1in.am-ը գրում է.
Ուկրաինական զարգացումների նկատմամբ Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի պասիվ դիրքորոշումը մեծ հիասթափություն է առաջացրել այնպիսի երկրներում, որոնք Ուկրաինան իրենց համար ուղենշային են համարում: Որոշ առաջատար միջազգայնագետներ ԵՄ-ի այս քաղաքականությունը որակում են պարտվողական ու ճգնաժամային, որը պետք է հաղթահարել էլ ավելի մեծ կորուստներ չկրելու համար:
Այնինչ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Էդուարդո Լորենցո Օչոան ասաց, որ առաջին հերթին պետք է հասկանալ` ԵՄ-ի հարաբերություններն իր գործընկերների հետ գործընկերային են, որը նշանակում է՝ ԵՄ-ն ձեռնպահ է մնում իր գործընկերների նկատմամբ ճնշումներ բանեցնելուց: Այսինքն` կողմերն իրենք են որոշում իրենց գործակցության մակարդակը, և ակնհայտորեն, ԵՄ-ն հարգում է իր գործընկերների կայացրած որոշումները:
Ըստ նրա` սա նշանակում է, որ հաճախ հենց ԵՄ պարտնյորի գործն է որոշել իր մոտեցումը և առաջարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների իր տեսլականն ու գործակցության մակարդակը:
«Ուկրաինայի ներկայիս զարգացումների համատեքստում այս մոտեցումը ԵՄ-ի հետաքրքրության և գործողության բացակայության պատճառով շփոթմունք է առաջացնում, բայց սա է ԵՄ-ի հիմնական մոդելը: Մյուս կողմից՝ ԵՄ-ն ավանդաբար և հաջողությամբ օգտագործել է «փափուկ ուժը»՝ իր հարևաններին ժողովրդավարության զարգացման և կայուն սոցիալական շուկայական տնտեսության ներդրման ուղղությամբ ոգևորելու համար: Ճիշտ է, որ սա երկար ժամանակ է պահանջում, բայց արդյունքներն ու օգուտները ևս պահպանվում են երկարաժամկետ ապագայում: ԵՄ-Հայաստան վիզային դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագիրը ևս քայլ է այս ուղղությամբ, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք ականատես ենք դառնալու ԵՄ և ԱլԳ երկրների օրակարգի շարժունության ուղղությամբ քայլերի: Սա շատ արդյունավետ գործիք է ԱլԳ երկրներում եվրոպական արժեքներ ներդնելու և ոչ միայն սոցիալական համախմբվածություն, այլև երկրի զարգացման մոդելի հարցում քաղաքական կոնսենսուս ձևավորելու հարցում»,- ասաց ՀԵԲ քարտուղարը:
Նա նաև հավելեց, որ ԵՄ անդամ շատ երկրներ իրականացնում են սեփական նախաձեռնությունները, որոնք լրացնում են ԵՄ-ի «փափուկ ուժի» ազդեցությանը: Այս մտքի լավագույն ապացույցը, նրա խոսքով, Լեհաստանի որոշումն էր՝ բացել աշխատանքային շուկան Հայաստանի Հանրապետության համար` ժամանակավոր աշխատանքային թույլտվություններ տրամադրելով ՀՀ քաղաքացիներին:
Հարցին` ի՞նչ հետևանքներ կունենա եվրահեղափոխությունը ԱլԳ քաղաքականության վրա, ՀԵԲ գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ դա կանխատեսելը բավականին բարդ է: Բայց, ըստ նրա, ամեն դեպքում, հեղափոխական փոփոխությունը պահանջում է 2-3 տարվա դադար երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական հեռանկարների տեսանկյունից, և 21-րդ դարում, երբ աշխարհը փոփոխվում է, երեք տարվա հետընթացը եվրոպական հանրությունից շատ բան կխլի: «Մենք այս ֆենոմենին հետևել ենք վերջերս ԵՄ-ի հարավային հարևանությունում, և յուրաքանչյուրն իր հետևությունները պետք է անի: Մյուս կողմից՝ էվոլյուցիոն փոփոխության ուղին ինձ թվում է փոփոխության միակ խելամիտ ուղին»,- ասաց նա:
Ամփոփելով՝ ՀԵԲ ղեկավարն ասաց, որ ԵՄ-ն սկսել է հրապարակային ընդունել ԱլԳ երկրների նկատմամբ քաղաքականության առավել լավ տարբերակման անհրաժեշտությունը: Այսինքն՝ ըստ նրա, վեց երկրներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է ու տարբեր, և ԵՄ-ն այսուհետ, նույն ձևաչափն առաջարկելու փոխարեն, փորձելու է փոխել իր մոտեցումը` ճանաչելով այս առանձնահատկությունները:
«Այս իմաստով՝ միանշանակ, սա Եվրոպայի հետ իր հարաբերությունների գաղափարը վերանայելու Հայաստանի մեծ հնարավորությունն է: Հայաստանը պետք է օգտագործի այս պատուհանը այնպիսի ձևաչափ առաջարկելու համար, որը լավագույնս կարտացոլի իր եվրոպական ընդհանուր արժեքները: Քանի դեռ ԵՄ-ի ուշադրությունը ԱլԳ երկրների վրա է, լավագույն պահն է Հայաստանի համար ակտիվ լինելու և հարաբերությունների նոր մոդել առաջարկելու համար»,- ասաց Էդուարդո Լորենցո Օչոան:



