Ինձ համար եւս մեկ «հաճելի» բացահայտում եմ արել: Հայաստանյան TV-ներից մեկով՝ «Կենտրոնով», աչքովս ընկավ մի հաղորդում «Քո սխալը», որում խիստ ազգային հագուկապով, խիստ ուսյալ մի հաղորդավարուհի «քրիստոնեական արժեքների եւ հայկական ընտանիքի պաշտպանության» քողի ներքո իր հրավիրած հյուրերի հետ միասին բացահայտ եւ բավական ագրեսիվ, միակողմանի քարոզչություն է իրականացնում ընդդեմ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների, անվանում դրանք արեւմտյան եւ եվրոպական (այլապես հակաեվրոպական ու հակաարեւմտյան նպատակադրված քարոզչությունն էլ չէր ստացվի): Ընդ որում, քարոզչության ամենավատ տեսակներից էր՝ միակողմանի «փաստարկումներով», թացը չորի հետ խառնելով, առանձին դիպվածքներ որպես համատարած ներկայացնելով, հաճախ՝ պարզ ապատեղեկատվությամբ հանդերձ (օրինակ, ոմն եկեղեցական Զաքարիա հայտարարեց, որ Եվրոպան ձգտում է մուսուլմանության): Հաղորդումներից մեկի ժամանակ հյուրը համընդհանուր համակարծության պայմաններում գանգատվում էր, որ դասագրքերում դեռ մնացել է այն դրույթը, որ մարդը առաջացել է կենդանուց (Դարվին պապին քաշվեց), իսկ մեկ ուրիշն առաջարկում, որ դպրոցներում դասերը «Հայր մեր»-ով սկսվեն: Վստահաբար հաջորդ հանդիպումներից մեկում կարդարացվի միջնադարյան ինկվիզիցիան՝ Ջորդանո Բրունոյին այրելու եւ Գալիլեին հալածելու համար (իհարկե, ինչպե՜ս էին նրանք համարձակվում ասել, որ Երկիրն է Արեգակի շուրջ պտտվում): Իսկ մեկ այլ հաղորդման ժամանակ հարձակման սլաքն ուղղված էր արեւմտյան, եւ հատկապես՝ Ուոլթ Դիսնեյի արտադրած մուլտֆիլմների դեմ՝ որպես հայ երեխաներին անբարոյականություն եւ «համասեռամոլություն» թաքնված կերպով քարոզող: Հազիվ դիմացան, որ չհայտարարեն, որ հայ երեխան պետք է նայի միայն ռուսական մուլտֆիլմեր, այն էլ միայն Պուտինի օրոք ստեղծված (դե սովետական «Ну Погоди»-ն ու «Կոկորդիլոս Գենան», ըստ նման «ազգափրկիչների», հաստատ թաքնված կերպով պեդոֆիլիա քարոզելիս կլինեն, իսկ Վիննի Թուխը՝ այլասերություն :)) )... Ինչ մեղքս թաքցնեմ՝ որքան Միկի Մաուս կամ այլ արեւմտյան մուլտֆիլմներ նայել եմ՝ ոչ մի անբարոյականություն չեմ տեսել: Հուսամ՝ ինձ դրա համար մեր խիստ ազգային հոգեւոր հայրերը հայ առաքելական եկեղեցուց չեն արտաքսի...
Էս ի՜նչ պատուհաս է պատել հայրենիքս: Հազիվ էին հանդարտվել կրքերը ռոք, ջազ եւ այլ տիպի «սատանայական» ու «ապազգային» երաժշտությունների դեմ կղերական հարձակումների պահով, հիմա էլ՝ սա... Բայց որ «գաղջ մթնոլորտը» խորացնելու գործում Հ1-ին միացավ նաեւ «Կենտրոնը»՝ հեչ լավ չի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151944747107199?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել