Ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր և պարող Ջասթին Թիմբեռլեյքը ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Մեմֆիսում: Ջասթինը իր առաջին քայլերը երաժշտական կարիերայում արել է 11 տարեկանում՝ մասնակցելով «Star Search» հեռուստատեսային շոուին, որտեղ նա հանդես էր գալիս որպես Ջասթին Ռենդալ։ 1995 թվականին ստեղծվում է «N Sync» խումբը, որի վոկալիստներից մեկը  Ջասթինն էր: Խումբը սկսում է իր կարիերան 1996թվականին Եվրոպայում և արդեն 1998 թվականին ԱՄՆ-ում թողարկում է իր «*NSYNC» կոչվող առաջին դեբյուտային ալբոմը, որը ունենում է ավելի քան 11 միլիոն վաճառք։ Խումբն իր գործունեության ընթացքում վաճառում է ավելի քան 50 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում և դառնում է բոլոր ժամանակների երրորդ ամենաշատ վաճառված բոյ-բենդը։ 2002 թվականի օգոստոսին «MTV Video Music Award»-ում Ջասթինը կատարեց իր «Like I Love You» կոչվող առաջին սինգլի պրեմիերան, որը «Billboard Hot 100» ցանկում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Իր առաջին սինգլի թողարկումից հետո նույն տարվա նոյեմբերի 5-ին նա թողարկեց «Justified» կոչվող իր դեբյուտային սոլո ալբոմը։  Ավելի ուշ ալբոմը ամբողջ աշխարհում ունեցավ 7 միլիոն օրինակի վաճառք։ 2003 թվականի ամռանը ալբոմի վաճառքին նպաստելու նպատակով Ջասթինը ունեցավ տուր Քրիստինա Ագիլերայի հետ համագործակցությամբ։ 2004 թվականի փետրվարին Գրեմմի մրցանակաբաշխությունում Ջասթինը ստացավ իր առաջին 2 մրցանակները։ «Justified» ալբոմը ստացավ «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» մրցանակը, իսկ «Cry Me a River» երգը արժանացավ «Լավագույն արական փոփ վոկալ կատարում» մրցանակին։

2007 թվականի հուլիսի 24-ին թողարկվեց «Ayo Technology» զուգերգը ռեփեր 50 Սենթի հետ։ Նույն տարվա նոյեմբերին բրիտանական Duran Duran խումբը Ջասթինի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Red Carpet Massacre» ալբոմը։ Շարունակելով իր համագործակցությունների շարքը՝ 2008թ.-ի մարտի 17-ին թողարկվեց «4 Minutes» երգը Մադոննայի հետ, որը դարձավ երգչուհու «Hard Candy» կոչվող իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլը։

2013 թվականի մարտի 19-ին Ջասթինը թողարկեց իր «The 20/20 Experience» կոչվող ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում ունեցավ ավելի քան 968,000 օրինակի վաճառք։ Նույն տարվա սեպտեմբերի 30-ին թողարկվեց Ջասթինի «The 20/20 Experience – 2 of 2» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը, որը նրա «The 20/20 Experience» ալբոմի շարունակությունն է։ 

Ջասթին Թիմբեռլեյքի դերասանական կարիերան

Ջասթինը իր դերասանական կարիերայի դեբյուտը կատարեց «Էդիոսոն» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր մի լրագրողի։ «Էդիոսոն» ֆիլմում նկարահանվելուց հետո, 2006 թվականին նա հայտնվեց միանգամից 4 այլ ֆիլմերում։ 2007 թվականին նա հնչյունավորեց Արթուր թագավորի կերպարը «Շրեկ երրորդ» մուլտֆիլմում։

2008-ին նա նկարահանվեց ռեժիսոր Մայք Մայերսի «The Love Guru» կատակերգական ֆիլմում։ Նույն տարում նա ստացավ ռեժիսոր Մայք Մերեդիթի «Բաց ճանապարհ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Շարունակելով իր դերասանական կարիերան 2010-ին Ջասթինը նկարահանվեց ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմում, որին հաջորդեց Ջեյք Կեզդանի «Վատ ուսուցիչ» ֆիլմը 2011-ին։ Նրա հաջորդ մարմնավորած կերպարը ռեժիսոր Ուիլ Գլաքի «Շահույթով ընկերներ» ֆիլմում էր, որտեղ նրա խաղընկեր էր Միլա Կունիսը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել