Ռուսաստանում, երբ մի որեւէ քաղաքում կամ թաղամասում ջեռուցման վթար է լինում, հեռուստատեսությամբ ներկայացնում են՝ որպես արտակարգ դեպք, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Ռուսաստանում կենտրոնացված ջեռուցումը չի վերացել՝ որպես «սովետի մնացուկ»: Օրերս էլ ցույց տվեցին, որ թոշակառու մի կին՝ ճտքավոր կոշիկների մեջ, վերարկուներով փաթաթված, անկողնում էլ եռացրած ջրով պլաստասե շշերով տոպրակներ էր դրել, որ չսառչի: Այդ վիճակը միգուցե Ռուսաստանի համար է անսովոր, բայց այ, Հայաստանի համար, երեւի թե, արդեն շատ սովորական է՝ մասամբ կամ ամբողջությամբ, քանի որ հայրենի կառավարողները ջեռուցման համակարգը վերացրին՝ բնակարաններում (բայց պետական հիմնարկներն ու դպրոցները, մանկապարտեզները, բարեբախտաբար, ջեռուցում են կաթսայատների օգնությամբ): Ըստ տեղեկությունների՝ մայրաքաղաքի որոշ լավագույն համարվող համատիրություններ բնակարանային ջեռուցում կազմակերպում են: Ամեն դեպքում՝ ՀՀ բնակչության գերակշիռ մասը քաղաքներում թանկացած գազի ու էներգիայի հույսին է՝ դրանց հնարավորինս սուղ օգտագործմամբ, որ մեծ ծախսերի տակ չընկնեն: Եվ այս ցրտաշունչ ձմռան պայմաններում անգամ չեն դադարում ոչ հովհարային, ոչ անհովհար անջատումները, որոնց էլ ավելացել են պարբերական վթարները՝ գազի ու ջեռուցման համակարգերում: Մաքսային միություն ենք մտնում, բա Ռուսաստանի դրականն էլ ընդօրինակեք, բնակչության նորմալ ջեռուցման մասին մտածեք, ոչ թե հեռուստաէկրաններից գոհ ու երջանիկ դեմքերով զանազան շնորհանդեսներ կազմակերպեք ու «տնտեսական առաջընթաց» արձանագրեք: Ի՞նչ տնտեսական առաջընթացի մասին է խոսքը, եթե 20 տարուց ավելի է հովհարային անջատումները, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարվում է հեռուստատեսությամբ, վերջ չունեն, եթե 90-ականների նման մարդիկ հաճախ են երեկոյան ժամերին հայտնվում մթության մեջ՝ մոմի լույսի տակ ու թաղից թաղ իրար զանգում, որ իմանան, թե ում լույսը երբ կտրեցին, երբ տվեցին, որ ըստ այդմ որոշեն, թե իրենցը երբ են տալու: Փոխանակ բնակարանների կենտրոնացված ջեռուցում կազմակերպեն՝ քաղաքով մեկ, շքամուտքերում ջեռուցման մարտկոցներ գնելու հայտարարություններ են փակցնում, ժողովրդի վզին էլ խառնուրդով ու թանկացած գազ փաթաթում՝ դեռ չմատուցած «սպասարկման վարձն» էլ հետը: Ինչպե՞ս են «սպասարկում», եթե անընդհատ գազի վթարներ են լինում, ուրեմն կամ գազն է անմաքուր, կամ սպասարկումը չի սպասարկման նման: Իսկ այն, որ գազն անմաքուր է, վկայում էր վերջերս «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրված մի ռեպորտաժ, ըստ որի, գազին օդ են խառնում, ու դրա համար հայաստանյան գազը բաց կապույտ է (ի տարբերություն Ռուսաստանի մուգ կապույտ գազի), եւ ավելի ուշ է դրա վրա սուրճը եփում, քան՝ Ռուսաստանում: Իսկ երեկ ու այսօր բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ Վանաձորում 90-ականները վերադառնալու միտում ունեն, քանի որ գազի, լույսի հովհարային անջատումներն արդեն ուղեկցվում են հացի հերթերով ու դեֆիցիտով. 2-րդ օրն է, հացաթխման արտադրամասերը լիարժեք չեն աշխատում, ուստի մինչեւ օրվա առաջին կեսը խանութներում (տեղ-տեղ՝ հոսանքազրկված) հացի դարակները դատարկ են լինում: Պատճառը 2 օր առաջ տեղի ունեցած գազի խոշոր վթարն էր, որի պատճառն էլ, ըստ «Արմենիա» հեռուստատեսությամբ ներկայացված ռեպորտաժի՝ գազատար խողովակների մաշվածությունն է եղել: Մի՞թե այսքան տարվա ընթացքում, երբ ժողովրդից ահռելի փողեր են գանձվում գազի համար, գազատար խողովակները չեն նորոգվել, չեն ստուգվել, եւ պետք է անպայման հզոր վթար լիներ՝ մոտակա սեփական տներին վնաս հասցնող, որ հիշեին, որ գազատարը «սովետի թվերի» է ու մաշված է: «Հրապարակից էս կողմ գազ չկա, երեւի էսօր էլ չի հաց լինի,,-ասաց հացավաճառներից մեկը, որ անգործության պատճառով արդեն պատրաստվում էր «օբյեկտը» փակել ու տուն գնալ: Փետրվարի 4-ին ու 5-ին «Լաչինի միջանցք» առեւտրի վայրում գտնվող լավաշի արտադրամասում միայն մարդկանց հսկայական հերթ էր: Փետրվարի 4-ին Տիգրան Մեծ պողոտայում գտնվող խանութներից մեկը միայն երեկոյան մոտ հաց ստացավ, որն էլ շատ արագ սպառվում էր, քանի որ աչքները վախեցած մարդիկ մի քանի հատ էին գնում: Մարդկանց հիմնական խոսակցության թեման այս օրերին այս է՝ «Դուք լույս ունե՞ք» կամ «Դուք գազ ունե՞ք»: Մեկն էլ հպարտացավ, թե «Ոչ գազ ունենք, ոչ էլ՝ լույս, դուրս եմ եկել տեսնեմ ինչ առնեմ, որ պեչկի վրա տաքացնելու կարիք չլինի, այ ես սրանց հերն եմ անիծել»: Ոմանք էլ ստիպված չոր պաքսիմատներ կամ պատրաստի թխվածքաբլիթներ էին գնում (չմոռանալով նաեւ՝ այլեւս առաջին անհրաժեշտության մոմի ու չոր սպիրտի մասին՝ էներգետիկ անջատումների դեպքում, ինչը մարդկանց կծու կատակների տեղիք էր տալիս. «Ժողովուրդ, Լեվոնի թվերը հետ են գալիս»): Նման դեպք, որ Վանաձորում հացի դեֆիցիտ լինի, արձանագրվել է 2013թ., Ամանորից հետո (չհաշված՝ 90-ականները): Փետրվարի 4-5-ի դրությամբ շարքային քաղաքացիների մեծ մասի բնակարանների ջերմաստիճանը՝ չափավոր ջեռուցելու պայմաններում՝ պլյուս 10-ից չի անցնում, իսկ ավելի մեծ ջերմություն ստանալն ավելի մեծ էներգիա (այն էլ՝ թանկացած) է պահանջում ու ավելի մեծ ծախսեր, ինչն էլ ճակատագրական կլինի մարդկանց մեծ մասի համար: Վանաձորցիները հաճախ էլ ինֆորմացիոն բլոկադայիր մեջ են հայտնվում, քանի որ պարբերական անջատումների հետեւանքով կաբելային հեռարձակումն ընդհատվում է, ու երբ հեռուստաէկրաններն սպիտակում են, մարդիկ հասկանում են, որ «կաբելայինի թաղում տոկը կտրել են»:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ