Tert.am-ը գրում է.
Եթե տարվա այս եղանակին Արմավիրի մարզում գյուղացին նախապատրաստվում էր գարնանն ու գարնանացանի, առու էր փորում, այլ նախապատրաստական աշխատանքներ իրականացնում, ապա այժմ նման աշխատանքներ չեն իրականացվում, ոչ մի ոգևորություն չկա, շատերն էլ հող չեն մշակելու: Այս մասին Tert.am-ին ասաց Արմավիրի մարզի բնակիչ Ասատուր Հայրապետյանը:
«Մարդիկ առաջ առուներ էին մաքրում, պատրաստում, բայց հիմա նման բան չենք տեսնում, որովհետև մարդիկ արդեն հույսը կտրել են: Հիմա մի բան ասեմ՝ Դուք եզրակացրեք. եթե մարդը իր 50 հա հողը տալիս ա ուրիշին, մենակ ինքը չմշակի, էդ չի նշանակո՞ւմ, որ էդ մարդը չի ուզում իր հողը մշակի»,-ասաց Ասատուր Հայրապետյանը և հավելեց, որ հող հանձնած գյուղացին գնում է՝ ուրիշ տեղ «բանվորություն է» անում:
«Ու ասեմ՝ սկսել են Ղարաբաղ գնալ. մի 12 հոգի մեր գյուղից գնացել են»,-տեղեկացրեց Արմավիր մարզի բնակիչը:
Վերջինիս խոսքով՝ ինչքան էլ օգնություն կազմակերպվեց, Կառավարությունը հետաձգեց կարկտահարության պատճառով տուժած մարզի բնակիչների գյուղատնտեսական վարկերի տոկոսները, միևնույն է՝ այդ վարկերը գումարվելու են այս տարի վերցվելիքի վրա:
«Նորից տոկոսին տոկոս է գումարվելու, ու էս տարի ավելի ենք ընկնելու տոկոսի տակ: Դրանք հնարավոր չէ գյուղատնտեսությամբ վերցնել, մարդիկ էնքան տոկոս են վերցրել, որ մի մասն արդեն հույսները կտրած՝ Հայաստանից գնացել է»,-ասում է գյուղացին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ իրենց տարածաշրջանի՝ Ապարանի մասով է հաստատում պնդումը, որ գյուղացին գերադասում է չցանել: Ըստ նրա, եթե գարնանացանի ժամանակ 10-15 տոկոսը չեն մշակում հող, ապա աշնանացան անում է 1-2 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



