Ստրասբուրգում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստից հետո որոշ քաղաքական և լրագրողական շրջանակներ այն ներկայացրեցին սենսացիոն և հիմնովին ձախողված: Նման կարծիք նրանք արտահայտեցին՝ ուղղակի հղում անելով եվրախորհդարանականների ոչ բարյացակամ վերաբերմունքին և առաջին անգամ հանձնաժողովի կողմից չընդունված համատեղ հայտարարությանը: Նախ ապրիորի պարզ էր, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միության անդամագրվելու որոշումից հետո եվրոպական տարբեր տրամաչափի չինովնիկների և պաշտոնյաների շրջանում որոշակի չհասկացվածության պահեր և վերապահումներ պետք է լինեին, որը նաև կարող էր անդրադառնալ նրանց մոտեցումների և դիրքորոշումների վրա: Այս իմաստով սենսացիոն ձևակերպումը, գուցե, այնքան էլ չի բնորոշում հանձնաժողովի նիստի ընթացքն ու արդյունքները: Ինչ վերաբերում է հայտարարություն չընդունվելու առիթով «ձախողված» բնորոշմանը, ապա պետք է փաստել, որ այն իրականում ներկայացվում է բացառապես չոր փաստերի տիրույթում, այսինքն` չկա հայտարարություն-չկա արդյունք: Իսկ, առհասարակ, ինչ էր տալու մեզ հարևան երկրի հետ պարիտետը պաշտպանելու տրամաբանության մեջ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնահարցին առնչվող` ոչինչ չասող, իրականության հետ որևէ աղերս չունեցող, կողմերի միջև արհեստական հավասարության նշան դնող, վերացական կոչերով հեղեղված փաստաթուղթը: Գուցե, ժամանակն է, ընդհանրապես հրաժարվել, այս կարգի հայտարարությունների տակ ստորագրություններ դնել, այսպիսով մասնակից լինել ոչ մի տեղ չտանող ֆարսի: Այս իմաստով լրիվ տեղին է հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի դիտարկումն առ այն, որ մեզ պետք է ոգևորեն ոչ թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին չհակասող, այլ բացառապես մեր երկու պետությունների շահերից բխող հայտարարությունները:
Այս ամենով հանդերձ միանշանակ է, որ մեր երկրի եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը` ընդհանրապես, և Հայաստան-ԵՄ հարաբերությունները`մասնավորապես, պետք է արդյունավետ շարունակություն ունենան: Պարզապես, այս փուլում պետք է ձեռնպահ մնալ ստեղծված իրավիճակում քավության նոխազներ կամ չեղած մեղավորներ փնտրելու արատավոր գործելակերպից և լծվել նոր իրականության մեջ համագործակցության զարգացման առավել կենսունակ մոդելների մշակման և իրագործման գործին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/288470627973607?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել