Հարց
Սկսել եմ ապրել սեռական կյանքով ու վերջապես կարող եմ տամպոն օգտագործել, բայց մայրիկս ասում է,որ տամպոնը վտանգավոր է ու անապահով:Իրո՞ք դա այդպես է:Ո՞րն է ավելի լավը:
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Դաշտանը կնոջ կյանքի անբաժան մասն է՝ 13-45 տարեկան ինտերվալում և այդ ընթացքում շատ կարևոր է հիգիենայի կանոններին հետևելն ու հարմար հիգիենայի միջոց ընտրելը: Ինչպես գիտեք, դրանք երկուսն են՝ միջադիր ու տամպոն: Քանի որ միջադիրներից շատ, թե քիչ տեղեկացված եք և օգտվում եք, ես մի փոքր կպատմեմ տամպոնի մասին:
Որոշ առումներով տամպոնն իրոք առավելություններ ունի.
-տեղադրվում է հեշտոցում,ավելի մոտ մենստրուալ արտադրության աղբյուրին,հետևաբար ավելի լավ է ապահովում մաքրությունը,եթե այն ճիշտ չափով է ընտրված ու տեղադրված,
-աննկատ է,
-հնարավորություն է տալիս ավելի ակտիվ կենսապերպ վարել՝ զբաղվել սպորտով,լողավազան հաճախել,պարել:
Սակայն կան նաև մինուսներ.
-գտնվելով մարմնի մեջ ու մնալով աննկատ, կարելի է մոռանալ նրա առկայության մասին,ինչը հետագայում կարող է բերել լորձաթաղանթի գրգռումից սկսած մինչև վտանգավոր ինֆեկցիաների առաջացման:
Դրա համար անհրաժեշտ է հիշել տամպոնի օգտագործման կանոններն ու հանգիստ օգտվել դրանցից.
-Խուսափել մշտապես տամպոն կիրառելուց,ավելի ճիշտ է հերթագայել տամպոնի ու միջադիրների օգտագործումը,
-տամպոնը տեղադրելուց առաջ անպայման լվացնել ձեռքերը,
-տամպոնը փոխել ամեն 2-4 ժամը մեկ,
-եթե կա դիսկոմֆորտի զգացողություն,ուրեմն տամպոնը ճիշտ չի տեղադրված,
-գիշերը քնելուց ավելի լավ է միջադիր օգտագործել.նախ այդքան շուտ փոխելու անհրաժեշտություն չի լինի և հետո գիշերվա ընթացքում վագինալ ֆլորան կհասցնի ինչ ոչ չափով վերականգնվել,
-տամպոնն ընտրեք ճիշտ չափով ու ելնելով մենստրուացիոն արտադրության ինտենսիվությունից:
-տամպոնն օգտագործելուց բացառվում է սեռական ակտը
Եթե Ձեր մոտ հաճախակի են սնկային (կանդիդոզ) վուլվովագինիտը կամ բակտերիալ վագինոզը,այլ կերպ ասած վագինալ ֆլորայի խանգարումները, ապա տամպոնից օգտվեք հազվադեպ,երբ իրոք անհրաժեշտ է:
Հիգիենայի ինչ միջոց ընտրել դաշտանային ցիկլի ժամանակ, դա յուրաքանչյուր կնոջ ընտրության հարցն է: Իսկ ես, որպես գինեկոլոգ խորհուրդ կտամ համատեղել տամպոնի ու միջադիրների օգտագործումը: Գիշերն ավելի լավ է օգտվել միջադիրներից, հատկապես երբ կան հատուկ “գիշերային” միջադիրներ: Ցիկլի վերջում,երբ կինը համեմատաբար ավելի ակտիվ է ու մենստրուալ արտադրությունն էլ ավելի քիչ, քան ցիկլի առաջին օրերին, գերադասելի են տամպոնները:
Իսկ ընդհանուր առմամբ, հիգիենայի միջոցների ընտրության ինչ որ խիստ կանոնակարգ գոյություն չունի ու լիովին կախված է տվյալ կնոջ նախասիրությունից ու կենսակերպից: