Այսօրվա ասուլիսին ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է. «Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքի հարցում, առավել ևս՝ մեր քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ինչ եղավ 1990-աններին իրենց ավանդների հետ: Իմ պատկերացումներով՝ մենք այսօր լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, մենք ավելի պետք է հստակեցնենք մեր մոտեցումները, չգիտեմ՝ ինչքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5%-ից, այլ ոչ թե 2%-ից…. Երաշխիքներ պետք է լինեն, մի խոսքով, շատ խնդիրներ կան»,- ասել է Մարգարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ իրենք զրկում են քաղաքացիներին սեփականության իրավունքից: 

Փաստորեն, նույնիսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքին կողմ քվեարկած ՕԵԿ-ականն է հասկանում, որ այս օրենքն անընդունելի է, և պարզապես խախտում է Սահմանադրությունում ամրագրված սեփականության իրավունքը:

Եվ այս հարցում խոսքը ոչ թե այն մասին է, որ այս համակարգն ընդհանրապես անընդունելի է, այլ նաև այն, որ անընդունելի է հատկապես երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական պայմաններում, երբ ժողովրդի վստահությունն իշխանական համակարգի նկատմամբ արդեն 0-ից էլ ցածր է, երբ իշխանություններն այս երկիրը դիտարկում են որպես ժամանակավոր խոպան (եկեք գոնե հիշենք, թե քանի անգամ է երկրի ղեկավարը բացակայել երկրից, և ոչ մեկ չէր իմանում, թե որտեղ է նա), երկրում սարսափելի գնաճ է նկատվում, աղքատության մակարդակը, միայն պաշտոնական տվյալներով, 36 տոկոս է, հարկային օրենսդրությունը քամում է մարդկանց «հյութերը», երկրի կարևորագույն ռազմավարական ունեցվածքը վաճառվում է այլ երկրներին («ՀայՌուսգազարդ», «Որոտան հէկ»), իշխանությունների անհետևողական քաղաքականության պատճառով մեր երկիրը զրկվում է արտերկրյա ֆինանսական ներդրումներից (օտարերկյա ներդրումների ծավալները 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են 62.1 տոկոսով), մարդիկ ամեն օր ստիպված են դուրս գալ փողոց` պայքարելու իրենց իրավունքների համար, երկրի առաջին դեմքերն իրենց քմահաճույքների համար միլիոններ են ծախսում (հիշենք գոնե վարչապետի կողմից վարձած ինքնաթիռի պատմությունը), երկրի արտաքին և ներքին պարտքերն ապշեցուցիչ տեմպերով աճում են, էլ չեմ խոսում տարատեսակ օֆշորային պատմությունների մասին և այլն: 

Մի խոսքով, այս շարքը կարելի է շարունակել։ Դե հիմա բացատրե՛ք՝ ինչպե՞ս կարելի է մեր անձնական միջոցները վստահել այս իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել