«Սառչող քաղաքում» հիմա էլ են սառչում

 

 

 

Փետրվարի 9-ին կիրակնօրյա «Հայլուրն» ամփոփելով վանաձորյան եռօրյա «արտակարգ իրավիճակը» (ես կասեի՝ սուպերարտակարգ, քանի որ արտակարգ վիճակը մշտապես է), նշեց, թե քաղաքն անցել է «բնականոն կյանքի»: Ընդ որում՝ արտակարգ իրավիճակում (գազի պայթյունի հետեւանքով գազամատակարարման դադարեցում, էներգետիկ ավելի մեծ ու տեւական անջատումներ, քան՝ սովորաբար, էներգիայի մատակարարման դադարեցում հիմնարկներում՝ ներառյալ հիվանդանոցներն ու դպրոցները, մանկապարտեզները, ջրամատակարարման խափանումներ ու ջրատար խողովակների սառեցում), սակայն այդպես էլ չխոսվեց այն մասին, որ հացի փռերի մեծ մասը գազամատակարարման բացակայության պատճառով հաց չէին թխում, եւ միայն եզակի արտադրամասեր էին կարողանում հաց մատակարարել խանութներին, ինչն էլ մեծ արագությամբ սպառվում էր: Ընդհանրապես, հանրապետական հեռուստաընկերությունները կամ ընդհանրապես չանդրադարձան հացի թեմային, կամ շատ հպանցիկ անդրադարձան, սակայն խնդիրը հիմա դա չէ, այլ այն, որ եռօրյա «արտակարգ վիճակի» համեմատությամբ, բնականաբար, մնացած արտակարգ վիճակները «բնական» ու «բնականոն»  կարելի է համարել, ինչպես, օրինակ, այն, որ  մարդիկ  20 տարուց ավելի է՝ առավելապես էլեկտրական վառարանների ու փայտի միջոցով են բնակարանները ջեռուցում, իսկ վերջերս թանկացած գազի պայմաններում իրենց չեն կարող շռայլություն թույլ տալ այնքան, որ բնակարաններում ջերմաստիճանը պլյուս 10-ից բարձրանա: Դիցուք, բնակչության մեծ մասի բնակարանները գազիֆիկացված են (ի տարբերություն 90-ականների, երբ  ողջ հանրապետությունում գազամատակարարում չկար), բայց քանի՞ ընտանիք կարող է իրեն թույլ տալ գազի թանկարժեք վառարաններով ու «բաքսի»-ներով տաքացնել բնակարանները: Չէ՞ որ խոհանոցային գազօջախը դեռ ջերմության երաշխիք չէ, այն հիմնականում կերակուր կամ խմորեղեն  պատրաստելու  միջոց է, որի ընթացքում էլ խոհանոցում գտնվողները հնարավորություն ունեն տաքանալու, ասենք՝ մի փոքր ջերմություն էլ ժամանակավորապես փոխանցվեց սենյակներին, բա հետո՞: Մի՞թե հնարավոր է պլյուս 10 ջերմությունը «նորմալ» համարել՝ ցրտաշունչ ձմռան ու սառնամանիքի պայմաններում, երբ որ «կազարմային» ջերմաստիճանը 17-ն է համարվում:Կարելի է այս առնչությամբ անգամ հարցումներ կազմակերպել, պարզելու, թե բնակչության մեծամասնության բնակարններում քանի՞ աստիճան ջերմություն կա, ի՞նչ են վառում եւ ինչքան. կարծում եմ, պատկերը շատ տխուր կլինի: Իսկ կենտրոնացված ջեռուցման բացակայությունը հանգեցնում է մեծ թվով հիվանդությունների ու անժամանակ մահացությունների: Եվ մինչ խորհրդարանում, ընդդիմության նախաձեռնությամբ թեժ քննարկումներ են գնում գազի անհիմն թանկացման առնչությամբ (որ առայժմ լեզվակռվից ու փոխադարձ ռեպլիկներից այն կողմ չի անցնում), բնակչության գերակշիռ մասն «անապահով Հայաստանում» շարունակում է սառչել ու մտածել գոնե մինչ հաջորդ ձմեռ հանրապետությունից հեռանալու մասին: Մի ռեպորտաժում էլ մանրամասն վերլուծությունից հետո ամփոփվեց, որ գազը ձեռք է բերվում 310 դոլարով, բայց այդպես էլ չպարզաբանվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ բնակչության վրա վաճառվում է 390դոլարով: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն արդեն քանի տարի է՝ բանտում է, այն բանի համար, որ երկրին ոչ ձեռնտու գնով գազ ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել, մինչդեռ Հայաստանում առ այսօր որեւէ մեկը չի պատժվել կա՛մ թանկ գնով պայմանագիր կնքելու, կամ էժան ձեռք բերելու, բայց շատ թանկ վաճառելու համար: Գազի թանկացման ու պայմանագրի առթիվ քննարկումներն էլ այնքան կձգձվեն, մինչեւ կդառնան «ջուրծեծոց». այնպես, ինչպես 1998 թվի իշխանափոխությունից հետո ստեղծված «մազութի հանձնաժողովը», որի աշխատանքի արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին. ի վերջո եղե՞լ էր «մազութի թալան», թե՝ ոչ:                                      

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել