Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 27-ամյա հունգարացի լուսանկարիչ Սառլոտա Բանի լուսանկարների շարքը: Ստորև կարող եք կարդալ նաև Սառլոտայի ստեղծագործական ուղու և լուսանկարչական աշխատանքների մասին.
«Մոտ երեք տարի առաջ ես ինձ համար բացահայտեցի ֆոտոմանիպուլյացիայի զարմանահրաշ աշխարհը և անմիջապես բուռն հետաքրքրություն ցուցաբերեցի դրա նկատմամբ: Ֆոտոմանիպուլյցիան ասես խաղ լինի: Այն զանազան գաղափարներ զարգացնելու անսպառ հնարավորություններ է ընձեռում: Ես սիրում եմ իմ լուսանկարչական աշխատանքներում օգտագործել հասարակ տարրեր և այդ տարրերը միահյուսելով՝ ստեղծել տարբեր պատմություններ ու ընդգծել պատկերված անձանց անհատականությունը: Առարկաներն ու աննշան մանրուքները կարևոր են ինձ համար: Ես կարծում եմ, որ դրանք իրենց ուրույն պատմությունն ունեն: Թերևս հենց դրա համար էլ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Իմ ամենասիրելի առարկաները ծառերն են, ինչպես նաև բազմաթիվ հին ու գեղեցիկ կենցաղային առարկաներ, օրինակ, տպագրական իմ հին մեքենան, աթոռները, պատուհանները և այլն:
Ես հուսով եմ, որ իմ լուսանկարները դիտողներին ազատ մտածելու հնարավորություն են ընձեռում: Կարծում եմ, որ իմ լուսանկարները պարտադրող չեն, և յուրաքանչյուր դիտող իր ձևով է ընկալում դրանց իմաստը: Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ իմ նկարների մեծ մասը սյուրռեալիստական են: Իմ նկարների տարբեր տարրերը փոխկապակցված են և հենց այդ տարբեր տարրերի միահյուսումն էլ ամբողջացնում է պատկերը: Կարևորն այն է, որ իմ սյուրռեալիստական նկարներում արտացոլված են ռեալ զգացողություններ, մտքեր և առարկաներ: Դրանք այլ կերպ են ցույց տալիս իրականությունը: Իմ բոլոր նկարներում չէ, որ մարդիկ են պատկերված, սակայն բոլոր նկարներումս էլ արտացոլված են մարդկային զգացմունքներ ու պատմություններ»:




























