Տարածքը շատ փոքր էր, ընդամենը վեց խորանարդ մետր և վստահ կարելի էր ասել, որ այնտեղ ոչինչ արտառոց չէր կարող կատարվել:
Արագությունն էլ էր փոքր:
Բայց չէ որ դրանք չափանիշ չէին, ու կինը գլխիկոր կարծես չցանկանալով, սևազգեստ տղամարդու ետևից մտավ ներս:
- Ձեզ ո՞ր հարկ, Տեր Հայր:
- Տասներկու:
- Ես էլ:
Լռությունը մահացել էր վերելակի ճռինչից:
- Հավատո՞ւմ ես:
- Ի՞նչ, ախ հա, չգիտեմ, չեմ մտածել արդեն քանի տարի է:
- Եկեղեցի այցելո՞ւմ ես:
- Ոչ, ժամանակ չկա:
- Աշխատո՞ւմ ես:
- Այո, ծաղիկներ եմ վաճառում, իսկ այս շենքում օգնում եմ մի հիվանդ կնոջ:
- Ե՞վ, շա՞տ են վաճառվում: Ուրա՞խ ես:
- Եթե կենտ են գնում, ուրախ եմ, եթե զույգ…
- Պարզ է, այցելիր եկեղեցի, թող աղոթողների թիվն ավելանա:
- Եկեղեցում աղոթողների թիվը կավելանա միայն այն ժամանակ, երբ պակասեն հիվանդանոցի պատերի տակ աղոթողների թիվը:
- Փիլիսոփայում ես ինչպես տղամարդը:
- Ինչո՞ւ տղամարդու փիլիսոփայությունն ա՞յլ է, քան կնոջ փիլիսոփայությունը:
- Քիչ այլ է:
Տեր Հայրը գլուխը կախեց, նայեց կնոջ ձեռքի տոպրակից դուրս պրծած հավի ոտքին:
Վերելակը տեղ հասավ:
Երկուսով էլ շարժվեցին դեպի բնակարաններից մեկի բաց դուռը, որի մոտ մարդիկ էին կանգնած ու լուռ ծխում էին:
Տեր Հոր դեմքը ոչինչ չէր ասում, իսկ կնոջ դեմքին ափսոսանքի հայացք էր ու ուշացած ուղևորի արտահայտություն:
Սենյակում մահն էր պառկած, սպիտակ մազերով:
Անակնկալից ուշքի եկած կինը գնաց խոհանոց ու ձեռքի տոպրակը դնելով փոքրիկ սեղանի վրա դանդաղ դուրս եկավ բնակարանից:
Լաց չէր լինում, ուղղակի տխուր էր, հիշեց մահացած կնոջ խնդրանքը.
«Անահիտ ջան, սիրտս հավի միս է ուզում, մյուս անգամ կարո՞ղ ես գնել:»
Տեր հոր բամբ ձայնով սկսված «Հայր Մեր»-ը խլացավ վերելակի բարձրացող ձայնից:
Վերելակ մտան երկուսով:
Մաքուր սափրված տղամարդ էր, կոստյումը թանկագին էր, ձեռքի ժամացույցը «EMBASSY»:
- Ձեր տոպրակը մոռացաք խոհանոցում, վերադառնա՞մ բերեմ:
- Դա Ձեր մոր խնդրանքն էր, երկու օր առաջ խնդրեց:
- Դժվա՞ր էր նույն օրը գնել ու բերել:
- Դա իմ մեկ օրվա աշխատանքն է, իսկ Ձեզ դժվա՞ր էր հինգ տարվա ընթացքում գոնե երկու տող նամակ ուղարկելը: Իսկ հավը կեփեք, հյուրասիրեք Տեր Հորը, մեծ ախորժակով էր նայում:
Տղամարդը ձայն չհանեց, վերելակը հասավ տեղ:
Կինը միայնակ դուրս եկավ վերելակից ու գնաց:
Տղամարդը վերելակով բարձրացավ տուն, ընդունելու ավելացող մարդկանց ցավակցանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել