Tert.am-ը գրում է.
Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը ծրագրելիս կազմակերպիչները հաշվի էին առել ամեն մի խորհրդանշական մանրունք. եռագույնով տորթ՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» խորագրով, եռագույնով փուչիկներ, որ բերեց Շանթի տղան՝ Շահենը, Ռուբեն Հախվերդյանի, Պարույր Հայրիկյանի, Էդուարդ Զորիկյանի երգերը , Արթուր Մեսչյանի ու ազգային-ազատագրական երգեր: Բոլոր այս խորհրդանիշներց գլխավորը, թերևս, Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունն էր, որն ընթերցվեց հարթակից:
Նախքան այդ, Շանթի համախոհ Վրեժ Զատիկյանը կարդաց անուն առ անուն բոլոր այն երիտասարդների անունները, որոնք այդ օրվա իրադարձությունների հետևանքով գտնվում են անազատության մեջ: Յուրաքանչյուր անվան ընթերցումից հետո տեղից վանկարկում էին՝ «Ա–զա–տու–թյուն»:
«Շանթի ծննդյան օրն է, էսօր հավաքվելու ենք, ու, իհարկե, նշում ենք, բոլոր քաղբանտարկյալների ծննդյան օրը ու պահանջում ենք Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ինձ թվում է՝ Հայաստանի համար մեծ շքեղություն է ընդհանրապես քաղբանտարկյալ ունենալը, այն էլ 15 քաղբանտարկյալ, ու դա եռագույն տորթի վրա էլ է երևում, որ շատ-շատ է»,- Tert.am–ին ասաց երգիչ Էդուարդ Զորիկյանը՝ ամփոփելով.«Հայաստանն առանց քաղբանտարկյալների: Ամոթ է»:
Նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ավելացրեց, որ ցանկացած երկրի համար մեկ քաղբանտարկյալ ունենալն անգամ մեծագույն ամոթ է, իսկ Հայաստանի համար առավել, ևս, որ տարիներ շարունակ քաղբանտարկյալներ է ունեցել:
«Տխուր փաստ է, բայց դա պետք է արձանագրենք որպես փաստ ու ամեն բան անենք, որ նման բան չլինի»,- Tert.am-ին ասաց Վարդան Հարությունյանը:
Հավաքին ներկա էին բազմաթիվ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Հովսեփ խուրշուդյանը, նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագհ Միքայել Հայրապետյանը, ազատամարտիկ, ընդդիմադիր գործիչ Սարգիս Հացպանյանը և այլոք։
Թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը պետք է նշվեր գինիով, սակայն Ազատության հրապարակ բերվել էր մանկական շամպայն, քանի որ ոստիկանները թույլ չէին տվել զանգվածային միջոցառման ժամանակ ալկոհոլային խմիչքի օգտագործումը։
Շանթի ծննդյան արարողությունը չանցավ առանց միջադեպերի, քանի որ տարածքում ծառայություն առաջարկող ոստիկանները, ապա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին առաջարկեցին, տեղավորվել 20 րոպեի շրջանակում՝ նշելով՝ որ Երևանի քաղաքապետարան հավաքի մասին չի իրազեկվել, և ի գիտություն չի ընդունվել:
Վրեժ Զատիկյանի և Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից ընթացքում, ի պատասխան դիտարկման, որ սա ինքնաբուխ հավաք է, որը իրազեկում չի պահանջում, Վալերի Օսիկյանը, բերելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, նշեց, որ այն չի կարող ինքնաբուխ լինել, քանի որ դրա մասին, մոտ տասը օր է՝ հաղորդվում է սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում:
Չնայած այս նախազգուշացմանը, Վրեժ Զատիկյանը հայտարարեց, որ ոչ մի քայլ չեն նահանջելու նախապես հայտարարված ծրագրից, և միջոցառումը շարունակվեց երգերով ու ելույթներով:
Նաև շարքերից շատերը ոստիկաններին հրավիրում էին տորթ ուտելու:
Միջոցառման ավարտին կընթերցվի Շանթ Հարությունյանի ուղերձը:
Տեսանյութն՝ այստեղ



