1in.am-ը գրում է.

Նոր Խարբերդում երկրորդ փողոցի 16-րդ տունը հեռու է տան մասին մեր պատկերացումներից: Բաղնիքի մասին երազում են, ջուր ու լույս էլ հազվադեպ են ունենում: 1998-ից առ այսօր ընտանիքն ապրում է այս պայմաններում, երբ Շենգավիթում տունը վաճառեցին և տեղափոխվեցին Նոր Խարբերդ:

«Դժվար է, ահավոր դժվար: Ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը իմ նման դժվարություններ քաշի: Հինգ տարվա մեջ տղա կորցրի, մայր կորցրի, երկու որդիներս էլ ազատազրկված են ոչ լավ կյանքի պատճառով: Սա ապրել չէ, չեմ ցանկանա, որ որևէ մեկը իմ բախտին արժանանա»,- արտասվելով պատմեց տանտիկինը՝ Հռիփսիմե Սաֆարյանը:

Նա ապրում է փոքր որդու և չորսամյա թոռնիկի՝ Մարիայի հետ: Տատիկը պատմեց, որ չորս ամսականից երեխայի մայրը լքել է նրան, և մինչև այսօր ինքն է երեխային մեծացնում:

«Սկզբում հինգ երեխաներիս հետ էի: Մեծ տղաս ամուսնացել է, դարձյալ վատ սոցիալական պայմաններում են: Ես էլ չեմ կարողանում գնալ աշխատել, քանի որ երեխային չեն վերցնում մանկապարտեզ՝ պատճառաբանությամբ, թե երեխան գրանցված չէ, իսկ ես էլ պետք է խնամակալություն դասավորեմ: Ես չեմ կարողանում այդ ամբողջ գործողությունը կատարել, որովհետև գումար չկա: Շատ անապահով եմ, շատ...»,- ասաց տիկին Հռիփսիմեն:

Ընտանիքը ո՛չ թոշակ, ո՛չ էլ նպաստ է ստանում, ինչպես տանտիկինն է ասում՝ մի թեթև գոյատևում ենք, ոչ թե ապրում:

Էլեկտրացանցի հետ պայմանագիր է կնքել, ամեն ամիս տասը հազար դրամ մուծում է, թեև պարտքը չի թեթևանում: Հիմա մոտավորապես 70.000-ի չափ էլեկտրաէներգիայի գումար ունեն պարտք: Ջուր չունեն, խողովակները սառել են, և տիկին Հռիփսիմեն հեռու տեղերից է ջուր «կրում»:

Խանութների պարտքն էլ 150.000 դրամ է: Նա նշեց, որ երեխային բացառապես ինքն է պահում, կողքից էլ բարի մարդիկ ապահովում են հագուստով. «Մայրը... Պետք է զանգեմ աղաչեմ, խնդրեմ, որ մի քանի ամիս հետո գա իր երեխային մեկ անգամ տեսնի, մի կոնֆետ բերի...»,- հուզված նշեց կինը՝ հավելելով, որ թոռնիկը՝ Մարիան, մարտի 18-ին չորս տարեկան է դառնալու:

Փոքրիկ Մարիան ամբողջ օրը տատիկի հետ է, առանց նրա մի րոպե անգամ չի մնում: Մեր այցելության ժամանակ էլ ամուր գրկել էր տատիկին. «Ձեզնից վախենում է, մտածում է՝ եկել եք իրեն տանեք, մի անգամ մայրը խաբեց տարավ, հետո երեխային երբ բերեց, մեկ շաբաթ անկողնում ջերմում էր...կարոտել եր»,- ասաց տատիկը՝ հավելելով, որ գիշերը Մարիան իր կողքին է քնում, ձեռքը դնում տատիկի երեսին ու նոր միայն քնում. «Առանց ինձ երեխան չի կարողանա, առանց ինձ հնարավոր չէ...»,- լաց եղավ նա:

«Լինում է` ցամաք հաց ենք ուտում, լինում է` ջրիկ ճաշ եմ սարքում, կրուպեղեն, որ երեխան մենակ ցամաք չուտի: Ցախը վերջացել է, շատ ցուրտ տարի էր, հոկտեմբերից ցախը միացրել ենք, հիմա վերջացել է, դաշտերից, ծիրանանոցից գնում եմ ցախ եմ բերում, վառում ենք, տաքանում, բաղնիքի մասին կարելի է երազել»,- ասաց նա:

Ի հավելումն բոլոր դժբախտությունների` այս աղքատ ընտանիքի տունը մի քանի տարի առաջ թալանել են, երեք դոշակ են տարել, վարագույրները և սառնարանի շարժիչը: Կարելի է ասել` թալանել է նաև էլցանցի նախկին տեսուչը: Տիկին Հռիփսիմեի պատմելով` էլեկտրիկը նախկինում փողը վերցրել է առձեռն ու գնացել, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տարիուկես ամեն ամիս վճարած գումարը չի փոխանցվել տան հաշվեհամարին: Արդյունքում էլեկտրաէներգիայի հսկայական պարտք է կուտակվել:

Տունը ունի նաև սեփականաշնորհման խնդիր: Թաղապետը թեև խոստացել է ամեն ինչ անել, բայց գումարի պատճառով, մոտավորապես երկու հարյուր դոլար է պետք սեփականաշնորհման համար, դա չի կարող անել: «Ես անգամ խնամակալության հետ կապված խնդիրը չեմ կարողանում լուծել, երբ այդքան քիչ գումարի հետ է կապված, երկու հարյուր դոլար ինչպես տամ»,- ասաց նա:

Դժբախտ կինը երեք տարի առաջ էլ որդուն է կորցրել վրաերթի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել