Երևի թե շատերն են երեկ դիտել Իսպանիա - Պորտուգալիա կիսաեզրափակիչ խաղը, որը շատերի մոտ տարբեր ազդեցություն է ունեցել: Եվրոպայի առաջնության ամենանյարդայնացնող խաղը կայացավ երեկ, և մեզ` երկրպագուներիս, շատ մեծ ուժ ու ավյուն էր հարկավոր` այդ խաղը դիտելու համար:
Իհարկե, Իսպանիայի հավաքականն ի սկզբանե համարվում է այս առաջնության ֆավորիտը, սակայն երեկ պորտուգալացիներն այնպիսի խաղ խաղացին, որ ապացուցեցին, որ նվազագույնը ոչնչով չեն զիջում իրենց մրցակցին:
Պիրենեյան թերակղզու երկու հավաքականների հանդիպումն ստացվեց բավականին հավասար` երբեմն-երբեմն առավելությունը փոխվելով Պորտուգալիայի կողմը: Ճիշտ է, հաղթեց Իսպանիայի հավաքականը, ու ոչ ոք չի կարող ասել, թե նրանք արժանի չէին այդ հաղթանակին, բայց ամենևին էլ չեմպիոնին ու եզրափակիչ դուրս եկած թիմին վայել խաղ չխաղացին, ավելին` հավաքականն ընդհանրապես այդպիսի խաղ չի խաղացել այս առաջնությունում` հաշվի առնելով մշտական 1-0 հաշիվներն ու խաղացողների ցուցադրած տաղտկալի ֆուտբոլը:
Իսկ ահա Պորտուգալիան, որին կարող ենք միանշանակ համարել այս առաջնության լավագույն թիմերից մեկը, ամբողջ մրցաշարի ընթացքում խաղաց գերազանց ֆուտբոլ, հարձակվողական ֆուտբոլ, որ երկրպագուին միշտ պահում է զգոն ու ստիպում ամեն պահի պատրաստ լինել գոլը տոնելուն:
Իսկ հիմա երկրպագուի համար ո՞րն է ավելի կարևոր` դիտել անմխիթար ֆուտբոլ` նախընտրածդ հավաքականի կատարմամբ, թե՞ պարտվել` գերագույն հաճույք ստացած քո երկրպագած թիմից: Չգիտեմ` ով որ տարբերակն է նախընտրում, բայց ես, չլինելով ոչ Իսպանիայի, ոչ էլ Պորտուգալիայի հավաքականի երկրպագու, կնախընտրեի երկրորդ տարբերակն ու գլուխս բարձր պահած` դուրս կգայի մրցաշարից, քանի որ իմ թիմը հաճույք է պատճառել երկրպագուին, ստիպել է լցնել աչքերը, ուրախանալ ու երբևիցե չփոշմանել, որ ընտրել է հենց այդ հավաքականը:
Իսպանիայի ընտրանուն մաղթում եմ հաջողություն նաև եզրափակչում, սակայն գերմանացիների` Իտալիային հաղթելու դեպքում Իսպանիան պետք է մի քանի անգամ ավելի զգոն լինի. գերմանական ֆուտբոլը պորտուգալական չէ, ու այստեղ անուններն ու ճանաչումը ոչնչի մասին չեն խոսում. այստեղ կա պահ ու վերջինիս ճիշտ իրացում, որից չի կարող փրկվել անգամ Իսպանիայի` արդեն ջղայնացնող ու գժվեցնող ֆուտբոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել