Հաճախ կարելի լսել, որ ցանկացած երկրի փրկությունը կայացած միջին խավն է: Մի ժամանակ Հայաստանում անգամ շարժում ծավալվեց, որի կարգախոսն էր «Ձևավորենք միջին խավ» շուտասելուկը: Ասվեց ու մոռացվեց, սակայն պետության և հասարակության համար միջին խավի առաջնային կարևորության մասին առասպելը պահպանվեց: Միջին խավի մասին առավել կարևոր բանը, որ պետք է իմանալ, այն է, որ հասարակական-քաղաքական հարաբերությունների համատեքստում միջին խավ կոչվածը արդյունք է, այլ ոչ թե արդյունք ստեղծող: Միջին խավի են պատկանում մարդիկ, ովքեր հարմարվել են երկրի կառավարման առանձնահատկություններին և անձնապես նյութական առումով օգտվում են դրանց ընձեռած հնարավորություններից: Այդ խավին պատկանող մարդիկ պահպանողական են և թշնամաբար են վերաբերվում ներպետական կյանքում առաջարկվող փոփոխություններին, անկախ այն բանից, թե դրանք ներքևից են գալիս, թե վերևից՝ կառավարման ոճի ցանկացած փոփոխություն սպառնալիք է պարունակում նրանց դիրքի և եկամուտի համար: Միջին խավը կարող է ձևավորվել, ընդլայնվել և կայուն դիրքեր ձեռք բերել միայն արդյունավետ կառավարման պարագայում: Այդ խավը բնորոշվում է նրանով, որ երկրի կյանքի համար կարևոր որոշումները կայացնելուն մասնակից լինելու հավակնությունը չունի, սակայն որքան մեծ է միջին խավի տեսակարար կշիռը, այնքան ավելի կայուն և դիմադրողունակ է երկիրը ներքին ու արտաքին ռիսկերի նկատմամբ: Մեծ հաշվով, միջին խավը երկրի կայունությունն ապահովող գործոն է, քանի որ մեղմում կամ չեզոքացնում է վերևից կամ ներքևից եկող անհամաչափ պահանջները: Այսօր Հայաստանից հեռացողների մեջ զգալի մաս են կազմում հենց միջին խավի ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել