A1plus.am-ը գրում է.

«Ես ապշել եմ քաղաքապետարանի վերաբերմունքից, գոնե դիմումիս բացասական պատասխան տային»,- այսպես սկսեց զրույցը Դավիթ Պողոսյանը։

Դավիթ Պողոսյանը վաղ մանկությունից սկսած տառապում է նյարդային կաթվածով (Cerebral Palsy – Quadriplegia, Детский церебральный паралич – ДЦП): Հիվանդության պատճառով Դավիթը ֆիզիկական ինքնուրույնություն չունի։ Նա գտավ մի սարք, որը թույլ է տալիս աչքերի շարժումով համակարգչից օգտվել՝ առանց որեւէ մեկի օգնության։

Այս սարքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ձեռքերը շարժել և համակարգչից օգտվել։ Սարքը նախկինում արժեր 7000 դոլար, իսկ այժմ 2000 դոլար է։ «Փորձեցի տարբեր տեղերից օգնություն խնդրել։ Դիմեցի ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, որ այդքան բարի համբավ ունի՝ իբրեւ բարեգործական կառույց, բայց չօգնեցին, քաղաքապետարանին ևս դիմեցի ու մերժվեցի։ Ես հասկացա, որ այս երկրում լինել հաշմանդամ՝ նշանակում է լինել արհամարհված»։

Մինչ այսօր եղել է ընդամենը մեկ օգնություն. «Առաջ «Աստղիկ»միություն կար, յոթ–ութ ամիսը մեկ կանչում էին, ամոթ էլ է ասելը, բայց ԱՄՆ-ից ուղարկած հագած շորեր էին տալիս, ես էլ թողնում տուն էի գալիս։ Հագած շորերը իմ տղուն երբեք չեմ տա»,–պատմում է Դավիթի մայրը։

Դավիթը գերազանց տիրապետում է անգլերեն լեզվին։ Այդ սարքը ունենալու դեպքում նա կարող է աշխատել՝ թարգմանություններ անել, վիդեոխաղերի սցենարներ գրել, քանի որ Հայաստանում չկան նման բաներ: «Եթե համակարգիչը չլինի, ես կխելագարվեմ»,- ասում է Դավիթը։ Նա նաեւ փնտրել ու գտել է, թե որտեղ կարող են բուժել իրեն, բայց ինչպես մայրն է ասում. «Շատ փող են ուզում, եթե տունն էլ վաճառենք, դրսում կմնանք»:

Բուժման շնորհիվ Դավիթի վիճակը 70%–ով կարող է լավանալ։ Դիմել են բազմաթիվ կառույցների, սակայն ոչ մի պատասխան։ Դավիթը սիրում է ֆիլմեր նայել, անգիր գիտի բոլոր դերասաններին, նույնիսկ խորհուրդ տվեց. «Մի լավ ֆիլմ ասեմ նայեք՝ «My left foot»», սիրում է երաժշտություն, սիրելի երգիչն է Մայքլ Ջեքսոնը, իսկ սիրելի գրողը՝ Պարույր Սեւակը։

Ֆուտբոլի մեծ երկրպագու է, բաց չի թողնում Ռեալ Մադրիդի խաղերը։ Դավիթը նաեւ գրել է բանաստեղծություններ, և ունի հրատարակված գիրք, որը վերնագրել է «Ադամանդյա արցունքներ»։Իսկ այն հարցին, թե ինչու այլեւս չի գրում, պատասխանեց. «Գրելու ուժ չեն թողնում»։

Մայրն ասում է, որ Դավիթը ուժեղ հումոր ունի. «Երբ հարցնում եմ Դավիթ, կետչուպո՞վ կուտես հացը, թե՞ թթվասերով, պատասխանում է՝գդալով»։ Խոսելով Հայաստանի ու այլ երկրների հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին՝մայրն ասաց, որ միակ տարբերությունը վերաբերմունքն է, իսկ բուժումը բոլոր տեղերում էլ նույնն է։

Դավիթը տնից դուրս չի գալիս. «Հայաստանում այնպիսի տեղ չկա, որ գնաս՝ քեզ տարօրինակ հայացքներով չնայեն։ Կուզեի մարդկանց ասել, որ ուրիշ աչքերով չնայեն հաշմանդամներին, մենք էլ ենք մարդ»։

Խոսելով անձնական կյանքից՝ ասաց. «Ես էլ եմ ուզում ընկերուհի ունենամ, բայց տենց աղջիկ չկա, պիտի խոշորացույցով նայես, որ գտնես։ Նորմալ երկրներում նման խնդիր չկա, բոլորը հավասար են։ Անգամ երազելն արգելված է այստեղ։ Հաշմանդամ լինել, չի նշանակում լինել այլմոլորակային»։

«Դավիթը շատ խելացի է, ու դա է մեզ օգնում՝ավելի հեշտ խնամենք իրեն։ Մենք հաշտվել ենք մեր կյանքի հետ, մեզ պետք է ուժ ու եռանդ»,-եզրափակեց Դավիթի մայրը:

Ի դեպ, Դավիթին օգնելու համար բացվել են անձնական հաշվեհամարներ.

1930014362480100 (AMD)

1930014362480101 (USD)



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել