքի համար»,- հայտարարել է Կարպինը:

Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից և Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ մասնակցում է Պորտուգալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել