Մարդիկ հաճախ խոսում են այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ՄԱԿ-ի անդամ, չի օգտվում իր իրավունքից և չի բողոքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, երբ Ադրբեջանը կրակ է բացում Տավուշի մարզի ուղղությամբ: Տեսեք, առաջին հայացքից իրոք կարելի է նման հարց բարձրացնել և պնդել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի կարևորագույն նորմերը` ոտնձգություն անելով միջազգայնորեն մերը ճանաչված տարածքների ուղղությամբ: Փորձեմ բացատրել, թե ինչու Հայաստանը չի դիմում կամ էլ ինչու չպետք է դիմի:


Տեսեք, եթե մենք փորձում ենք տարանջատում մտցնել Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան հարաբերություններում և փորձում ենք ԼՂ հակամարտությունը ներկայացնել աշխարհին որպես Հայաստանի Հանրապետության հետ ուղղակի կապ չունեցող մի խնդիր և կոչ ենք անում թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը այս հարցը լուծել ուղղակիորեն Արցախի իշխանությունների հետ, դա դեռ բնավ չի նշանակում, որ ամբողջ աշխարհը հալած յուղի պես ընդունում է մեր դիրքորոշումը և տվյալ խնդիրն ընկալում է որպես Արցախում մեր հայրենակիցների և Ադրբեջանի միջև խնդիր: Սրան ի հավելումն, Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի տվյալ հակամարտությունը ներկայացնի որպես ՀՀ-ի ագրեսիվ քաղաքականություն և հարցը տեղափոխի միջազգային այլ կառույցներ` մասնավորապես ՄԱԿ և արդյունքում անվտանգության խորհուրդ` շատ լավ գիտակցելով, որ այդ դեպքում նրա շանսերը շեշտակիորեն աճում են խնդիրը հօգուտ իրեն լուծելու ուղղությամբ:

Երկրորդ` հարգելի ընթերցող, ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ շատերս ենք կարծում: Այնպես չէ, որ Ադրբեջանը մշտապես խախտում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ մենք «օրինապահ քաղաքացու» պես, կներեք արտահայտության համարս, «էշի ականջում քնած ենք»: Ինչպես տվյալ հրաձգությունները և դրանց արդյունքում առաջացած խնդիրները՝ լինեն դրանք նյութական, թե մարդկային կորուստների տեսքով, երկկողմ բնույթ ունեն և այդ պարագայում արդեն կարևոր չէ դրանց հրահրման համամասնական տարբերությունները, և ի վերջո, եթե մենք դա առաջ քաշենք Ադրբեջանի փաստարկն ավելի է ուժեղանում, որ խնդիրն իրականում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կամ էլ այն, որ Արցախն ու Հայաստանը նույն բանն են, քանի որ նրանք էլ կարող են ասել, որ մենք կրակում ենք իրենց տարածքների ուղղությամբ ոչ միայն Արցախի տարածքից, այլև հենց բուն Հայաստանի Հանրապետության: Իսկ եթե հարցը հասնի դա ապացուցելուն, ապա ես Ձեզ վստահեցնում եմ, որ պետք եղած ժամանակ դա շատ հեշտությամբ կարվի, իսկ անելուց հետո դամեզ բնավ ձեռնտու չի լինի:

Այժմ ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Արցախի հակամարտության բուն էությանը: Հարգելիներս, ինչքան էլ մենք խոսենք միջազգային իրավունքից և պնդենք, որ Արցախի անկախությունը հիմնավորված է թե՛ իրավական, թե՛ պատմական, թե՛ բարոյական տեսանկյունից, ուզում եմ Ձեզ հիշեցնել կամ էլ տեղեկացնել, որ տվյալ խնդիրը բացառապես քաղաքական բնույթ ունի: Մեզ խնդրի լուծման տվյալ ձևաչափը ձեռնտու է այնքան ժամանակ, քանի դեռ խնդրով զբաղվում են տվյալ տերությունները, իսկ եթե մենք խնդիրը մեր ձեռքով, ասել է թե Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով, տեղափոխենք այլ միջազգային կազմակերպություն, մասնավորապես ՄԱԿ, ապա մեր վիճակը շատ ծանր կլինի, քանի որ ոչ ոք չի նստելու և իրավական լուծում գտնելու և միայն իսլամական համագործակցության կազմակերպության և թուրքալեզու երկրները հերիք են, որ մենք պարտվենք դիվանագիտական ճակատում: 

Հարգելիներիս, ես ընդամենը մակերեսորեն ներկայացրեցի այն պոտենցիալ վտանգը, որին կարող ենք բախվել նման անհեռատես քաղաքականությամբ: Այնպես որ, նման հարցերում ՄԱԿ-ի անունը տալ և նսեմացնել ներկայիս ֆորմատի դերը հակամարտության կարգավորման գործում միջազգայնորեն պետք չէ: Հասկանալի է, որ մենք շատ անգամ աշխարհը պատկերացնում ենք ավելի վարդագույն, և մեզ թվում է, որ մեր ճշմարտությունը համամարդկային ճշմարտություն է, բայց դա, ցավոք, և բնավ այդպես չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել