Kinoashkharh.am-ը գրում է.
Քաղաքային աղմուկի չգիտես որ անկյունից եկած ու քթիդ դիպած թարմ հացի բույրը կամ ծաղկավաճառի առջև բլուրված հոլանդական երկարոտն վարդերի դեզի կողքին ծվարած մի փունջ մանուշակը վայրկենաբար կարող են մանկության գիրկը վերադարձնել քեզ։ Ու այդ պահին սրտումդ զգացած սուր ծակոցի անունը Կարոտ է։ «Ուրց. այսքան անուշաբույր եմ սկսում իմ հեքիաթը… Լեռների գրկում պահ մտած այդ հովիտն այնքան էլ հեռու չէր գյուղից, և ես ամեն օր նրա հյուրն էի։ …Գիտե՞ք՝ ովքեր էին այն ժամանակ իմ ամենագաղտնապահ ընկերները՝ լեռները և Աստղիկը։
Նրանք էին աշխարհի ամենագաղտնապահներն ու լռակյացները՝ լեռները, որովհետև չէին կարող խոսել, և Աստղիկը, որովհետև չէր կարող խոսել»։ Սա հատված է նկարիչ, 5 այլընտրանքային շարժանկաների հեղինակ Հայկ Սայադյանի «Մանկության մասին» կարոտ-հեքիաթից, որ նա գրել է 19-20 տարեկանում՝ 2000-ականներին։ Վայքում հիմա էլ կան Մոզ քաղաքի ավերակները։ Հայկի հեքիաթը նախնյաց երկրի՝ Մոզի մասին է, որ X դարում կործանվել է հրաբխից։ Հայկ Սյադյանի «Մոզ» հեքիաթաշարը ժողովրդական բանահյուսություն չէ։ Ափսոսում ես, որ հեքիաթասացը հետո՝ հասուն տարիքում չի շարունակել իր հրաշապատումները։
«Ես հպարտ եմ. ես չեմ թարգմանվում։ Չի թարգմանվում իմ գյուղի գերեզմանոցում ննջող խնկահոտը, ու չեն թարգմանվում ուռենու պոկված ճյուղի արցունքները, որ ծորում են Աստղիկի սրունքն ի վար, չեն թարգմանվում վանքի պատերն ի վեր ճողոպրող մողեսներն, ու Խչոյի դուդուկը չի թարգմանվում»,- իր հեքիաթում գրում է Հայկ Սայադյանը։ Հայկը նկարիչ է, ու «Մոզը» նկարչական կտավ է, որի հիման վրա նա ստեղծում է այլընտրանքային ֆիլմեր. իր հրաշապատումների կերպարներին գործողության մեջ է դնում հենց իր տանը։ Մատիտով, ջրաներկով թղթի վրա պատկերում է իր հերոսներին, ու հյուսվում է մի նոր պատմություն, այս անգամ՝ շարժանկար։ Նկարիչ-հեքիաթասացն անիմացիայի կանոններով չի առաջնորդվում.
«Հնչող պատկեր ու պատկերազարդ հնչյուն. ինչո՞ւ են իմ հեքիաթները, նկարներն ու ֆիլմերն այլընտրանքային՝ ալտերնատիվ. որովհետև իմ ասելիքն ավելի շուտ է հասնում հանդիսատեսիս այլընտրանքային ընկալուչներին ու զգայարաններին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ