Yerevannews.am-ը գրում է.

«Սարդարապատ» հուշահամալիրի թանգարանի աշխատողներին ստիպողաբար տարել են բանկ՝ կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը: Վերջինս հայտնեց, որ իրենք պատրաստվում էին գնալ Արմավիր, սակայն տեղեկացել են, որ ուշացել են և աշխատակիցներն արդեն բանկում են: «Չհասցրեցինք գնալ, աշխատակիցներն արդեն բանկերում են: Աշխատակիցներին վախեցրել են և հիմա մեզ նույնիսկ չեն ասում, թե որ բանկում են»,-ասաց Արտաշեսը:

YerevanNews.am-ը կապ հաստատեց «Սարդարապատ» հուշահամալիրի թանգարանի հետ և մեր հեռախոսազանգին պատասխանեց թանգարանի աշխատակիցներից մեկը, ով չներկայացավ և հայտնեց, որ տնօրենը տեղում չի և ինքը կարող է պատասխանել մեր հարցերին: Վերջինս հայտնեց, որ նման բան չկա և ինքը միայն կարող է ասել, որ երեկ ժողովի ժամանակ աշխատակիցները տնօրենին խնդրել են իրենց տրամադրի ավտոբուս, որպեսզի կարողանան այսօր գնալ բանկ: «Պետք է գնան բանկ, որպեսզի իրենց էդ գործարքներն անեն»,-ասաց թանագարանի աշխատակիցը:

Մեր այն հարցին, այս պահին աշխատակիցները բանկո՞ւմ են, թե՞ աշխատանքի, հուշահամալիրի աշխատակիցը հրաժարվեց պատասխանել մեր հարցին և հայտարարեց, որ ինքը ոչինչ չի կարող ասել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել