Kinoashkharh.am-ը գրում է.
POFF` Տալլինի «Մթին գիշերներ» կինոփառատոնը (նոյեմբերի 15 – դեկտեմբերի 1) երկու անգամ ինձ աթոռից ընկնելու հնարավորություն տվեց: Նախքան մեկնարկը տեղեկացել էի, որ Հայաստանից կինոգործիչներ են մասնակցելու: Մտածում էի` դե, ինչպես միշտ, անցյալի վարպետների աշխատանքների հետահայաց ցուցադրություն կլինի, մի բան, որ մի տեսակ բնութագրական է դարձել, համարյա ձևաչափ, երբ արտասահմանյան կինոփառատոներում հայկական կինո է ներկայացվում:
Բայց բացում եմ փառատոնի կայքը, և այնտեղ մի սիրուն հայուհու լուսանկար է (Մարիամ Մելիքսեթյանի), դա դեռ քիչ է, կողքին էլ գրված է` «Հայկական կինոյի նոր ձայները»: Շատ խառը զգացողություններ ունեցա այդ պահին: Ոչ մի ուրիշ տրամաբանական հարց չտալու ցանկությամբ ուղղակի ուզեցի ուրախ-ուրախ արձանագրել, որ թերևս առաջին անգամ նման ձևաչափով ու նման մասշտաբներով է (միանգամից 17 ֆիլմ) ներկայանում հայկական կինոն. հայկական կինո+նոր ձայներ:
Մյուս կողմից` բազմաթիվ հարցեր են գրոհում. բա ասում են մեր կինոն մեռնո՞ւմ է, մի՞թե այդքան երիտասարդների ձայներ ունենք կինոյում, որ մի ամբողջ ծրագրի նյութ ապահովվի, իսկ ովքե՞ր են նրանք, որ ներկայանալու նոր ձևաչափ են ապահովելու մեր կինոյին, ի՞նչ ընդհանուր միտումներ ունի այդ երիտասարդ հայ կինոն: Պայմանավորվում եմ մեր պատվիրակության հետ, որ հանդիպենք, քննարկենք այս ամենը:
…Մինչ այդ գնում եմ մեր կինոգործիչների երեկոյի տոմսը: Տարօրինակ զգացողություն, երբ դրսում ապրելով` առնում ես հայրենակիցներիդ, գրեթե գործընկերներիդ երեկոյի տոմսը: Դա «օտարի աչքով» նայելու հնարավորություն է տալիս, կողքից, ավելի սթափ, սենտիմենտներից զերծ: Հետո պարզվելու էր, որ օտարի, «հարազատ օտարի» աչքով մեր կինոն ու կինոգործընթացները կողքից նայելու պահանջ ունեին հենց մեր կինոգործիչները, ոչ միայն ես:
Իմ այցի օրը ցուցադրվում էր Մարիա Սահակյանի բազմամրցանակակիր «Այդ ես չեմ» աշխատանքը: Չնայած այս ֆիլմի շուրջ աղմուկին, չէի տեսել (երևի հենց դրա համար էլ չէի նայել): Տեսա, բավականին տպավորվեցի, բայց այս ֆիլմը մեր կինոդպրոցին կամ գոնե կինոիրականությանը չի վերաբերում. դրսի է նախ և առաջ ձեռագրի առումով, ու դա էլ ավելի լավ է: Նույն ծրագրում մեկ այլ աշխատանք, որ տեսա, Դիանա Կարդումյանի «Աշնան արևն» էր: Այս ռեժիսորի անունը թերևս ամենաբրենդայինն է, ամենահայտնին մեր երիտասարդ սերնդի կինոգործիչների շարքում: Այս աշխատանքը Հայաստանում էլ էի տեսել, այստեղ էլ նայեցի. միանգամայն տարբեր զգացողություններ, ամեն դեպքում գնահատելի է լուրջ մոտեցումը: Մինչ այդ մասնավոր կարգով տեսել էի նաև նույն ծրագրում ներառված Մարիաննա Եղիազարյանի «Շապիկը»: Ինձ հայտնի էր նաև մեկ այլ երիտասարդ կին պրոդյուսերի տպավորիչ փորձ (ոչ այս ծրագրից): Այս ամենով հանդերձ գայթակղություն առաջացավ արձանագրելու, որ մեր կինոյում այսօր ուրույն ասելիքով, շոշափելի դերակատարությամբ հանդես է գալիս հենց գեղեցիկ սեռը: Իհարկե, նույն ծրագրի շրջանակներում նրանց հնարավորինս արժանապատվորեն հակակշռում էր նաև ուժեղ սեռի կինոն: Այս ուրույն «սեռափոխությունը», բայց ավելի շատ սերնդափոխությունը, ըստ իս, հենց այն է, ինչ հույս է ներշնչում, որ կփոխի, նոր շունչ կհաղորդի մեր կինոյին էլ, մշակույթին էլ, ամեն ինչին էլ: Դրա կարիքը շատ կա մեր երկրում:
Փառատոնային թոհուբոհից զերծ մի հարմարավետ անկյունում այս ամենը քննարկեցի ռեժիսոր Դիանա Կարդումյանի (որ նաև Տալլինի կինոփառատոնի հայկական կինոծրագրի համադրողն էր և ներկայացել էր նաև «Դիալոգներ» ֆիլմով), արվեստագետ Միքայել Վաթինյանի (ներկայացրել էր «Բոժոն», «Ժաննան և ձայները») և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի հետ:
Երկրորդ անգամ քիչ մնաց աթոռից ընկնեի, երբ զրուցակիցներս ասացին, որ «փառատոնում է Եվա Գրինի…»: Բայց ամեն ինչ իր հունով գնաց, ավելի ճիշտ Եվա Գրինին տեսնելու հույսով հանդիպումը չթողեցի ու չհեռացա, քանի որ, բարեբախտաբար, մինչև վերջ լսեցի. «Փառատոնում է Եվա Գրինի հայրը, նաև` քույրը»:
Ուրախ էի, երբ զրուցակիցներս հավաստիացրին, որ նյութ ունենք` կինոնյութ, ավելին` շատ ունենք (զուտ քանակական առումով) ու ստիպված ենք լինում կրճատել, երբ ծրագիր է կազմվում` հասցնելու համար փառատոնի պահանջած ժամաքանակին (տվյալ դեպքում` 18 ժամից 12-ի): Փոխարենը լուրջ խնդիր են ստեղծագործական ռեսուրսները. ռեժիսորները շատ հաճախ նաև սցենարիստ են, լուրջ գրական հենքերն էլ ցանկալի են, բայց գրեթե բացակայում են:
Իսկ Տալլինի կինոփառատոնի մասշտաբի կինոֆորումին նման ծրագիր ներկայացնելու համար, պարզվում է, հարկավոր է մոտ 5-6 ամսվա աշխատանք. հայ կինոգործիչների խումբը ժամանում է տվյալ դեպքում Տալլին, շփումներ ունենում, կապեր հաստատում, այդ թվում` Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո մեր կինոգործիչներին մնում է համապատասխան հայեցակարգ մշակել: Այս դեպքում թվում է` համադրողների առաջադրանքը ինչ-որ առումներով ավելի բարդ է, քան բուն կինո ստեղծելը:
Միքայել Վաթինյանը, թեման շարունակելով, նշում է, որ նյութ անշուշտ հավաքվում է, բայց ընդհանուր առմամբ պատկերն այնքան էլ ուրախացնող չէ, իսկ որպես միտում ամենից հստակ երևում է փակուղին:
Սոնա Հարությունյանը փառատոնում հայկական ծրագիրը միջազգային փորձ գնահատեց, իսկ նման հնարավորությունները` հարթակ: Արտասահմանցի հանդիսատեսի ներկայությամբ հայկական ֆիլմեր նայելն ու նաև նրանց արձագանքով կողմնորոշվելը պակաս օգտակար չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ