1in.am-ը գրում է.
Բրիտանական Barclays բանկը սկսել է իր 27 հազար հաճախորդների տվյալների արտահոսքի հետաքննությունը, որը կարող է համարվել խոշորագույնը պատմության մեջ՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականը տվյալների հրապարակման մասին տեղեկատվությունը ստացել է անանուն իրազեկիչից, ով նախկինում եղել է բրոքերական ընկերության աշխատակից, որն աշխատել է Barclays-ի տվյալների հետ:
Նրա խոսքերով՝ շուրջ 27 հազար մարդկանց գաղտնի տվյալները վաճառվել են սև շուկայում՝ թրեյդերներին, որոնք, ելնելով իրենց շահերից, Barclays-ի հաճախորդներին առաջարկել են ռիսկային ներդրումներ:
Հաճախորդների վրա «նոր գործի» արժեքը հասել է 50 ֆունտի՝ այն դեպքում, երբ երկրորդային շուկայում դրանք գնահատվել են 8 ֆունտ: Բանկում նշել են, որ նախնական տվյալներով՝ արտահոսքը կապված է ֆինանսական պլանավորման հետ, որը փակվել է 2011թ.:
Եթե Barclays-ը ստանձնի իր հաճախորդների մասին տեղեկատվության արտահոսքի պատասխանատվությունը, վարկային հաստատությանը կարող է սպառնալ բազմամիլիոնանոց տուգանք: Միացյալ Թագավորությունում բանկային հաճախորդների անձնական տեղեկատվությունը պաշտպանված է հատուկ օրենքով (Data Protection Act):



