Էնպես չի, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր կյանքում ոչ մի պիտու բան չի արել։ Մի նորմալ բան արել է։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ի մի գեղեցիկ աշնանային ուրբաթ օր (wtf?, կառավարության նիստերը հինգշաբթի օրերի՞ն չեն) ընդունել է 1259-Ն որոշումն առ այն, որ ՀՀ պետական պաշտոնական շրջանառությունում պարտադիր պիտի կիրառվեն միայն յունիքոդ տառատեսակներ, և մասնավորեցրել է դրանց անվանումները։ Սույնով, էս ոլորտում ՏՏ ոլորտը առաջնային համարող մեր կառավարությունը դուրս է եկել յուրայի դարաշրջանից ու թռիչք արել դեպի քեմբրիյան դարաշրջան։ Նույն հանրապետության պետական համալսարաններից մեկը՝ Երևանինը, ճիշտ է, իր ներքին փաստաթղթաշրջանառությունն ու ակադեմիական թղթակցությունը կարող է պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության մաս չհամարել, ու դրանով իսկ պաշտոնական պարտականություն չունենալ էդ նշածս որոշմամբ սահմանված յունիքոդի կիրառման առումով, բայց բարոյական պատասխանատվություն՝ որպես գիտության կաճառ, գիտելիքի շտեմարան, առաջադեմ մտածողության օրրան (էս բառերով ու սովետի մայիսմեկյան շքերթի հաղորդավարուհու պաթոսով լի ձայնով են, չէ՞, հարիր առիթներով փառաբանում էս ու մնացած նման ինստիտուներին), պիտի որ ունենա։ Իմ համեստ կարծիքով։
Բայց չունի։
Մի երիտասարդ լավ կամրադի ձեռքին տեսա «Պետականաշինություն. հայոց և համաշխարհային փորձը» թեմայով միջբուհական ուսանողական գիտաժողովի նյութերի տպագրման ձեռնարկը (տե՛ս ստորև)։
Լավ էլ թեմա է՝ պետակաշինությո՜ւն… համաշխարհային փո՜րձ… Տեսնես էդ համաշխարհային փորձի մեջ կգտնվի՞ մի պետականաշինված այլ ազգ, երկիր, որ յունիքոդը թողած ASCII-ով գրի։ Հլա գրելը հեչ. իր գիտության գրանիտը կրծող ուսանողներին էլ նույնը պարտադրի։
Ախր էդ գրողի տարած ASCII-ի բնութագիրն իսկ հուշում է, որ դրա գնացքը ոչ միայն գնացել է, տեղ է հասել, հլա մի «սպիսատ» էլ են արել ժանգից ծակրտվելու պատճառով։ Հրես՝ ARMSCII or ArmSCII is a set of OBSOLETE single-byte character encodings for the Armenian alphabet defined by Armenian national standard 166-9. ArmSCII is an acronym for Armenian Standard Code for Information Interchange, similar to ASCII for the American standard. It has been superseded by the Unicode standard.
Էն կարմիրով որ նշել եմ է՝ «Obsolete», գիդում ե՞ք ինչ ա նշանակում։ Հրես՝
Էս հլա մի կողմ։ Իմ շատ սիրելի ԵՊՀ-ի շատ հարգելի ներկայացուցիչներ։ Կբացատրե՞ք՝ էն դեղինով նշածս երկրորդ պայմանն ինչ կցուցանե։ KDWin՝ Armenian Phoetic։ Որ էդ խեղճուկրակ զեկուցողը, համոզված եմ՝ նաև թեզ պաշտպանողը Typewiter ստեղնաշարով գրի, կամ winkeys-ով, կամ, ասենք, unicode-ով գրի, հետո ձեր խոնարհ ծառայի փոխարկիչով, կամ առկա այլ փոխարկիչներից որևէ մեկով տեքստը ձեր ուզած տառատեսակին՝ Arial Armenian-ին հարմար ASCII-ի OBSOLETE ստանդարտին փոխարկի ու էտենց մատուցի, դրա մասին իմանալո՞ւ եք։ Պայծառատեսի հաստիք կա՞ սիրելի ԵՊՀ-ում։ Էդ՝ ոնց որ ձեռագիր գրողին պայման դնեք, թե անպայման աջ ձեռքով կգրես ու գրելուց էն ազատ ձեռքով հանկարծ գլուխդ կամ քամակդ չքորես։
Սիրելի՛ մայր ԲՈՒՀ, էդ «հնացեալ» ատավիզմից վաղուց ազատվելու ժամանակն է։ Կարծում եմ՝ հետս համաձայնվողներ կլինեն։ Իսկ ազատվելու արդի եղանակներ, հրեն, լիքը (օրինակ՝ սա)։ Տառատեսակներ էլ լիքքը։ Էլ չեմ ասում, որ windows 8-ում արդեն ներկառուցված շատ տառատեսակներ հայերեն են պարունակում։ Օրինակ՝ Times New Roman-ը, Segue UI-ը, Verdana-ն, Tahoma-ն՝ դեռ windows 7-ից։
Հուսով եմ՝ շուտով էս անիմաստ ու հնացած պահանջները կթարմացվեն։