1in.am-ը գրում է.
Ամուսնական գործակալությունների դերը մեր ժամանակներում շատ մեծ է, քանի որ չամուսնացածների թիվն է մեծ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, բացի տնտեսական, ֆինանսական և բնակարանային խնդիրներից, գոյություն ունի կյանքի ընկեր գտնելու խնդիրը, մանավանդ որ հայերն այս հարցում շատ ավանդապաշտ են: «Շվեդիայում, օրինակ, չորս ամուսնությունից պահպանվում է միայն մեկը, սակայն դա մարդկանց չի խանգարում երջանիկ լինել: Հայաստանում վերջին շրջանում բավական շատացել են ինտերնետի միջոցով ծանոթություններն ու ամուսնությունները: Շատ են նաև ամուսնալուծությունները: Հայաստանում հիմնականում ամուսնալուծվում են մեկ տարուց պակաս ամուսնացած զույգերը»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, «Երջանկության գաղտնիք» ծանոթության և ամուսնության գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանն իր հերթին նկատեց, որ թյուր է կարծիքը, թե իրենց դիմում են «անճար» մարդիկ: «Հակառակը, մեզ մոտ ամեն մարդ չի գալիս, մեզ մոտ գալիս են ինտելեկտով մարդիկ՝ մի քանի բարձրագույն կրթությամբ, ժամանակակից: Միաժամանակ, մեզ մոտ ոչ ոք ոչ ոքի ստիպողաբար չի ամուսնացնում: Գործակալություն դիմած կանայք և տղամարդիկ ներկայացնում են իրենց պահանջները: Տղամարդիկ նախընտրում են ոչ գեր կանանց, իսկ կանայք ակնկալում են, որ տղամարդը ապահովված լինի բնակարոնով և աշխատանքով: Արդեն վեց տարի է, որ աշխատում ենք: Օրինակ, անցած տարի մեր գործակալության միջոցով ամուսնացել է 60 զույգ: Այս պահին մեզ մոտ գրանցված է 1000 հաճախորդ՝ 20-ից մինչև 60 տարեկան անձինք: Մենք շատ փակ ենք աշխատում, և մեր կայքում չկա ոչ մի հաճախորդի լուսանկար կամ տվյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչ այժմ իրենց գործակալության միջոցով ամուսնացածների միայն մեկ ամուսնալուծություն է գրանցվել:
Իլոնա Բաղիշյանը չնշեց՝ որքան պետք է վճարեն հաճախորդներն իրենց մոտ գրանցվելու համար: «Միայն կասեմ, որ խոսքը հասանելի գումարի մասին է»,- ասաց նա:



