Բոլորս էլ տեղյակ ենք, որ այժմ Սիրիայում առկա են բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրենց պայքարն են տանում` ընդհանուր լեզու չունենալով ո՛չ սիրիական կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հետ: Մեզ բոլորիս նաև հայտնի է, որ այդ ծայրահեղ-իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների պայքարին մասնակցում են նաև բազմաթիվ ադրբեջանցի երիտասարդներ: Հետևելով ադրբեջանական մամուլին` վերջերս կարդում ենք և լսում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների մոտեցումները տվյալ խնդրի վերաբերյալ և դրանից հետո մարդ չգիտի՝ ուրախանա, թե սգա այս մարդկանց մտածողության կապակցությամբ:
Վերջին մեկնաբանությունն այդ հարցի վերաբերյալ արել է մեր հարևան երկրի փոխվարչապետ Ալի Ախմեդովը: Վերջինս մասնավորապես ասել է հետևյալը. «Բացասաբար եմ վերաբերվում դրան, քանի որ Ադրբեջանի երիտասարդությունը Սիրիայում պայքարելու փոխարեն պետք է պատրաստվի ազատագրել մեր օկուպացված տարածքները»:
Այս պաշտոնյայի ասածը կարելի, պատկերավոր ասած, նույնականացնել իրենց հիմնական բանախոսների ասածների հետ, ովքեր իրենց թանկարժեք ժամանակը տրամադրում են և իրենց պարտքն են համարում անդրադառնալ այս խնդրին: Այսպիսով, տեսեք, թե ինչ է ստացվում. այս մարդիկ ոչ այնքան դժգոհում են այն բանից, որ իրենց այդ երիտասարդները ահաբեկիչներ են և իրենց կյանքն են վտանգում` պայքարելու համար ոչնչով իրենց երկրի հետ կապ չունեցող երկրում և ոչնչով չհիմնավորված իրենց համար պայքարում, և նման անհասկանալի գաղափարների ազդեցության արդյունքում կործանում են իրենց կյանքերը, այլև Ադրբեջանի վերնախավը դժգոհում է, որ նման ջանքերը չեն ուղղվում հօգուտ իրենց հայատյացության գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն իրականացնելուն: Այլ կերպ ասած, իշխանությունները թքած ունեն իրենց երիտասարդների կյանքերի վրա, իսկ հասարակությունը, ընկնելով այդ գաղափարախոսության ազդեցության տակ և լինելով դրա գերին, ոչ մի ավելի լավ խորհուրդ չի կարողանում տալ իր երիտասարդներին:
Նման հայացքները, որոնք ի դեպ մեծամասնություն են կազմում ադրբեջանական հասարակության ամենալայն շրջանում, գալիս են ապացուցելու այն, որ հայատյացությունն օր-օրի ավելի է խորանում և արմատանում այդ մարդկանց մեջ, և նրանք ցանկացած հարցի շուրջ սկսում են մտածել հայերին դրանով վնասելու կամ հայերի հանդեպ թույն շնչելու տեսանկյունից: Մարդ չգիտի՝ ինչ մտածի: Սա լա՞վ է, թե վատ: Սակայն մեր հանդեպ այսքան մեծ «ուշադրությունը» կարող է հանգեցնել նաև մասսայական հոգեկան խանգարման: Այնպես որ, մաղթում եմ մեր հարևաններին հոգու և մտքի հանգստություն, թե չէ առանց իրենց կյանքն ավելի անհետաքրքիր կդառնա:
Հ.Գ. Դուք գիտե՞իք, որ ադրբեջանցիները Emporio Armani ապրանքանիշի ոչ մի իր չեն գնում, քանի որ կարծում են, որ դա կապված է հայերի հետ և նշանակում է «Հայերի կայսրություն»:



