Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես 2008թ-ին Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես Լեհաստանն ու Շվեդիան, նախաձեռնեցին «Արևելյան գործընկերություն» ծրագիրը և թե ինչպես այն դարձավ ԵՄ արտաքին քաղաքականության բաղադրիչ 2009-ին: Դա, ինչպես գիտեք, հավելյալ մերձեցում էր պոստ սովետական 5 երկրների հետ, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, քաղաքացիական և մի շարք այլ ոլորտներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա): Շատ չխորանալով այն մանրամասների մեջ, որոնք մենք լսում էին շուրջ չորսը տարի, ասենք այն, որ ԵՄ 13-անդամ երկրների կողմից նախաձեռնվել է նոր փաստաթուղթ (Եվրոպական փաթեթ), որը հիմք է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Եվրոպական փաթեթ»-ի նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը: Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ այս «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»։ Այս փաստաթղթի շուրջ քննարկումը նախատեսված է եկող երկուշաբթի՝ ԵՄ խորհրդի կողմից:
Փաստորեն այժմ կարելի է պարզապես արձանագրել, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը որպես այդպիսին ձախողվեց: Փաստը մնում է փաստ, որ ԵՄ-ը չկարողացավ իրականացնել այն, ինչ նախատեսել էր չորս տարի առաջ: Պատահեց հետևյալը. Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը` նախընտրելով միանալ Մաքսային միությանը, Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ իրականացնել այն բարեփոխումները, որպեսզի կարողանար նախաստորագրել այդ փաստաթուղը և դրա պատճառով պարզապես հայտարարեց, որ նույնիսկ նպատակ էլ չի ունեցել ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր, Ուկրաինան սառեցրեց ստորագրման գործընթացը` ընկղմվելով քաղաքական ծանր ճգնաժամի մեջ, իսկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին, սակայն ստորագրման գործընթացը հայտվել է լուրջ վտանգի տակ` Ռուսաստանի հնարավոր ճնշումների պատճառով: Ահա և այն, ինչ մնացել է այդ Արևելյան գործընկերությունից:
Չկարողանալով լուծել իրենց առջև դրված խնդիրը` այժմ այս «Եվրոպական փաթեթով» ԵՄ անդամ երկրները՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բարձր հովանու ներքո, պատրաստվում են ավելին առաջարկել, քան նախատեսված էր «ձախողված ծրագրով»: Այսպիսով այս նոր փաթեթում կան տեղաշարժերին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող ընդհանուր դրույթներ։ Ծրագրում նաև անդրադարձ է կատարվում առանձին-առանձին երկրների հետ նախատեսվող գործողություններին:
Ինչպես երևում է այդ ծրագրի կետերից, ԵՄ-ն դեռ վերջնականապես չի հրաժարվում Ուկրաինայից և շարունակելու է պայքարը, քանի որ «փաթեթում» ասվում է, որ «Բրյուսելը մտադիր է շարունակել քաղաքական ընդգրկուն երկխոսությունը Կիևի հետ և քաղաքականությունը վարել` հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները»։ Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային, ապա եվրոպացիք, ոտք ու ձեռ ընկած, փորձելու են արագացնել այդ երկու երկրների հետ Ասոցացման պայմանագրի կնքումը՝ մինչև Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը, ասել է թե, վախենում են, որ հանկարծ կարող են լիակատար կոլապսի ենթարկել իրենց արտաքին քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը: Վերջում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին, որտեղ նշվում է, որ հարկավոր է բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը, մի բան, որը նախատեսված էր անել Ասոցացման պայմանագրով, բայց եթե չհաջողվեց Ասոցացման պայմանագիրը համատեղել Մաքսային միության հետ, ապա դժվարանում եմ պատկերացնել, թե այդ ինչ նոր բան են առաջարկելու մեզ, որը կլինի, հա՛մ ավելին «Արևելյան գործընկերություն»-ով նախատեսվածից, հա՛մ էլ չի հակասի Մաքսայինի հետ մեր հարաբերություններին:
Չգիտեմ, ով ինչ է մտածում, բայց անկեղծ ասած, հաշվի առնելով նախորդի ձախողումները և վերլուծելով ներկայիս իրավիճակը, ես այդքան էլ համոզված չեմ, որ այս նոր փաթեթը կարող է ինչ-որ ստիմուլ հանդիսանալ «Արևելյան գործընկերություն» ծրագրի վերակենդանացնելու համար: Սակայն, ինչ խոսք, վիզաների դյուրացմանը, տեղաշարժերին, ուսանողների փոխանականը և ԵՄ համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում ավելի մեծ ներգրավմանը վերաբերող հարցերն այնպիսին են, որ այնքան էլ մեծ դժվարություն չի հանդիսանա, լավ թե վատ, քիչ թե շատ, արագ թե դանդաղ, իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ավելի խորը և այնպիսի ինտգրացիային հասնելուն, որը որ մենք ենք պատկերացնում, բավական դժվար է` հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական դասավորվածությունը, սակայն այս դեպքում կա մի տարբերություն «Արևելյան գործընկերության» հետ, որը ևս չարժե թերագնահատել: «Եվրոպական փաթեթ»-ը կլինի ոչ թե Արևելյան Եվրոպայի և Ֆյուլեի նման քաղաքական գործիչների կողմից իրականացվող քաղաքականություն, որոնք իրենց ոչնչով չարդարացրեցին, այլ ԵՄ հզորներից առնվազն երկուսի կողմից նախաձեռնած և խրախուսվող ծրագիր: