Panorama.am-ը գրում է.
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ի պատիվ ՀՀ Նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ և չեխ ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված փոխգործակցությանը, նաև միջազգային կառույցներում և այլ խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հանդիպման սկզբում Սենատի նախագահ Միլան Շտեխն ընդգծելով, որ հայ-չեխական միջպետական հարաբերությունները բարեկամական են, նշել է, որ Չեխիան ցանկանում է ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ կապերը: Սենատի նախագահը խոսել է հայ և չեխ ժողովուրդների պատմական ընդհանրությունների, դարերի ընթացքում նրանց հաղթահարած բազում դժվարությունների և մարտահրավերների մասին, ընդգծել, որ Հայաստանն այսօր էլ շարունակում է ապրել բարդ տարածաշրջանում: Իր երկրի կողմից նա վստահեցրել է, որ Չեխիան ցանկանում է, որ բոլոր խնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով, ինչպես ժամանակին դա արել է Չեխիան: Նա նշել է, որ խաղաղության ապահովման կարևոր գրավականներից է երկրի տնտեսության զարգացումը, և Չեխիան պատրաստակամ է ընդլայնել ու սերտացնել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի: Նա կարևորել է հատկապես ավանդական ոլորտներում՝ սննդարդյունաբերության, էներգետիկայի, մշակույթի, գիտության և այլ, զարգացնել համագործակցությունը և կարևորել նաև խորհրդարանների միջև փոխգործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



