1in.am-ը գրում է.
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Աֆղանստանի հետ մինչև նախագահ Համիդ Կարզայի ղեկավարման ավարտը անվտանգության մասին երկկողմ երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումը հետաձգելու հնարավորությունը: Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, փաստացի կորցնելով ներկայիս աֆղան առաջնորդի հետ այդ համաձայնագրի ստորագրման հույսը՝ Վաշինգտոնում որոշել են սպասել մինչ ապրիլին տեղի ունենալիք նախագահական ընտրություններ:
«Եթե նա (Կարզայը) չի ցանկանում լինել առաջարկված լուծման մաս, մենք ստիպված ենք մտածել, թե ինչպես գործել նրանից հետո»,- մեջբերում է պարբերականը ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը:
Համաձայնագիրը, որն իրավական բազա է ստեղծում 2014-ից հետո Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների գտնվելու համար, արդեն համաձայնեցվել է աֆղանական ղեկավարության հետ, նույնիսկ հավանության արժանացվել ավագների համաաֆղանական խորհրդի կողմից, սակայն նախագահը հրաժարվում է ստորագրել այն:
ԱՄՆ-ն առաջարկում է Աֆղանստանում թողնել մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող, որոնք աֆղանական բանակին կօգնեն թալիբների դեմ պայքարում:



