Lurer.com-ը գրում է.

Հեղինակավոր The National Interest ամսագիրը հրապարակել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանի և նույն կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան, Եվրասիական հետազոտության և վերլուծության Վաշինգտոնյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Սահակյանի համատեղ հոդվածը:

«Աֆղանստանը Ամերիկայից հետո. ալիքային ազդեցություններ Ռուսաստանում և Կովկասում» վերնագրով հոդվածում հեղինակները վերլուծում են Աֆղանստանից ԱՄՆ ղեկավարած ուժերի դուրսբերմամբ պայմանավորված տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ, ՌԴ և ռազմաքաղաքական դաշինքներ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի դերակատարությունները և Կովկասում հնարավոր քաղաքական գործընթացները:

Հոդվածը մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն բովանդակային, այլև հրապարակման պլատֆորմի տեսանկյունից. այստեղ են հրապարկվում ԱՄՆ ներկա և նախկին վարչակազմի աշխատակիցները և միջազգային հեղինակավոր ուղեղային կենտրոնների ղեկավարները:

Lurer.com-ը ներկայացնում է հայ փորձագետների հեղինակած հոդվածի հայերեն թարգմանության համառոտ տարբերակը.

«Աֆղանստանից ԱՄՆ ուժերի դուրսբերմանը զուգընթաց, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դառնում է առավել ասիա-խաղաղօվկիանոսյան կողմնորոշված, և ելնելով այն փաստից, որ ԵՄ-ն չի կարող դառնալ գլխավոր խաղացող տարածաշրջանում շարունակական ֆինանսական և այլ ճգնաժամերի պատճառով, Ռուսաստանը կունենա ավելի մեծ ազդեցություն այս տարածաշրջանում հետ-2014թ. ժամանակաշրջանում: Մաքսային Միության, Եվրասիական Տնտեսական Միության և ՀԱՊԿ (միացյալ օդային պաշտպանության համակարգ) զարգացումների ուղղորդմամբ Ռուսատանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը տնտեսական, ռազմական և այլ միջոցներով:

Դուրսբերումը ակտիվ, անհամաչափ և տարացրված ահաբեկչական սպառնալիքի պատճառ կհանդիսանա: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Քաբուլում իշխանության համար պայքարի համատեքստում հնարավոր է զինված հակամարտություններ ժայթքեն հիմնականում Թալիբանի զինյալների կողմից, որը կհանգեցնի Աֆղանստանում մեկ այլ քաղաքացիական պատերազմի: Կենտրոնական Ասիայի ծերացող ղեկավարությունը չի տիրապետում արդիական մեխանիզմների, որպեսզի կարողանա կանխել և կառավարել հավանական քաոսը, և դեռևս հստակ ըմբռնում չկա առ այն, թե Ռուսաստանն ինչպես կկարգավորի իրավիճակը:

ՆԱՏՕ-ի դիրքի ՀԱՊԿ-ով փոխարինումը հարցականի տակ է: ՀԱՊԿ-ը չի կարողանա մատակարարել կոալիցիոն ուժերի մակարդակին մոտ զորքեր: Բացի այդ, ՀԱՊԿ-ին պակասում է այսօրինակ մեծ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համաձայնեցվածություն և կարողություն: Նրա դերը կարող է լինել աջակցման և/կամ սահմանափակ մարտական բնույթի` նման հայաստանյան զինվորների ներկայիս ծառայությանը: Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ-պետությունն է, որ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) համար զորքեր է մատակարարում, ուստի ՀԱՊԿ-ում քիչ ինստիտուցիոնալ հիշողություն կա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դերը ստանձնելու համար: Ելնելով Հայաստանի փորձի հիմքից` Հայաստանից Գեներալ-Մայոր Հայկ Քոթանջյանն առաջարկել է կառուցել ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցության մեխանիզմների մեկնարկի արդյունավետ հարթակ` ուղղված ցրելու Աֆղանստանից առաջիկա դուրսբերմամբ պայմանավորված անորոշությունները, սակայն այս հարցը դեռ պետք է հստակեցվի:

ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա թերևս անուղղակի էֆֆեկտներ նույնպես լինեն: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությունը մեծացել է` Աֆղանստան մուտք գործմամբ: Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը հաստատել են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերը: Հարավկովկասյան երեք հանրապետությունները նաև մատակարարում են տարբեր չափաքանակով զորքեր «ISAF»-ի համար, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը «Հյուսիսային բաշխման ցանցի» (NDN) մաս են կազմում, ինչը թույլ է տալիս ցամաքով փոխադրել ռազմուժի համար կարևոր ապրանքների շուրջ 40 տոկոսը: Այս երկրներից շատերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են հիմնականում Աֆղանստանի օպերացիայի հատվածակողմով, ուստի դուրսբերումը էապես կսահմանափակի ՆԱՏՕ-ի ներկայությունը այս երկրներում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի օպերացիայի համար զորքեր տրամադրելով, այս երկրները փորձում էին հավասարակշռել իրենց հարաբերությունները Ռուսաստանի (ՀԱՊԿ) և Չինաստանի (ՇՀԿ) հետ: Դուրսբերումը կվերացնի այդ հավասարակշռության աղբյուրը` թողնելով նրանցից շատերին առավել կախյալ Ռուսաստանից և/կամ Չինաստանից, և պատուհան ապահովելով Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիոն ջանքերի համար:

Չնայած 2014 դուրսբերումը Աֆղանստանից վերջնականապես չի մեկուսացնի ԱՄՆ-ին և Արևմուտքին տարածաշրջանից, այդուամենայնիվ, կլինի գործունեության նկատելի նվազում. ԱՄՆ-ը թերևս նպատակադրվի վերասահմանելու իր ազդեցությունը տարածաշրջանում` անցնելով դեպի «փափուկ ուժի» քաղաքականության: Սա կարող է ներառել աջակցություն ԱՄՆ-ին շահավետ ներքին քաղաքական զարգացումներին, ինչպես գունավոր հեղափոխությունները:

Սակայն, քաղաքական-ռազմական վակուումը պետք է լցվի տարածաշրջանային խաղացողներով: ՀԱՊԿ-ը կունենա սահմանափակ (եթե ինչ-որ) դեր Աֆղանստանում: «Նոր Մետաքսի Ճանապարհի» և ԱՄՆ կողմից սատարվող նմանատիպ տնտեսական ծրագրերը հարցականի տակ կդրվեն: Ռուսաստանը և տարածաշրջանային մյուս խաղացողները ստիպված կլինեն մեղմելու Աֆղանստանում իշխանության հնարավոր պայքարի ռիսկերը: Աֆղանստանում հետ-դուրսբերման ժամանակահատվածում բռնության ինտենսիվացման կանխատեսմամբ նոր դերակատարները թերևս իրականացնեն իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն ավելի ազատականորեն, քան նախորդ տասնամյակում»:

Հոդվածի բնօրինակը` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել