NewsBook-ի զրուցակիցն է քանդակագործ Սահակ Պողոսյանը.

- Ձեր ֆեյսբուքի էջում Գագիկ Կիլիկյանին հարց էիք ուղղել՝ «Կարո՞ղ է արդեն գժվել ենք»: Ինչի՞ց են նման կասկածներ առաջացել:

- Ես միայն ինձ նկատի չունեմ, այլ՝ սոցիումը: Բոլորս, կարծես, մի մեծ գժանոցում ենք ապրում: - Աննորմալ է դարձել նորմա՞լ լինելը:

- Գիտե՞ք, ամեն բան կատարվում է մարդկային ստերեոտիպերից դուրս:

- Ես, օրինակ, կողմ եմ, որ խելոք մարդիկ գժվեն:

- Նորմատիվներից դուրս քայլեր անում են արվեստագետները, և դա գժվելու դրական արտահայտություններ են: Եվ արվեստագետին մեղադրում են գժվելու մեջ, որովհետև հասարակությունը դեռ պատրաստ չէ նոր նշաններն ընդունելու: Իսկ հասարակության գժվածությունն արդեն անոմալիա է: Նախորդ օրը նայում էի ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանը, և հասկացա, որ այնտեղ կատարվածն ավելին է, քան աբսուրդի թատրոնը: Ես տոմս կգնեի ու կգնայի հենց այդ ներկայացումը դիտելու, քան որևէ այլ թատրոն:

Եվ այդ ներկայացման մեջ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք չեն ստեղծագործում, այլ՝ ինքնադրսևորվում են: Պատկերացրեք, մեկը, ով ի պաշտոնե պարտավոր է պատասխանել հարցերին, հայտարարում է, որ չի պատասխանելու, որովհետև նրան չեն հավատում: Մինչդեռ հարցադրումը պարզ էր՝ քանի՞ ձու կա կողովում: Բայց քանի որ կողովում այլևս ձու չի մնացել, մարդը հայտարարում է, որ ուղղակի չի պատասխանում: Ստացվում է՝ կամ այդ մարդն է գիժ, կամ՝ բոլորս ենք գիժ և հոգեբանի կարիք ունենք: Դրա համար էլ Կիլիկյանին էի հարցնում, թե սա ի՞նչ իրավիճակ է ու ինչպե՞ս ենք մենք ապրում այս աբսուրդի մեջ: Ավելի շուտ՝ կարծես, թե ապրում ենք: Ամբողջ խնդիրը բարոյականության բացակայության մեջ է: Այդ նախարարը, որ չգիտեր ինչ պատասխանել, ոչ թե պատասխան, այլ՝ բարոյականություն չուներ:

- Ախտորոշումն արդեն գիտենք՝ անբարոյականություն: Եվ հետևանքը Մոսֆիլմում նկարահանվելիք ֆիլմն է՝ «Ոչ ոք չէր ուզում ապրել»:

- Որովհետև այլևս հռետորիկ է դառնալու «Եկել ենք ստեղ, որ ի՞նչ անենք» հարցադրումը: Էքստրիմ իրավիճակներում, պայմանականորեն ասենք՝ պատերազմ, մարդն ամեն ինչ անում է, որ ոչնչացնի թշնամուն, որպեսզի ինքն ապրի: Այդ դեպքում էլ ուրիշ հարց է առաջանում՝ եթե այսպես պետք է ապրեմ, ինչո՞ւ ապրեմ: Եթե ընտրությունը մահն է, կընտրեմ առանց չարչարանքի մահը. Խելոք-խելոք կկանգնեմ պատի տակ:

- Սահակ ջան, եկեք լավատեսական նոտայով ավարտենք զրույցը: Առանց այն էլ ամեն բան վախենալու չափ տխուր է:

- Լավն այն է, որ ես կամ և անում եմ մի գործ, որ հայ իրականության մեջ ոչ ոք չի արել: Ես ունեմ ընկերներ, որ անկախ ամեն ինչից՝ շարունակում են աշխատել: Բոլոր ժամանակներում էլ կա մի խումբ, որին ես պայմանականորեն 0.5 տոկոս չափն եմ տվել: Այդ 0.5 տոկոսը կա, աշխատում է և բարոյական արժեքներ է արտադրում: Եթե 0.5 տոկոսը պակասում է, հենց այդ ժամանակ է սկսվում մեծ աղետը: Բայց ես տեսնում եմ, որ այդ թիվը դեռ չի պակասում,  դեռ 0.5-ի վրա կանգնած է:

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել