Թվում էր, թե արևը բարեխղճորեն իր գործը արել էր ու երևի թինկ տված ինչ-որ մի երկնային առարկայի, գոհ իր ներկայությունից, հանգստանում էր:
Շուրջը հնարավորինս չափ լուսավոր էր, բայց աչքերը ոչինչ չէին տեսնում, աչքերից սողալով իջնում էին աղեհամ ջրի կաթիլներ ու քայլերին համաչափ ծնոտից կաթում գետնին:
Ընդամենը տասը րոպե առաջ Տիեզերքում կատարվել էր ինչ-որ սխալ, ինչ-որ անհասկանալի մի բան ու ցավ պատճառել…
Կյանքն այնքան գաղտնիքներ ունի որ… 
Արցունքների միջից միայն այգին էր երևում, շատ լղոզված պատկերներով՝ դատարկ նստարաններ ու արևի ներկայությամբ չարություններ անող մի թեթև քամի:
Թաշկինակով մաքրեց արցունքներն ու զգաց, որ ոտքերն առաջ էլ չեն կարող գնալ:
Հանկարծ աչքին ընկավ նստարաններից մեկի վրա նստած մի հնամյա ծերուկի՝ ոտքից գլուխ ստիտակ, ճմրթված շորերով ու, չգիտես՝ ինչու, նստեց հենց այդ նստարանին:
Վերջին վեց ամսվա կյանքը տեղավորվեց նստարանին արդեն անտարբեր ինչ որ բան ընկալելու:
- Նեղացրե՞լ են:
- Ըհը…
- Պարզ է, սիրած տղամա՞րդը:
- Ըհը…
- Եվ ինչ, հրաժարվե՞ց, վախեցա՞վ, թե ասաց, որ ուրիշին է սիրում:
- Ըհը…
- Պարզ է, սովորական երևույթ:
Զարմացած նայեց ծերուկին, որի համար կորուստն ու ապրել չցանկանալը սովորական երևույթներ են:
- Երկա՞ր եք հանդիպել:
- Վեց ամիս:
- Ասաց, որ չի ցանկանում հայր լինել, որ դեռ պետք է վայելի կյանքը, թե՞:
- Նման մի բան…
- Պարզ է, դաժան է, հասկանում եմ, միգուցե ուրիշին է սիրում, միգուցե չի հասկանում, միգուցե չի սիրել, այլ օգտագործել է քեզ…
- Լռիր, խնդրում եմ, այդպես ստացվեց, կարևորը, որ ես եմ սիրում, պատրաստ եմ ամեն ինչի…
- Պարզ է, արցունքներն այստեղ չեն օգնի, հարկավոր է գործել:
- Այսի՞նքն:
- Կցանկանա՞ս նորից ապրել այդ վեց ամիսը՝ իմանալով, որ նույն ավարտն է ունենալու:
- Ի՞նչ:
- Դու լսեցիր, ես Արևի հովանավորն եմ, կարող եմ միջնորդել, եթե իհարկե ցանկանաս անկեղծ: Դժվար կլինի վերջաբանի կրկնությունը, բայց կյանքն է այդպիսին, դե՞:

Նորից լինել նրա գրկում, ձեռքերով ամուր փաթաթվել նրա պարանոցին, շուրթերով սեղմվել, զգալ քեզ հաճելի մարդու բույրը, զարմանալ կատարելիության չափ կերտված մարմնի ջերմության վրա…
Լինել նրանից անբաժան մի ֆիզիկակական մարմին, հոգին խառնել նրա հոգուն ու այդ խառնուրդն ընդունել քո մեջ, զգալ տիեզերքում քո տեղն ու երջանկությունից անվերջ շշնջալ. 
- Էլի, էլի…մի գնա…իրո՞ք շուտ կգաս, խնդրում եմ, մի նայիր այդպես…ի՞նչ, սո՞ւրճ, հիմա կբերեմ սիրելիս, միայն թե չքնես…մի խաղա մազերիս հետ…
Նայել նրան քնած վիճակում, տեսնել նրա հաճույքից բավարարված ժպիտը, հասկանալ, որ առանց նրա ամեն ինչ դառնում է անիրական ու դատարկ…
Նորից ապրել բաժանման զզվելի պահն ու հասկանալ, որ ուրախության արցունքներից բացի, կան նաև ցավեցնող արցունքներ՝ դառը ու դաժան:
Հասկանալ լքված լինելու անիմաստ մի իրավիճակ, երբ ամեն ինչ կանգ է առնում…
Պայուսակը բացեց, հանեց ծխախոտի տուփն ու մեկնեց ծերուկին:
- Չէ, ես չեմ ծխում, - ծերուկը մի քիչ հեռու քաշվեց նստարանի վրա:
Վառեց ծխախոտն ու ծուխը ներս քաշեց:
Այդ պահին ինչ-որ բան կատարվեց ներսում, մի հաճելի ու հարազատ անհասկանալի բան, կարծես Արևը, բան ու գործը թողած, վազելով մոտեցավ ու առանց հարցնելու արագ լցվեց իր մեջ, սահեց կոկորդով, տաքացրեց կրծքերն ու լցվեց փորը…
Հեռվից, բայց շատ պարզ ու հստակ, Առաջին անգամ լսեց կյանքում երբեք չլսած մի ձայն.
- Մա՛մ, մի ծխիր էլի…
Ծխախոտը շպրտեց գետնին:
Ձեռքը դրեց փորին, ժպտաց, մտածեց. 
«Աղջիկ է», նայեց ծերուկի ժպտացող աչքերին, ինքն էլ ժպտաց:
Ծերունին նրա ժպիտը երևի այլ կերպ հասկացավ ու հարցրեց.
- Իհարկե, չես ցանկանա նորից ապրել այդ վեց ամիսը, լսել քեզնից հրաժարվելու նրա.., ես քեզ հասկանում եմ:
- Սխալ ես հասկացել, իհարկե ցանկանում եմ, ցանկանում եմ…
Բղավոցից ծերունին երկու ափերով փակեց ականջները:
- Լա՞վ ես մտածել, վերջնակա՞ն:
Ձեռքը փորից չէր հեռացնում, անընդհատ ժպտում էր:
- Լավ եմ մտածել:

Մաքրեց աչքերը, նայեց կողքը, որտեղ ծերունին էր նստած ու զարմացավ:
Ծերունու փոխարեն մի չորացած, դեղին տերև էր նստարանի վրա:
Նորից լսեց արդեն հարազատ դարձած բարակ ու երգեցիկ մի ձայն. 
«Մա՛մ, մրսում եմ, գնանք տուն»:

Արևն իր գործը բարեխղճորեն կատարած, դանդաղ հեռանում էր՝ իր ետևից քարշ տալով դեղին շորի փեշերը, որի վրայով դեպի տուն էին շտապում սպասումի երկու էակներ, որոնցից մեկը խոսում էր, իսկ մյուսը՝ լսում… 
Դեռ աշխարհ չեկած, բայց իր ներկայությունը ցուցադրած փոքրիկ ու թանկագին էակը թաթիկներով ու տոտիկներով համաձայնության նշաններ էր անում:

- Ով սիրում է, նա երբեք ոչինչ չի կորցնում, դա պարգև է, ամենաթանկ բանն աշխարհում, միայն հանուն նրա, հանուն քեզ, որ ապրում եք սրտիս մեջ, հարկավոր է ապրել…
կրկին ապրել… 

Ս.Ումառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել