Մոտենում է Եվրոյի այնքան սպասված եզրափակիչը, եզրափակչի մի մասնակիցն արդեն հայտնի է. Եվրոպայի և Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որը պորտուգալացիների դեմ շատ ծանր խաղում կարողացավ նվաճել եզրափակչի բաղձալի ուղղեգիրը: Մյուս ուղեգրի համար պայքար են մղելու Գերմանիայի և Իտալիայի հավաքականները:
Գերմանիա: Ֆուտբոլային վերլուծաբաններից ու մեկնաբաններից շատերի կարծիքով այս առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդը Գերմանիան է: Գերմանիան մրցաշրջանի միակ թիմն է, որը բոլոր խաղերն ավարտել է հաղթանակով, Իսպանիայի հավաքականի հետ միասին խփել է ամենից շատ գնդակ: Բացի այս կարելի է առանձնացնել նաև այն հանգամանքը, որ թիմի ամեն մի խաղային օղակ գործում է գերմանական ճշտապահությամբ` պաշտպանությունը իր բարձունքում է գտնվում Լամի գլխավորությամբ, կիսապաշտպանական գծում փայլուն են գործում Խեդիրան, Շվայնշտայգերը, Օզիլը, Մյուլերը, իսկ հարձակման գծում Գոմեսն է, իհարել պետք չէ մոռանալ նաև Միրոսլավ Քլոզեին:
Գերմանացի մասնագետներից շատերն այն կարծիքին են, որ իսկական ձախողում կլինի ունենալ այսպիսի հզորագույն թիմ և չդառնալ Եվրոպայի չեմպիոն: Կարծես թե բոլոր պայմանները կան գերմանացիների հաղթանակի համար, բայց դրան խանգարում է մի մեծ խոչընդոտ` Իտալիան:
Հատկանշական մի հանգամանք` Գերմանիա-Իտալիա հանդիպումներ պատմության մեջ եղել են 7 անգամ, որից 4-ն ավարտվել է ոչ ոքի, իսկ 3-ը Իտալիայի հաղթանակով: Գերմանացիներին ոչ մի անգամ չի հաջողվել հաղթել Իտալիային: Վերջին հանդիպումը այս երկու հավաքականների միջև տեղի է ունեցել 2006 թվականին, որտեղ Իտալիան հաղթել է 2:0 հաշվով: Կարծես թե գերմանացիները նախորդ խաղերում կրած պարտությունների համար ռևանշի հնարավորություն ունեն: Կկարողանա՞ն գերմանացիները վերջ դնել իրենց համար այդքան տխուր վիճակագրությանը, թե՞ այս անգամ էլ Իտալիան կհաղթի: Այս հարցի պատասխանը կստանանք միայն խաղի ավարտին:
Իտալիա: Իտալացիները ԵՎՐՈ 2012-ին մոտեցան խիստ ծանր պայմաններում` սկանդալներ, վնասվածքներ, դժգոհություններ: Սակայն Չեզարե Պրանդելին կարողացավ այս բոլոր խոչընդոտները հաղթահարել, և ահա գերմանական մեքենայի դեմ կանգնած է ոչ պակաս հզոր մեկ այլ մեքենա, որը կյանքի ու մահու կռիվ կտա հաղթանակի համար:
Իտալիայի հավաքականի դեմքը կարելի է համարել Պիրլոյին, իտալացի այս լեգենդը շարունակում է փայլել ու իր հետևից տանել թիմակիցներին: Եվրո 2012-ի ամենագեղեցիկ դրվագներից մեկը հենց Պիրլոյի իրացրած 11 մետրանոցն էր: Լավ մարզավիճակում է նաև Դե Ռոսին, նա լավագույն ունիվերսալ ֆուտբոլիստներից է և´ կարող է խաղալ պաշտպանությունում, և´ կիսապաշտպանությունում, և´ կենտրոնական հարձակվողի դիրքում: Պրանդելիի թիմը խնդիրներ չունի կազմի հետ և խաղադաշտ դուրս կգա առանց կորուստների: Միայն Մաջոն չի խաղա, որը մեծ կորուստ չէ:
Հուսանք իտալացիները չեն խաղա պաշտպանողական խաղ, այդպիսի ցանկություն է հայտնել նաև Իտալիայի հավաքականի մարզիչը: Ինչպես Պրանդելին է ասել, Իտալիայի հավաքականը չի կարող իրեն թույլ տալ անցնել խոր պաշտպանության:
Կարելի է եզրակացնել այս ամենից, որ մեզ այսօր սպասելու է դիտարժան հանդիպում:
Հ.Գ.
Գրե´ք Ձեր կանխատեսումները հաշվի վերաբերյալ մեկնաբանություն թողնելով: