«Ինչպես խայտառակվել 52 միլիարդ դոլարով» հոդվածի առթիվ

«Թող անիծվի մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքն ու հոգին»: Րաֆֆի 


Վերափոխելով հնագույն իմաստունի խոսքերը, կարող ենք ասել «Օ՜խ, ժամանակներ, ժամանակներ, ամեն ինչ շրջվել է հետույքով դեպի առաջ, զավակները չեն լսում ծնողներին, և ամեն մեկը գիրք է գրում»: Ավելացնեմ, որ հիմա ամեն մի սակավամիտ ֆիլիստեր իր պարտքն է համարում կամ գրքույկով, կամ գոնե քաղաքական մեկնաբանություններով հանդես գալ ինչի մասին ասես, ում մասին ասես՝ ջանադրությամբ դուրս ժայթքելով իր մոլորությունների կամ կանխակալ նենգամտությունների ճղճիմ մարմաջները:

Երբեմն նույնիսկ այնպիսի անպարագիծ ցինիզմով, որը միայն գարշանք կարող է առաջացնել: Ամբողջ աշխարհի ողջամիտ մարդկությունը մեծագույն հարգանքով է վերաբերվում Սոչիի ձմեռային օլիմպիադային և նրա կազմակերպիչներին: Հայաստանը նույնպես սպասում է այդ գեղեցիկ միջազգային միջոցառմանը և ուղարկելու է իր պատվիրակությունը:
Եվ ահա հայտնվում է մի հայ նենգամիտ Հակոբ Բադալյան, որն իր մաղձոտ ու գարշահոտ բարբաջանքները՝ «Պուտինի տրիումֆի», «դեռ չմեկնարկած օլիմպիադան խայտառակության վերածվելու», «Աշխարհի ամենաթանկ օլիմպիադան ամենաթանկ խայտառակության վերածվելու» վերաբերյալ: Այստեղ դժվար է չհիշել Կռիլովի քոթոթի ու փղի մասին:

Ինքնագոհությունն այնքան է մթագնում այս երկարապոչ «մեկնաբանություն» կոչվող զառանցանքների հեղինակ Հակոբ Բադալյանին ուղեղը, որ նա սկսում է հանդես գալ նաև ֆուտուրալոգի դերում՝ կախարդների «ճշգրտությամբ» կանխագուշակելով Ռուսաստանի և «նավթը հեծնած ու գազը ճոճող» Պուտինի ապագան՝ չմոռանալով զգուշացնել նրան, որ «երրորդին դիմադրելը կլինի անհնար»: Բայց, ափսոս, որ չի նշում, թե ինչ է այդ «երրորդը»:

Ահա այդ մեկնաբանի «փայլուն» խրատական գոհարներից մի քանիսը. «Սոչիում Պուտինը բախվում է ոչ միայն համատարած կոռուպցիային, որի փտող մարմնի հույսին է իր գլուխը», «Իհարկե, Պուտինն ունի նաեւ այլ տարբերակ՝ պարզապես ի գիտություն ընդունել ժամանակակից աշխարհը, գիտակցել դրա հանդեպ սեփական գործողությունների ու գաղափարների անհամարժեքությունը, եւ նավթը հեծնած ու գազը ճոճող դոնքիշոտության փոխարեն պարզապես ձեռնամուխ լինել Ռուսաստանի արդիականացման գործին...Քանի դեռ ուշ չէ, որովհետեւ եթե անգամ Ռուսաստանը դիմանա Ուկրաինային եւ Սոչիին, ապա երրորդին դիմադրելը կլինի անհնար»: Ուշադրություն դարձրեք նրա շարադրանքի գրագիտությանը:

Մնում է հարց տալ մեկնաբանության հեղինակին. Ի՞նչ է, Ուկրաինան ու Սոչին հարձակվելու էն Ռուսաստանի վրա, և ե՞րբ: Իսկ ով է Ռուսատանի երրորդ թշնամին... Կարո՞ղ է Հայաստանն է, որին՝ «երրորդին դիմադրելը կլինի անհնար»:


Հ.Գ. Ցավոք, ինչպես ժամանակին ասել է, հին Հունաստանի նշանավոր հռետոր Դեմոսֆենը

«Հայհոյանքն ու վատաբանումը մարդիկ լսում են հաճույքով»: Դա ավելի ցայտուն երևում է մեր խաթարված իրականության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել