2012 թ. ապրիլ ամսին Relative in Armenia (RIA) ընկերությունը Facebook-յան էջում անցկացրեց հարցում հայաստանցիների միջև երկիրը լքելու վերաբերյալ: Առաջակվում էր պատասխանել «Դուք ուզու՞մ եք լքել Հայաստանը» հարցին: Անհրաժեշտ էր տրված տարբերակներից ընտրել պատասխան.

  1. Այո, արդեն որոշված է
  2. Ոչ, չեմ պատրաստվում
  3. Եթե այսպես շարունակվի, շուտով կգնամ
  4. Արդեն Հայաստանում չեմ և չեմ վերադառնալու
  5. Հայաստանում չեմ, բայց վերադառնալու եմ շուտով

Հարցմանը մասնակցել են 211 ֆայսբուկցիներ: Ի ուրախություն մեզ՝ ձայների մեծամասնությունը ընտրել էին 2-րդ պատասխանը. 147 ձայն, սակայն 95 ձայն նշել էին, որ եթե այսպես շարունկավի, ապա կգնան երկրից: Վերջինի վերաբերյալ ես կարող եմ փաստել, որ այդ 93-ից մեկը արդեն մեկնում է իր ընտանիքով (4 հոգի):

37 քվեարկողներ նշել են, որ արդեն կայացրած է Հայաստանը լքելու որոշումը: Եվս 7 հոգի պատասխանել են, որ արդեն Հայաստանում չեն և չեն էլ մտածում վերադառնալու մասին: Եվ ընդամենը 6-ն են նշել, որ Հայաստանից դուրս են գտնվում ժամանակավոր:

Հատուկ կուզեի ասել մեկ մեկնաբանության մասին, որը արել էր գյումրեցի երիտասարդը: Նա խնդրում էր ավելացնել. «Ոչ, մնալու ենք, որ պայքարենք մինչև վերջ» և նրա հետ համաձայնվել էր ևս մեկ ֆայսբուկցի:

Գովելի է, որ Գյումրիում և այլ քաղաքներում դեռ կան նման նվիրյալ երիտասարդներ, սակայն ընդհանուր առմամբ վիճակը իսկապես տագնապ է առաջացնում, համենայնդեպս իմ նման ոչ պաշտոնյա, պարզապես երիկը սիրող մարդկանց մոտ: Բայց ի՞նչ կարող եմ անել, հայերը սիրում են և գիտեն լավ ապրել և տեղում անօգուտ ջանքեր գործադրելուց հետո որոշում են փորձել ավելի բարենպաստ պայմաններում: Չնայած դա էլ է աբսուրդ՝ հայերի համար ավելի բարենպաստ պայմաններ են օտար երկրներում: Օտար են, ճիշտ է, բայց ինչքան հնարավորություններ են տալիս աշխատասեր մարդուն:

Ինչ վերաբերում է ինձ, ապա վերոհիշյալ հարցմանը ես պատասխանել եմ, որ «եթե այսպես շարունակվի, ապա շուտով կգնամ»:  Ինձ առայժմ իմ հայրենասիրությունը պահում է Հայաստանում: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ապա իմ գոյությունը այստեղ ապահովում են իմ քույրերը Եվրոպայից և ամուսինս ԱՄՆ-ից: Բայց մինչև ե՞րբ: Իմ գյումրեցի լավ բարեկամը ինձ դեռ 2 տարի առաջ ասաց. “Ստեղ մնացել են անճարներն ու անթասիբները՝ կամ հնար չունին, որ երտան, կամ թասիբ՝ ըդպես Լեննական մե 300 000 մարդ կա”:

Շատ ենք խոսում արտագաղտի մասին, խոսում ենք բոլորս և ամենուր, սակայն ոչ մի քայլ չենք ձեռնարկում: Հայի “խասյաթ”՝ հիվանդությունը սկսում ենք բուժել, երբ արդեն մահամերձ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել