Pazolini_4Kinoashkharh.am-ը գրում է.

“Ասում են` ես երեք կուռք ունեմ` Քրիստոս, Մարքս և Ֆրեյդ, բայց այդ ամենը դատարկ խոսքեր են, իմ միակ կուռքը իրականությունն է: Եվ կինեմատոգրաֆիստի մասնագիտությունն էլ ընտրեցի, որովհետև կարող եմ արտահայտել իրականությունը իրականության միջոցով”:

Պիեր Պաոլո Պազոլինի

Իր կինեմատոգրաֆիական գործունեության 15 տարիների ընթացքում Պիեր Պաոլո Պազոլինին, որ այս տարի կդառնար 90 տարեկան, ստեղծել է 12 լիամետրաժ ֆիլմ, դրվագներ ժողովածուներում և մի քանի վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր: Սկանդալներն ու դատական հայցերն ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում, անգամ մահվանից հետո: 1949-1977 թթ. նրա դեմ հարուցվել է 33 դատական գործ հասարակական վարվեցողությունը խախտելու և կրոնական զգացմունքները վիրավորելու հիմքերով: Հետապնդումները տարածվում էին նաև նրա կինոնկարների վրա, որոնք բռնագրավվում էին, կամ  արգելք էր դրվում դրանց ցուցադրության վրա:

60-ականների “Կինեմատոգրաֆիական վերածննդի” առաջատար Պիեր Պաոլո Պազոլինին մշակել է սեփական` այլաբանական, մետաֆորիկ կինոլեզուն: Նա հանդիսատեսի հետ ասես առակների միջոցով է հաղորդակցվում:

Ապագա մեծ բեմադրիչի առաջին և հիմնական կոչումը թերևս պոեզիան էր` նրան մինչև այսօր էլ համարում են XX դարի Իտալիայի լավագույն պոետներից մեկը: Մասնագիտությամբ արվեստաբան Պազոլինին ինքն իրեն համարում էր կոմունիստ, ավելի ստույգ` “կաթոլիկ-մարքսիստ”, խոստովանելով, որ աթեիստ է, սակայն շարունակում է մնալ կրոնի մարդ, քանի որ կրոնը  ժողովրդական մշակույթի, հարազատ ժողովրդի կենցաղի մի կարևոր և անբաժան մասն է:

Հարազատ Ֆրիուլի քաղաքից Հռոմ տեղափոխվելով` Պազոլինին աշխատում է որպես լեզվաբան և թարգմանիչ և սկսում  սցենարներ գրել: Եվ  38 տարեկան հասակում արդեն կայացած գրող և լրագրող, երկու վեպի և բանաստեղծությունների 10 ժողովածուների հեղինակ Պազոլինին որոշում է իր ուժերը փորձել ռեժիսուրայում: Իր առաջին ֆիլմը նա անվանում է “Ակատոնե” (“Թափառաշրջիկը”), որի հիմքում ընկած էր սեփական ՙԴաժան կյանք՚ վեպը: Իր ոճով “Ակատոնեն” հարում է նեոռեալիզմին: Պազոլինին պատկերում է հասարակության հատակը, սակայն զրկում  իր հերոսներին այն ռոմանտիկական քողից, որով պատում էր նրանց նեոռեալիզմը: Միաժամանակ պահպանում է ֆոլկլորի տարրերը:

Նույնը կարելի է ասել նրա երկրորդ` “Մամա Ռոմա” ֆիլմի մասին: Այս ֆիլմից սկսած` Պազոլինիի մեջ նկատվում է աշխարհայացքի երկակիություն. նա փորձում է միավորել կերպարային մտածողությունը և սոցիալական վերլուծությունը, ցանկացած երևույթի նա մոտենում է և’ գեղագիտական, և’ քաղաքական տեսանկյունից: Սա հանգեցնում է ծայրաստիճան ռեալիզմի, որը տեղ-տեղ հասնում է նատուրալիզմի և միթո-էպիկական ընդհանրացումների, որոնք կարող էին ծագել ամենահասարակ սյուժեից: Օրինակ` այս ֆիլմերում օգտագործելով Բախի և Վիվալդիի երաժշտությունը, մեջբերումներ անելով Դանթեից` Պազոլինին հասարակ մարդկանց կյանքն  ասես  տեղափոխում է առասպելական հարթություն, նրանց ամենապարզ կենցաղային կոնֆլիկտը ռեժիսորը լուծում է համամարդկային արքետիպային ողբերգության  ձևով:

Այդպես է նաև “Մամա Ռոմայի” դեպքում. գլխավոր հերոսուհին, որի դերը խաղում է Աննա Մանյանին, ասես օժտված է բիբլիական երկու Մարիամների` Սուրբ Կույսի և Մարիամ Մագդաղինացու գծերով, ընդհանրապես Պազոլինիի ֆիլմերում բազմիցս հանդիպում ենք Աստվածամոր և անբարոյական կնոջ, կույսի և  պոռնիկի թեմայի արծարծումին: Մանյանիի խաղում երկու կերպարներն էլ ստացված են, բայց նա առաջին հերթին մայր է: Միայնակ մոր` Մամա Ռոմայի ողբերգությունն այն է, որ մեծ քաղաքը կուլ է տալիս փոքր մարդկանց` իրենց երազանքներով (ակամա հիշում ես Վիսկոնտիի գլուխգործոցը` “Ռոկկոն և նրա եղբայրները”: Մոր` որդու և նրա լուսավոր ապագայի հետ կապված բոլոր երազանքները փշրվում են` նրա  զոհողություններն իզուր էին, քանի որ իր իսկ ձեռքով հասարակությունը կործանում է իր որդուն: Մայր ու որդի չեն կարողանում հենման կետ գտնել բուրժուական հասարակության մեջ, իսկ տղայի մահը դառնում է խիստ և դաժան դատավճիռ` ուղղված  հենց այդ հասարակությանը: …Ֆիլմի ֆինալում, երբ Մամա Ռոման ողբում է` որդու մարմինը գրկած, հանդիսատեսն  ակամա մտաբերում է ավետարանական պիետան:

1964 թ. Պազոլինին ստեղծում է իր ծրագրային ստեղծագործությունը` “Ավետարան ըստ Մատթեոսի” ֆիլմը: Հիշենք, որ բեմադրիչը կրոնական դաստիարակություն չի ստացել, նույնիսկ կոնֆիրմացիա չի անցել, դպրոցում նա երբեք չէր հաճախում կատեխիզիսի դասընթացներին: Իսկ երբ հասուն տարիքում ընթերցեց ավետարանական տեքստը, ապշած մնաց, գրում էր, որ այն օժտված է “բարոյական գեղեցկությամբ”: Ահա թեմայի ընտրությունն ինքնին շատ անսպասելի է, քանի որ ավետարանական թեմային անդրադառնում է աթեիստը և մարքսիստը: Պազոլինին թեմայի ռեժիսորական մշակում չարեց, սցենար չգրեց, այլ որոշեց կուրորեն հետևել ավետարանական տեքստին` տող առ տող այն վերածելով պատկերաշարի:

“Մատթեոսի ավետարանում” նա պատկերում է իսկական ժողովրդական քրիստոնեական հավատքը, ոչ թե պաշտոնական բուրժուական կրոնը: Ըստ Պազոլինիի` Քրիստոսը աստված չէր, նա ընդվզող էր, առաջին հեղափոխականը: Նա քարոզում էր հարգանք մարդկային աշխատանքի նկատմամբ, արհամարհանք նյութական հարստության նկատմամբ, կոչ էր անում արդարության և հավասարության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել