
Մեր ժամանակը նաև կանանց իրավունքների ժամանակն է: Գնալով վերականգնվում են կանանց իրավահավասարության կորսված գաղափարները: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում կնոջը թեպետ սիրել, բայց նաև ճնշել են, թեպետ գնահատել, բայց նաև երկրորդ կարգի արարած են համարել` հաճախ նրան դարձնելով անգամ վաճառքի առարկա: Գաղտնիք չէ, որ դրա արձագանքները զգացվում են նաև մեր օրերում: Այսօր էլ նկատվում են կանանց նկատմամբ բռնությունների, խտրականության, նրանց իրավունքների ոտնահարման դեպքեր:
Մեր հասարակությունը այնքան էլ գրագետ ու լուսավորված չէ, որպեսզի ճանաչի կնոջ հոգեբանական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, հասկանա կանացի բնույթը, սիրված ու ընդունված լինելու նրա բուռն տենչը: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ կանանց ավելի շատ ճնշում է սիրո պակասը, ամուսնու կողմից անտեսված լինելը, քան տնտեսական ու նյութական գործոնը: Սոցիոլոգիական լուրջ հարցումներ են պետք` պարզելու, թե որքանով են հայ կանայք երջանիկ իրենց սեփական ընտանիքում, ինչքանով են բավարարվում նրանց հուզական և ֆիզիկական պահանջմունքները: Այլընտրանքային վիճակագրություն է իրականացվել ՀՀ ազգային վիճակագրության ծառայության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից և այսպիսի հարց է առաջադրվել` ամուսինը իրավունք ունի՞ ծեծելու կնոջը: Որքան էլ տարօրինակ է` տղամարդու այս «իրավունքը» հաստատում են ոչ միայն տղամարդիկ, այլև իրենք` կանայք: Հետազոտության տվյալներով կանանց շուրջ քսանհինգ տոկոսը և տղամարդկանց երեսուն տոկոսը կնոջը ծեծելը համարում է արդարացի: Ամերիկյան հոգեբանները եզրակացնում են, որ կնոջ կյանքում առկա սթրեսի հիմնական պատճառը աղքատությունն ու բռնությունն են: Հետազոտության արդյունքները վկայում են, վիրավորանքի, նվաստացուցիչ վերաբերմունքի, բռնաբարության ու ծեծի արդյունքում կանանց երեսուն տոկոսը հետագայում տառապում է դեպրեսիայով: Տղամարդկային բռնակալությունը համաշխարհային երևույթ է, ընդհանուր հիմնախնդիր, ինչի մասին վկայում է հավաստի վիճակագրությունը:
Եգիպտոս: Ալեքսանդրիայում կանայք ավելի հաճախ վնասվածքներ են ստանում ընտանեկան բռնության արդյունքում. տեղական վնասվածքաբանական կետեր դիմածների երեսուն տոկոսը բռնության ենթարկվածներ են:
Տայլանդ: Ամուսնացած կանանց հիսուն տոկոսը մշտապես ծեծի է ենթարկվում: Վերջին տարիներին Հոնկոնգում քառասուն տոկոսով աճել է այն կանանց թիվը, որոնց ամուսինները կամ զուգընկերները ծեծում են:
Ճապոնիա: Շատացել է տնից հեռացած կանանց թիվը: Պատճառներից երեսուն տոկոսը ծեծն է:
Մեծ Բրիտանիա: Յուրաքանչյուր վեց վայրկյանում ընտանիքներից մեկում ինչ-որ մեկին ծեծում են, խփում կամ դանակի վերք հասցնում:
Ռուսաստան: Մեկ տարվա ընթացքում մոտ տասնհինգ հազար կին սպանվել է ամուսնու կողմից, ևս հիսունվեց հազարը դարձել է հաշմանդամ կամ լուրջ վնասվածք ստացել ընտանեկան բռնության արդյունքում:
Դժվար է պատկերացնել մի ընտանիք, որտեղ չդրսևորվի բռնությունը իր այս կամ այն ձևով: Շատ ընտանիքներում այն պարզապես քողարկված է: Բռնության ենթարկվում են հիմնականում կանայք: Բռնության դրսևորումները տարբեր են` ֆիզիկական միջամտություն, բռնի վերաբերմունք, հայհոյանք, կնոջ կարծիքի անտեսում, արհամարհանք, ցերեկային կոպիտ վերաբերմունքից հետո գիշերային քնքշանքների պահանջ: Պատճառը սարսափելիորեն պարզ է. բնազդների մակարդակում կանայք ֆիզիկապես ավելի թույլ են տղամարդկանցից և առավել խոցելի ու դյուրազգաց` հուզական, հոգեբանական առումներով: Չբացառենք նաև այն դեպքերը, երբ կանայք պարզապես համբերությունից հանում են դիմացինին, սակայն միշտ էլ հարցը պետք է հանգի քաղաղակիրթ երկխոսությանը: Կնոջ անպաշտպան վիճակը սեփական թերարժեքության հետևանք է, հետևանք այն բանի, որ տղամարդը չի գիտակցում կնոջ դերն ու դիրքը, սիրո պաշտպանվածության, գնահատված լինելու նրա մեծ կարիքը: Փոխարենը կինը դարձել է էրոտիզմի, սեռական բնազդներ արթնացնելու և շահարկման առարկա: Տպավորություն է ստեղծվում, թե կանայք ստեղծված են, որ մերկ մարմնով գովազդեն կոնֆետն ու հյութերը, օճառն ու ծամոնը: Կամա, թե ակամա գիտակցաբար, թե անգիտակցաբար կինը վերածվում է ապրանքի, իսկ նրա բնատուր գեղեցկությունը դառնում է շահարկման առարկա: Եվ տարբերություն չկա, թե ինչպես են նվաստացնում նրա մարդկային արժանապատվությունը` չադրայի տակ դնելով, թե առևտրական ռելսերի:
Բռնության հին, կոպիտ ձևերին փոխարինելու են գալիս ժամանակակից ձևերը. այնքան հնարամիտ, որքան կարող է լինել մարդկային սրտի փչացածությունը:
Այսօր մեր ընտանիքները կարիք ունեն ամուսնական լուրջ խորհրդատվության և քարոզչության: Ընտանեկան ներդաշնակ փոխհարաբերության արվեստը անմատչելի է շատերին` չիմացության, հաճախ էլ` իմանալու ցանկություն չունենալու պատճառով: Այն չի ուսուցանվում ոչ դպրոցում, ոչ որևէ ուսումնական հաստատությունում: Երբեմն միայն որոշ հասարակական կազմակերպություններ տագնապի ազդանշան են հնչեցնում:
Հայկական իրականության մեջ կինը ունի կրթության հավասար իրավունք, իսկ կրթության բացակայության դեպքում` առևտրի կամ սպասարկման ոլորտում աշխատանք: Իսկ ահա հասարակական աստիճանակարգի բուրգի գագաթին կանանց թիվը անշեղորեն նվազում է: Հայկական ընտանիքներում քիչ չեն այն կանայք, ովքեր չեն աշխատում տղամարդկանց կամայականության պատճառով: Այս դեպքում կինը մնում է տնային տնտեսուհու դերում: Սա ինքնին վատ բան չէ, եթե կինը ինքն է ցանկանում հմտանալ տնային գործերում, ղեկավարել տնտեսությունը, զբաղվել երեխաների դաստիարակությամբ` լրջորեն և արհեստավարժ ձևով: Հաճախ չաշխատող կանայք մեծ կախվածության մեջ են ամուսնուց. այն ամուսնուց, ում, գուցե, չեն էլ սիրում և ումից չեն կարողանում բաժանվել այն պարզ պատճառով, որ չեն կարող ապահովել իրենց և երեխաների հանապազօրյա հացը: Սա էլ առիթ է տալիս տղամարդուն` զգալ իր գոյություն չունեցող առավելությունները և հոգեբանորեն ու ֆիզիկապես ահաբեկել սեփական երեխաների մորը: Բռնության մասին խոսք չկա այն ընտանիքում, որտեղ ըմբռնում են կնոջ դերը` որպես մայր և որպես կին, ընդունում նրա` աստվածային նախասահմանվածությունը, հասկանում կանացի էությանը բնորոշ հոգեբանական, հուզական առանձնահատկությունները և վարվում ըստ դրա:
Մենք կնոջ պաշտամունքի կոչ չենք անում, այլ ցանկանում ենք բևեռել ուշադրությունը «ընտանիք» հասկացության վրա, որտեղ կինը կարող է առավելագույնս դրսևորել իր մարդկային, կանացի լավագույն որակները` սիրելու, սիրվելու, քնքշության ու ծառայելու իր հսկայական ներուժը` հանուն երեխաների և ի վերջո` հանուն հասարակության: Ծառայելու, նվիրվելու կանացի դրսևորումները հայ իրականության մեջ հաճախ անձնազոհության են հասնում: Նրանք մեծարման չեն սպասում, բայց անտարբերությունն էլ հաստատ նրանց բաժինը չէ: Փոխարենը զանգվածային լրատվության միջոցները տարփողում են շոու-բիզնեսի «աստղերին», շլանում նրանց վաստակած գումարներով և անհավատարմության ու դավաճանության հաշվետվությամբ: Մենք շատ բնական ենք ընդունում հազարավոր կանանց տաժանակիր աշխատանքը առևտրական կետերում: Կեցության համար մղվող մարտում շատ կանայք կորցրել են կանացիությունը, անխնամ տեսք ունեն, սակայն նրանցից շատերի աչքերում դեռևս առկայծում է գնահատված լինելու, սիրվելու, այրական բազուկներում պաշտպանություն գտնելու, մարելու փափագը: Այդ կանայք արժանի են շատ ավելիին, քան արվում է նրանց համար. Փոխարենը հեռուստատեսությունը եթերը հեղեղում է անիմաստ շոուներով, կիսամերկ մարմիններով և հիվանդ մտքի համար նախատեսված բազմաթիվ սերիալներով, որտեղ արգելված սիրո քրմուհիները անշահախնդիր սիրո ու բարու հաղթանակի դասեր են քարոզում էկրաններից:
Խեղճ կանայք, որ պայքարում եք հանապազօրյա հացի կենսական մարտադաշտում, ձեր մասին չի հիշատակվում որևէ ձևով:
Կա՞ ավելի մեծ բռնություն կանացի արժանիքների հանդեպ, քան անտարբեր լռությունը: Կարծում ենք բարի է արժևորել ամեն լավը, բարին ու առաքինին: Թեթևաբարո լեդիներին հակադրել ընտանեկան օջախին հավատարիմ կնոջը, անբարո քրմուհիներին` կենսական պայքարում անպաշտպան կնոջը:
Կանացի համբերությունը, անդուլ, ամենօրյա, ամենժամյա նախանձախնդրությունը և հուզիչ նվիրվածությունը ընտանեկան արժեքներին արժանի են ամենայն հիշատակման, դրվատանքի և արժևորման:
Սրանք բանաստեղծական խոսքեր չեն, որ նպատակ ունեն հուզել ընթերցողին. սրանք իրականության թելադրած պահանջներ են, որոնց չկատարելը իր հետ բերում է անխուսափելի հետևանքներ` խեղված հասարակություն` խեղված անդամներով: Քայքայվող, քայքայված ընտանիքներ, միայնակ կանայք ու երեխաներ, ամուսնության որևէ հույսը կտրած կանայք ու աղջիկներ…
Այսօր եկեք գիտակցենք` ընտանիքը արժանի է մեծ ու լուրջ ուշադրության` ի դեմս նրա ծանրակշիռ միավորի` կնոջ: