Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի «առաջնորդած» արկածախնդրությունը ամենատարբեր մեկնաբանությունների է ենթարկվում: Հատկանշական է, որ ընդդիմադիր ուժերը փորձում են այդ տխրահռչակ միջադեպը իրենց համար շահեկան լույսով ներկայացնել, իբր դա հակաիշխանական հուսահատ պոռթկում էր, հեղափոխության ազդանշան, ինքնազոհողություն հանուն արդարության, ժողովրդին ընդդիմադիր մարտական ոգի ներարկելու փորձ եւ այլն:
Բայց փորձենք սթափ հետադարձ հայացքով նայել նրա արածին ու ասածին եւ հասկանանք, թե նա իրականում ինչ էր ուզում, եւ ինչ ստացվեց, ինչ էր ծրագրել եւ ինչ իրականացրեց:
Իհարկե, նրա հետին մտքերը կարդալ անհնար է: Կբավարարվենք կռահումներով ու ենթադրություններով՝ հիմնվելով այդ օրվա նրա ելույթների տեսագրությունների վրա:
Առաջին դիտարկումն այն է, որ կանխամտածված անջրպետ կար Շանթի սկզբնական հռչակագրերի եւ նոյեմբերի 5-ի գործողությունների միջեւ: Նա մի քանի նենգափոխումներ կատարեց, որի հետեւանքով այսօր ունենք 14 քաղբանտարկյալ «Շանթի գործով»:
Նախ՝ Շանթը հայտարարել էր, թե այդ օրը կազմակերպելու են դիմակներով բողոքի խաղաղ երթ, ինչպես աշխարհի շատ երկրներում: Բայց դիմակներին ավելացրել էր այլ պարագաներ՝ փայտե ձողեր, ճայթուկներ, որոնք փաստորեն խաղաղ երթը վերածեցին ոստիկանության հետ բախման, դրանով իսկ թույլ տվեցին, որ քաղաքական գործողությունը վերաորակվի քրեական երանգով: Ոմանք ասում են՝ ձողերը երեկոյան ջահերթի համար էին, բայց չեն ասում, թե որտեղ էին ջահերը, որ պիտի ձողերին ամրացվեին, եւ ինչու ձողերը ջահերի կողքին չէին, այլ ցերեկային երթի ելած տղաների ձեռքին:
Երկրորդ՝ Շանթը իր նստացույցի ժամանակ հայտարարել էր, թե ուզում է արժեքների հեղափոխություն սկսել: Եվ քանի որ նա խոսում էր արդարությունից, հավասարությունից ու եղբայրությունից, ապա այդպիսի գաղափարական հեղափոխությանը, բարոյական ինքնամաքրմանը կարծես ոչ ոք դեմ չէր: Բայց նոյեմբերի 5-ին նա նենգափոխեց իր նպատակը եւ հայտարարեց, թե գնում են փայտերով ու ճայթուկներով գրավելու մի քանի կառավարական շենքեր: Ակնհայտ էր, որ նրանք այդպիսի բան իրականացնելու ի վիճակի չէին, բայց մտադրությունն անգամ նման դեպքում պատժելիության հիմք է ստեղծում:
Երրորդ՝ Շանթը խոստանում էր բանտերի դռները բացել եւ անմեղ դատապարտվածներին ազատ արձակել: Մինչդեռ մտադիր էր ու արեց ճիշտ հակառակը: Նա մի խումբ միամիտ մարդկանց մոլորեցնելով ներքաշեց փողոցային անիմաստ հրմշտոցի մեջ եւ նրանցով համալրեց բանտերում պահվող անմեղ մարդկանց թիվը: Ճիշտ է, ինքը՝ այդ ամենի մեղավոր Շանթն էլ է բանտում, բայց այլ կերպ լինել չէր կարող: Նա կա՛մ բանտում պիտի հայտնվեր, կա՛մ հոգեբուժարանում: Վերջին տարբերակը մեղմացուցիչ հանգամանք կլիներ մյուսների՝ խաբվածների համար: Ուստի Շանթը նախընտրեց առայժմ բանտում հանգրվանել:
Չորրորդ՝ խիստ փոխված էր Շանթի պահվածքը: Նախկինում նա ավելի լուրջ ու ծանրակշիռ ելույթներ էր ունենում եւ որոշ հարգանք ներշնչում իր նկատմամբ: Իսկ նոյեմբերի 5-ի երթից առաջ նրա ելույթները պարզապես փողոցային, խուժանական մակարդակի էին: Ավելին, նա իրեն պահում էր էժանագին խեղկատակի պես: Նրա հայացքը գողունի էր, ասես ինչ-որ նենգ մտադրություն էր թաքցնում: Խոսքը հայհոյախառն էր, կցկտուր, անտրամաբան ու հակասական: Մյուս կողմից՝ այդ խոսքը անկիրք էր, անհամոզիչ, կեղծ ու վանող: Երբեմն տաքանում էր միայն հայհոյելիս: Մեջընդմեջ էլ քչփչում էր կողքին կանգնած ոստիկանների հետ: Շանթն այդ պահին բոլորովին չէր պատշաճում ժողովրդին կամ գոնե ինչ-որ մի խմբի դեպի հեղափոխություն առաջնորդողի կերպարին: Այս արտաքին փոփոխությունը, ի տարբերություն նախորդների, ոչ թե միտումնավոր էր, այլ ակամա, քանի որ նրա խիղճը հանգիստ չէր. նա միամիտ ու խաբված տղաներին խոստացել էր խաղաղ երթ, բայց, ըստ իր թաքուն ծրագրի, նրանց տանում էր ուղիղ բանտ: Դրա համար էր երթից անմիջապես առաջ հատուկ հիշեցրեց, որ տղաները չմոռանան վերցնել փայտե ձողերն ու ճայթուկները: Խաղաղ երթի անկեղծ կազմակերպիչը ոչ թե կխրախուսեր ձողեր ու ճայթուկներ վերցնելը, այլ կտրուկ կարգելեր, քանի որ դրանք ամեն վայրկյան կարող էին վերածվել սադրանքի ու բախման գործիքների եւ քրեական մեղադրանքի հիմքերի:
Հինգերորդ՝ Շանթը, չնայած խոստացել էր անգամ մարտի 1-ի ձախողումից հետո հուսալքվածներին ոգեւորել ու իր հետեւից տանել, իրականում ուզում էր ոչ թե հեղափոխություն անել, այլ ընդամենը ծաղրել ու վարկաբեկել հեղափոխության կամ հեղաշրջման գաղափարը: Դա նրան փայլուն կերպով հաջողվեց: Իրոք, ի՞նչ է նշանակում 20-30 հոգով, «ռագատկայով ու բենզինի շշերով» (որ չունեին էլ) գնալ իշխանություն տապալելու եւ հեղաշրջում իրականացնելու: Ո՞վ չգիտի, թե ինչ հսկայական միջոցներով ու դաժան պայքարով են հեղափոխություններ իրականացվում: Դրանց համեմատ Շանթի կազմակերպածը հեղափոխության փորձի «տնազ» էր ուղղակի:
Ակնհայտ է, որ այս ամենը միանգամայն ձեռնտու էր իշխանություններին: Բայց իշխանությունները կարծես ոչ թե «պարգեւատրում» են Շանթին, այլ պատժում: Դա կա՛մ խաղ է (եւ հավանաբար շուտով նրան բաց կթողնեն), կա՛մ ուղղված է Միացյալ Նահանգներում ապրող ու գործող Շանթի հոր դեմ, որը անցյալ տարվա աշնանը լուրջ մեղադրանքներով հանդես եկավ ընդդեմ մեր իշխանությունների:
Իսկ Շանթից խաբված երիտասարդները ուզում էին Շանթին աջակցել՝ իրենց պատկերացրած ամենաազնիվ նպատակներից ու արժեքներից ելնելով, մինչդեռ Շանթի «շնորհիվ» ակամա ծառայեցին հեղափոխության գաղափարի վարկաբեկմանը: Խե՜ղճ տղաներ, ի՜նչ խաղերի գործիք են դառնում:
Ահա թե ինչու այսօր շա՜տ շատերը պարզապես չեն ուզում Շանթի անունը լսել, զզվում են նրանից: Նրա նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը խորացավ նրա կնոջ հեռուստահարցազրույցից հետո: Կնոջ հանգիստ եւ ինքնագոհ կեցվածքը ամուսինների ու Շանթի հոր նենգ ու շահավետ համագործակցության հաջողված լինելու վկայությունն էր:



