Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան) (1868-1938թթ.) դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ: Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի ճարտարապետության վրա:
Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1868թ-ի փետրվարի 1-ին Հայաստանի Գուգարք շրջանի Ախալցխա քաղաքում (ներկայումս` Վրաստանի Ջավախեթի շրջանում): Նա Քաջազնունի ազգանունը ստացել է իր պապիկի Իգիթխանյան ազգանունը թարգմանելու արդյունքում: Նախնական կրթությունն ստացել է 1877-1886թթ Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական դպրոցում:
1887թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893թ-ին ավարտելով` ստանում է ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներին ինստիտուտի 25 ամյակի առթիվ տպագրվել է ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով:
1893-1895թթ. աշխատել է Բաքվում` որպես ինժեներ-ճարտարապետ:
1895-1897թթ. աշխատել է Բաթումում` որպես ճարտարապետ:
1897-1899թթ. Թբիլիսիի մունիցիպալ կառավարությունում աշխատել է որպես շրջանային ճարտարապետ:
1899-1906թթ. Բաքվի նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ: Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողների` Բալախանի, Բիբի-Եյբաթի, Սաբունչու հետ: Նա Բաքվում նախագծել է հոսպիտալ և բնակելի շենքեր:
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898թ.-ին Պետերբուրգի ճարտարապետերի կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ: 1907թ.-ի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր: Հունիսի 4-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որը չգոհացրեց Բուդաղյանի կտակակատարներին, որոնք էլ հունիսի 7-ին հաղթող ճանաչեցին Քաջազնունու նախագիծը: Օգոստոսի 2-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները: Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից: Քաղաքական կյանքի իրադարձությունները նրան ստիպեցին որոշ ժամանակով լքել Բաքուն: Իր բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բայևը: Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը 1930-ական թթ-ի սկզբին քանդեցին և տեղը կառուցեցին կոնսերվատորիայի շենքը: Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ: Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»: Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից: 
1905-1906թթ. կովկասյան թաթարների (1930-ական թթ-ից ադրբեջանցի) կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ:
1906թ-ից սկսած նա թողնում է իր մասնագիտական աշխատանքն ու սկսում է ակտիվորեն զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ:
1918թ-ի փետրվարից Անդրկովկասյան սեյմի անդամ:
1918թ-ի հուլիսի 30-ից եղել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ: Քաջազնունու վարչապետությունը տևել է մինչև1919թ-ի օգոստոսը: Փետրվարյան ապստամբության ջախջախումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում:
Վերադարձել է 1924թ-ին, դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1937թ-ին ձերբակալվել, 1937թ-ին դաժանորեն սպանվել է ՆԺԿ բանտում:
Քաջազնունին ցանկանում էր ստեղծել միջկուսակցական կառավարություն, այնուհանդերձ այն կազմվեց հիմնականում դաշնակցականներից.
Ալեքսանդր Խատիսյան-արտաքին գործերի նախարար /ՀՅԴ/
Արամ Մանուկյան-ներքին գործերի նախարար (ՀՅԴ)
Խաչատուր Կարճիկյան-ելմտական նախարար (ՀՅԴ)
Հովհաննես Հախվերդյան-զինվորական նախարար (անկուսակցական)
Գ. Տեր-Պետրոսյան-արդարադատության նախարար (անկուսակցական)
Քաջազնունին միաժամանակ ներկայացրեց նաև կառավարության գործունեության ուղղությունները.
Մի անգամ նա փաստել է. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»: Հստակորեն ուղենշելով գործունեության ոլորտները՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր առաջադրած ծրագրի իրագործմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել