Երեկ տեղեկացա, որ Սինեմա Սթար Դալմա Գարդենը հրաժարվել է աղմուկ հանած «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից: Հերթական անգամ գեղցիական վայվլոցը, քիթը իրենց չվերաբերող հարցերի մեջ խոթողների երկարափեշ, բարոյախրատ ճղճղոցը դարձավ հասարակական կարծիքի իմիտացիա: Տարիներ առաջ, կարծես «Երևան» կինոթատրոնում, հատուկ ժամերի ցուցադրվում էին ֆիլմեր մեծահասակների համար: Մարդը ինքն էր որոշում` գնալ այդ կինոթատրոն, թե չգնալ, և որևէ մեկի նախասիրությունը առանձնապես չէր հետաքրքրում հասարակության լայն խավերին: Ֆեյսբուքյան հարթակը լայն հնարավորություն տվեց ամեն ինչի մեջ կարկառուն երևալու մարմաջով տարված որոշ քոմենթչիների` աղաղակել ամեն ինչի մասին, խցկել ազգայինը այնտեղ, որտեղ այն ավելորդ է, լալահառաչ եզրակացություններ անել այն ամենի մասին, ինչին իրենց ուղեղը ընկալունակ չէ, և յուրաքանչյուր հարցի շուրջ Ֆեյսբուքում շաղ տալ իրենց ողբանվագ ճամարտակությունները` ստեղծելով աղմուկի տպավորություն:
Նույնը չարաբաստիկ ֆիլմի պարագայում: Ով ցանկանում է դիտել, ով չի խորշում արվեստի այդ տեսակից, գնում է տոմսը ԻՐ, բացառապես ԻՐ միջոցներով, դիտում է ֆիլմը, տառփանք է ապրում կամ չի ապրում, տառփանք ապրելու դեպքում կեղտոտում է բացառապես ԻՐ սպիտակեղենը` չանելով որևէ հակահասարակական, մեզանից որևէ մեկին խանգարող, համակեցության կանոնները խախտող արարք: Ով չի ցանկանում հետևել արվեստի այդ տեսակին` ՉԻ գնում տոմսը, ՉԻ ծախսում գումար և ՉԻ կեղտոտում իր սպիտակեղենը: Երկու դեպքում էլ չեն խախտվում համակեցության կանոնները: Երկու դեպքում էլ պաթետիկ ապուշություններ դուրս տալու կարիք չկա: Երկու դեպքում էլ մարդը ապրում է այնպես, ինչպես ցանկանում է` չնչին վնաս անգամ չտալով հասարակությանը:
Եվ ընդհանրապես, ժամանակն է ապրելու համացանցից դուրս, առանց աղմկոտ, անիմաստ, գարշահոտ քոմենթչիների: Վերջերս մի անեկդոտ լսեցի` ֆեյսբուքյան գրառման տեսքով` երկու ժամով ինտերնետս անջատել էին, տնեցիքի հետ շփվեցի: Պարզվեց` շատ նորմալ, կարգին մարդիկ են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել