«Ոսկին ավելի շատ հոգիներ է սպանել, քան երկաթը` մարմիններ»
Վ.Սկոտտ
Ես
Դողացող մատներդ համր չեն: Զրուցում են մարմնիս հետ, պատմում, որ ինչ-որ մի տեղ իրար սիրո խոսքեր են շշնջում տղան ու բարդին:
Որ ինչ-որ մի տեղ երկու սևազգեստ կին ծաղիկ են դնում իրենց հիշողության գերեզմանին:
Դողացող մատներդ ամուր են ու փորփրում են իմ հող-մարմինը` անցյալիս հուշերն իմանալու բուռն համառությամբ:
Դողացող մատներդ այնքան երկար են, որ կարողանում են իմ անցյալի մութ քարանձավից հանել ու զոհասեղանին շպրտել իմ նախկին Սերը…
Դողացող մատներդ հասան շուրթերիս..
- Ասա՛, որ սիրում ես, ասա՛:
- Լա՛վ էլի, ես քեզ այդ մաշված բառերի փոխարեն ասում եմ` «Դու ինձ պետք ես»:
- Չէ՛, ասա՛, որ սիրում ես:
Սեղմված ատամներս չեն թողնում լեզվիս ասել, որ ոչ թե սիրում եմ, այլ խենթանում:
- Դու ինձ պետք ես, հասկացի՛ր….
Բառեր:
Ա՜խ բառեր:
Մի անգամ իմիջիայլոց ասացի, որ սիրում եմ, երբ կինը տանը տղամարդու վերնաշապիկով է լինում` համարյա կիսամերկ:
…Զարմացա, երբ հաջորդ անգամ ինձ ընդունեցիր այդ տեսքով:
Հետո կարծես ինչ-որ բան սիրտս սեղմեց, ու խանդը կարճ տարածության ելած մարզիկի արագությամբ անցավ ամբողջ մարմնովս:
Ո՞ւմ վերնաշապիկն էր, չգիտեի:
Բառեր:
Ա՜խ բառեր:
Ես ուղղակի չէի ասել, որ սիրում եմ երբ ի՛մ վերնաշապիկով են լինում:
* * *
- Փող է պետք, մեծ, շատ մեծ գումար: Այսօր վերջին օրն է, եթե վաղը չտամ….
- Նորից խաղացե՞լ ես: Չէ՞ որ ես ոչինչ չունեմ քեզ տալու: Ամբողջ ոսկեղենս էլ կորավ…. է՜խ:
Դու
Մատներս հասան շուրթերիդ:
Երբ նայում եմ քեզ, ուզում եմ, որ Ժամանակ կոչվածը կոտրի իր ոտքերը ու էլ չկարողա շարժվել:
Որ նայեմ քեզ երկա՜ր-երկա՜ր:
Պետք եմ քեզ: Միգուցե լավ է ասված: Իսկ դո՞ւ, դու պե՞տք ես ինձ …
Դու անհրաժեշտություն ես, որ նայես ինձ քո կապույտ աչքերով, և ես զգամ, որ անիմաստ չէ իմ գոյությունը, որ ինձ սիրում են:
Սիրո՜ւմ:
Հետո՞ ինչ, որ կին ունես:
Ես ինձ երբեք սիրուհի չեմ զգացել:
Հետո ի՞նչ, որ քո վերնաշապիկով չեմ, ես եմ գնել քեզ համար:
Իսկ դու անցյալ անգամ նեղացար ու հեռացար:
Հեռացար իմ կյանքից` ջնջելով անմոռանալի թվացող օրեր:
Ժամանակը չի մահանում: Եթե մահանար դու անընդհատ չէիր նայի իմ պատի ժամացույցին (վաղն անպայման կգցեմ աղբարկղը):
* * *
Հեռացար և քո հետ տարար նաև իմ մի քանի զարդեղենը: Ես այդ գիշեր երկար արտասվեցի` հասկանալով, որ մեր միջև բացի կնոջիցդ ավելացավ մի նոր պատնեշ, մի չեղած ավարտ, մի հետ մղված ձեռք:
Նա
Ժամանակը չի մահանում,եթե մահանար ես կունենայի իմ նախկին աջկական տեսքը, որ ինձ սիրեիր առաջվա պես:
Որ տարին մեկ անգամ` մարտի 8-ին բերած ծաղիկները չլինեին պարտադրված, ու իմ եփած սուրճին անտրամադիր ժամանակ անուն չկպցնեիր:
Մազերս անխնամ են մտքերիս նման:
Մտքերս էլ անկապ թռչկոտում են հուշերիս ոստայնում . «Ինչո՞ւ Աստված ինձ զրկեց երեխա ունենալու հաճույքից»:
Մի՞թե չես հասկանում, որ կին եմ ու անսխալ զգում եմ մի այլ կնոջ գոյությունը:
Իսկ ես սիրում եմ, գուցե և ավելի ուժգին, քան այն ուսանողական տարիներին:
Այսօր պատահմամբ կոտրեցի հայելին` իմ միակ մխիթարանքը, որի հետ խոսում էի այնպես, ինչպես քեզ հետ տարիներ առաջ:
Հիմա քեզնով բերնեբերան լցված սիրտս ցավում է:
Ի՞նչ պատահեց քեզ, այդպես էլ չհասկացա:
- Սիրտս մի տեսակ է, այսօր չգոռգոռա՛ս, լա՞վ :
- Ինչու՞ չես գնում բժշկի: Գնա՛, ես կտամ փողը…
Մի՞թե կան բժիշկներ, որ կարողանում են բուժել կարոտը, լքված ու արհամարված լինելը, ոտնահարված զգացմունքները …. Չկան :
* * *
Այսօր կարողացա համոզել մորս, որ իր տատիկի հիշատակ` ադամանդներով մատանին ինձ տա:
Համոզեցի լաց լինելով, և ստացվեց այն, ինչ չէր ստացվել 28 տարիների ընթացքում:
Նա
- Վերցրո՛ւ,սա շատ թանկարժեք է: Մի՞գուցե վերջապես հասկանաս, որ գլորվում ես: Ախր, այդպես չի կարելի…. Դու միշտ նման խաղերին դեմ ես եղել..
- Ծանոթ զարդ է: Ինչպե՞ս համոզեցիր մորդ:
- Ինքը տվեց, չե՞ս լսում ինչ եմ ասում:
- Լա՛վ էլի, վերջացրո՛ւ, դու չես հասկանում:
* * *
Հասկացիր ինքդ, թե ի՞նչ կզգաս դու` ման գալով դստերդ կամ էլ քո որդուն` քո մարմնից սռեղծված հրաշքին, ձեռքդ երկարես`չլինեն կողքիդ:
Դու
- Տա՞նն ես,գալիս եմ, դուռը բա՛ց արա: Վերնաշապիկով կլինես:
- Այսօր այնքան էլ հարմար չէ: Մի՛ նեղացիր, լա՞վ : Միգուցե վա՞ղը կամ…
- Ի՞նչ է, տեսախցիկներ ես շարել սենյակում: Դե լա՛վ, կատակում եմ: Ուզում էի վերադարձնել ոսկեղենդ, գրավատնից եմ հանել:
- Լա՛վ էլի, վերջացրո՛ւ: Դու չես հասկանում:
* * *
Հասկացիր, որ կյանքս մի մեղեդի էր քնքուշ ու չքնաղ, կյանքս` պատմություն մի տխուր սիրո:
Ու ձևափոխվեց կյանքս մեկ օրում, սերս էլ դարձավ է մի երգ ծղրիդի:
Եվ ծղրիդների խմբավարը ծեր` իր խմբավարի զույգ փայտիկներով, իմ չքնաղ երգը սարքում է գիշեր..
Ու ծղրիդներն են երգում գիշերով:
Ես
- Բժի՛շկ, ճարել եմ գումարը: Ահա՛, ինչքան որ ասել էիք: Միայն չասեք, որ արդեն ուշացել եմ:
- Չէ՛, իսկը ժամանակին: Իսկ փոքրիկն իրեն երկու օր է, լավ է զգում: Ձեզ էր սպասում:
Հա, այդպես էլ չասացիք, դուք նրա ի՞նչն եք:
- Չգիտեմ, ինտերնետով էի կարդացել, որ փոքրիկ Մանեին անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում:
Բժիշկը Բժիշկ էր ու չզարմացավ: Վերցրեց փողն ու հեռացավ ժպտալով:
* * *
Վերցրած իմ սիրո հիշողությունները` իջնում եմ Նար-Դոս փողոցով: Այնտեղ ասում են լավ դագաղներ են պատրաստում, կգտնեմ մեկին ու..
- Կարո՞ղ ես երկու տեղանոց…
Ո՛վ տապանագործ, ինչու՞ զարմացար, պատրաստիր ԵՐԿՏԵՂ տապան ինձ համար,
որ այն աշխարհում ձեռքս երկարեմ, կողքս ինչպես միշտ չլինի դատարկ:
2012 մի երանելի տարի, որտեղ ճչում եմ ամբողջ աշխարհով մեկ,
որ կաք, շնչում եք, տողերս եք կարդում, որ Ձեզ նվիրված սիրո տողերս
Ծղրիդների երգեր են դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել