Tert.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքական հարթակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի բացառում։ «Հնարավոր է Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, թե երկրի նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ունեն իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեսակետներ ունենալ։ «Այդ տեսակերտները՝ կոնկրետ Քոչարյանի, ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային և քաղաքական։ Բովանդակային հարցադրումների բովանդակային պատասխանը պետք է տան կառավարության ներկայացուցիչները, ու այս դեպքում, կարծես թե, տվել են, իսկ եթե չի բավարարում, ուրեմն պետք է շարունակել»,- ասաց նա և նշեց, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հանդես է գալիս սուր տնտեսական քննադատությամբ, որոնց նույնպես պետք է բովանդակային պատասխաններ տրվեն։
Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի և կառավարության գործունեությունը, այն դեպքում, երբ վաճառվում են երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները, անվտանգության քարտուղարը հարցրեց, թե ինչ օբյեկտ է վաճառվել։ Հուշեցին՝ վերջինը Որոտանի ՀԷԿ-երի համալիրն էր։ «Որոտանի ՀԷԿ-ի գործարքը փայլուն տնտեսական գործարք է։ Այսօր 180 մլն ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ ես սա համարում եմ մեծ ձեռքբերում։ Տա Աստված, որ նման ներդրումներ ավելի շատ լինեն Հայաստանում։ Ես կոնկրետ նման գործարքների կողմնակիցն եմ»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



