Նայեցի տեսանյութը, թե ինչպես Գագիկ Ծառուկյանն արձագանքել է գյուղաբնակ տղային և նրան ու ընկերներին նվիրել մարզահագուստ, մարզագույք...
Գիտեի, որ Ծառուկյանն անմիջապես կարձագանքի, եթե տեղյակ լինի:
Մինչդեռ նրա կողքին՝ կուսակցությունում և հիմնադրամում, կան մեկ-երկու երիտասարդ, որոնք բառացիորեն վարկաբեկում են Գագիկ Ծառուկյանին, ստում, խաբում նրա անունից...
Սա չէի գրի, եթե կատարվածը խոր նստվածք չտար, եթե մինչև այսօր ես և մի շատ պատվական մարդ շփոթմունքի մեջ չլինեինք:
2012 թվականին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանի ծննդյան 75-ամյակը: Գրեցի գիրք նրա մասին, որը պիտի լիներ հոբելյանական նվեր: Հոբելյանական հանդիսությունը ծրագրված էր նոյեմբերին: Դեռևս սեպտեմբերին նամակ գրեցի ԱԺ ԲՀԿ խմբակցություն՝ Գագիկ Ծառուկյանին, խնդրելով աջակցել գրքի հրատարակմանը: Զանգահարեցին ինձ խմբակցությունից, փոխանցեցին հեռախոսահամար և ասացին, որ այդ հարցով կարող եմ զանգահարել նշյալ հեռախոսահամարին: Զանգահարեցի: Մի երիտասարդ պատասխանեց, ներկայացրեցի խնդիրը: Խոստացավ, որ կտեղեկացնի Գագիկ Ծառուկյանին: Մի քանի օր զանգում էի, հիշեցնում: Երիտասարդն ասաց, որ եթե նամակը պարոն Ծառուկյանի մոտ է, ապա կունենա դրական լուծում: Ես ուրախացած՝ գիրքը հանձնեցի ,,Վան Արյան,, հրատարակչատուն: Հրատարակիչը, Գուժ Մանուկյանի հանդեպ ունեցած իր հարգանքով, սկսեց գրքի տպագրական աշխատանքները... Հոբելյանը մոտենում էր, մինչդեռ այդ երիտասարդն իմ ամեն մի հեռախոսազանգին պատասխանում էր, որ կլինի, մի մտածեք...
Զանգահարեցի հոբելյանից երեք օր առաջ: Նույն այդ երիտասարդն այժմ արդեն ,,մուննաթով,, ասաց. ,,Ի՞նչ եք ուզում, պարոն Ծառուկյանը շատ վաղուց մերժել է,,...
Սա սառը ցնցուղի էր նման, որովհետև հրատարակիչն արդեն պատրաստվում էր գրքի էջերը կարել...
Մինչև այսօր գիրքը լույս չի տեսել, հրատարակիչը հսկայական աշխատանք է կատարել, բայց... ես չեմ կարողացել նրան վճարել գոնե կատարվածի դիմաց:
Գուցե Գագիկ Ծառուկյանը թույլ չտա, որ իր կողքին լինեն ստախոս ու անազնիվ մարդիկ, որոնք նաև ուրիշներին են դնում ծանր վիճակի մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել