Ընկնող տերևի ահավոր ձայնը զրնգաց ականջներում:

Ձեռքերով փակեց ականջներն ու նայեց ներս մտնող կնոջը:

«Աստված իմ, ինչպես համոզել մարդկությանը, որ աշխարհի ամենագեղեցիկ բանը դա կնոջ ժպիտն է»:

- Դրսում ցուրտ չէ, իսկ դու դեռ բավական չէ որ բրդյա գլխարկը քաշել ես մինչև ականջներդ, դեռ ափերով էլ փակել ես: Լսում ես ինձ:

- Թատրոն եմ նայում, անձայն:

- Ի՞նչ թատրոն, դրսում ձյուն է գալիս:

- Այո, հենց դա, տեսնո՞ւմ ես լաց լինող ճնճղուկին, տեսնո՞ւմ ես ինչպես է երևում իմ մաս լինելը տիեզերքին:

- Հիմարություններ դուրս մի տուր, շուտով կհավաքվեն հյուրերը:

- Ես շատ ծեր եմ հյուր ընդունելու համար, թող ինձ խնդրում եմ, զբաղվիր քո գործերով:

- Դու քեզ դրել ես Դոն Կիխոտի տեղը, իսկ ես…

- Դու գիտե՞ս, որ բառերը վախենում են աղմուկից ու վեճերից: Դու գիտե՞ս որ բառերը շատ նեղացկոտ են ու նրբազգաց:

- Վերջացրու, հարկավոր է սեղան պատրաստել, օգնիր ինձ ու ջնջիր հիմար մտքերը, այսօր դու վաթսուն տարեկան ես դառնում:

Ժպտաց:

- Ուզում եմ պառկել, լավ չեմ զգում, օգնիր:

- Դու ի՞նչ է ձեռք ես առնում, քեզ ի՞նչ եղավ:

Ձեռքը դրեց սրտին ու նստեց անկողնու վրա:

Աչքերը փակեց:

Տեսավ արեգակի շողերն ու այդ շողերի մեջ վազող մի փոքրիկ տղայի, որն անպայման ցանկանում էր հասնել գնդակին:

«Կհասնի, անպայման կհասնի»,- մտածեց ու երբ տեսավ, որ գնդակը գլորվեց անդունդը, տնքաց ցավից ու ավելի սեղմեց կոպերը:

 

Չէր զգում ոչինչ, ձեռքերը, ոտքերը, կոպերը… բայց լսում էր ամեն ինչ:

Կնոջ ծղրտոցը, դստեր լացը, փեսայի հազը, տղայի անօգնական հոգոցները, բուժքրոջ ձայնը…

- Կարդիամին…

Բառերը ձյան ժամանակ հնչում են այլ կերպ, անձրևի ժամանակ այլ, արևի ժամանակ այլ…երբ քեզ իրականում զգում ես որպես տիեզերքի ամբաժանելի մաս, բառերը գժվում են, դառնում անկապ, դաժան, բայց իրական…դառնում են արձակ, դառնում են բանաստեղծություն, պատմվածք, նովել…ուժ են տալիս քեզ…

Մի կերպ բացեց շուրթերն ու շշնջաց.

- Լաց չլինեք, ամեն ինչ բնական է ու ժամանակին, սա էլ իմ ժամանակն է, իսկ դրսում թատրոն է, ավելի լավ է նայեք պատուհանից:

 

Կյանքը մի վիճակից անցնում է մի այլ վիճակի և այդ նոր վիճակը միգուցե ավելի հաճելի վիճակ է, ավելի ցայտուն զգացողություններով…բայց բոլոր վիճակներում էլ գործող անձը օդն է, որն այդ պահին լուծվեց ու չքացավ նրա համար…

 

Գերեզմանաքարի վրայից հին ու մաշված ավելը արդեն ուշացած մաքրում էր ծառից թափված տերևները, տերևները, որոնք թափվելուց ահռելի ձայնով են ընկնում գետնին՝ ավետելով մի նոր ժամանակ, մի նոր վիճակ, միգուցե ավելի լավ…

Տիեզերքից պակասեց մի փոքրիկ-փոքրիկ մասնիկ, որը շատ էր ուզում բոլորի համոզել, որ աշխարհի ամենագեղեցիկ բանը դա կնոջ ժպիտն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել