Աշխահում տարբեր ժողովուրդներ իրարից տարբերվում են իրենց քաղաքակրթությամբ, կամ էլ զուտ մշակույթով և ավանդույթներով: Դրանք իրենց հերթին տարբեր հարթություններում, արտացոլվելով մեր առօրյա և պաշտոնական կյանքում, ավելի առարկայական են դարձնում մեր և մնացյալ ժողովուրդների տարբերությունները: Հայտնի է, որ այդ ազգային առանձնահատկություններից մեկը և տարբերվելու միջոցներից մեկը, նաև կոնկրետ երկրի ազգային բանակի համազգեստն է: Այս կապացությամբ հաճելի է լսել, որ մենք ևս շուտով կունենաք մեր ազգայինը և ի վերջո կտարբերվենք սովետա-ռուսական բանակից՝ ունենալով մեր ազգային խորհրդանշաններով և տարբերանշաններով նոր՝ ամենօրյա և տոնական համազգեստ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ 2011թ.-ին հայտարարել էր ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ: Վերջերս պարզ դարձավ, որ արդեն իսկ ընտրվել է վերջնական տարբերակը և ներկայացվել է ՀՀ նախագահի, Գերագույն գլխավոր հրամանատարի հաստատմանը: Ըստ նորանշանակ ԶՈՒ Թիկունքի պետ գնդապետ Նորայր Յոլչյանի ՝լուրջ ուսումնասիրություն և քննարկումներ են տեղի ունեցել համապատասխան ոլորտների մասնագետների հետ վերջնական տարբերակ ընտրելու համար:
Կարծում եմ՝ անկախ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներից, ներառյալ բանակում առկա որոշ չլուծված հարցերի, կարելի է անկեղծորեն հպարտությամբ և ուրախությամբ նշել, որ շուտով մենք, ինչպես աշխարհում շատ զարգացած և չզարգացած պետություններ, կունենանք ամբողջովին հայկական բանակի արտաքին տեսք և չենք դիտվի որպես ռուսական ռազմաբազայի մի զորամիավորում: Այսպես եմ ասում, որովհետև մեր ԶՈՒ համազգեստը գրեթե ոչնչով չի տարբերվում ռուսականից:
Իրոք նվաստացուցիչ է, որ մեր ժողովրդի նման հնագույն ժողովուրդներից մեկը պետք է օրինակ վերցնի կամ էլ նմանակի մեկ ուրիշ՝ շատ ավելի երիտասարդ ժողովրդին: Մի խոսքով, շնորհավոերում եմ մեզ բոլորիս և հույս հայտնում, որ մեր ԶՈՒ-ն կշարունակի զարգանալ և փոխվել ոչ միայն արտաքնապես, այլև խորքային առումով՝ ներքին բարեփոխումների ինտենսիվ կիրառման պայմաններում: Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, որ կունենաք այնպիսի բանակ, որն իսկապես սազական կլինի մեր ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/646977428702771?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել