Մեզանից մոտ 50 տոկոսի մոտ ամուսնությունը ձախողվում է: Մեր սերունդը սկսել է հավատալ, որ ամուսնությունը հին ինստիտուտ է, որը դատապարտված է ձախողման: Մենք դիտարկում ենք ամուսնությունը իբրև մեր դեմ լարված ռումբ, որն ամեն րոպե կարող է պայթել, կամ իբրև ծուղակ, որը թշվառության մեջ է գցում մարդկանց:
Ամուսնացած տղամարդու կողմից գրված այս նամակը կօգնի փոխել ամուսնության մասին մեր ունեցած պատկերացումները: Այդ նամակում ամուսնացած տղամարդը պաշտպանում է ժամադրվելու իր իրավունքը:

«Ես ուզում եմ խոստովանություն անել: Ես ժամադրվում եմ մեկի հետ, թեպետ ամուսնացած եմ: Նա սքանչելի աղջիկ է: Նա գեղեցիկ է, խելացի, սրամիտ, ուժեղ և աստվածավախ: Ես սիրում եմ նրան տանել ռեստորան, կինոթատրոն, շոուների և շարունակ ասել նրան, թե նա որքան գեղեցիկ է: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ բարկացել նրա վրա: Երբ ես բարկանում եմ նրա վրա, բարկությունս հինգ րոպեից ավելի չի տևում: Ինչպիսի հանգամանքներում էլ որ լինեմ, նրա ժպիտը միշտ լուսավորում է իմ օրը:
Երբեմն նա այցելում է իմ աշխատավայր, ճաշ պատրաստում ինձ համար կամ զարմացնում ինձ իր ձեռքով պատրաստած ինչ-որ թխվածքով: Ես այնքան բախտավոր եմ, որ կարող եմ ժամադրվել ու հանդիպել նրա հետ՝ չնայած, որ ամուսնացած եմ: Ես խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ ինձ պես վարվեք: Դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում դեպի լավը: Օ, ես մոռացա նշել, որ այն կինը, ում հետ ժամադրվում եմ, իմ կինն է: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում: Դուք զրկված չեք ժամադրվելու իրավունքից սոսկ այն պատճառով, որ ամուսնացած եք: Ես կնոջս հետ ժամադրվելու կարիք եմ զգում անգամ նրա հետ ամուսնանալուց հետո: Ես չպետք է դադարեմ սիրահետել կնոջս միայն այն պատճառով, որ մենք երկուսս էլ երդում ենք տվել խորանի առաջ:
Ժամադրությունների ընթացքում կարողանում ես ճանաչել կողքինիդ յուրօրինակ կերպով: Ինչո՞ւ պետք է իրար ճանաչելու այս գործընթացը երբևէ կանգ առնի: Ամեն առավոտ արթնացեք և ձեր ամուսնուն կամ կնոջն այնպիսի մեծ ուշադրություն դարձրեք՝ ասես ձեր առաջին ժամադրությունն է: Այդ դեպքում ձեր հարաբերությունները կտրուկ կփոխվեն դեպի լավը: Ցանկացած տեսակի հարաբերություններում նախաձեռնողականությունն ու անկաշկանդ շփումը ամենակարևոր բանն է: Ոչ ոք չի ուզում այնպիսի մեկի կողքին ապրել, ով ամբողջ սրտով չի սիրում իրեն: Ես խորհուրդ եմ տալիս ժամադրվել ձեր ամուսնու կամ կնոջ հետ ու սիրահետել նրան: Հասկացեք, որ ժամադրությունները չպետք է ավարտվեն սոսկ այն պատճառով, որ դուք ամուսնացած եք:



