Galatv.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր:
Դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Նոր օրենսդրական փոփոխությունը ի՞նչ խնդիրներ է առաջացրել ՌԴ-ում գտնվող մեր երկրի քաղաքացիների համար եւ խնդիրների առաջացման դեպքում ի՞նչ են անելու հայերը:
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անում են առավելագույնը, որ նոր օրենքի պայմաններում հնարավորինս քիչ խնդիրներ ունենան ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Սակայն պասիվություն են ցուցաբերում հայերը, ինչպես միշտ դիմում են ուշացած, երբ արդեն խնդիրներ են ունենում:
«Մենք միշտ ժամանակին իրազեկում ենք, այս փոփոխությունների մասին եւս բազմիցս դիմել էինք մեր քաղաքացիներին, պաշտոնական կայքի միջոցով եւս կոչ ենք արել ցուցաբերել հետեւողականություն, կարգի բերել փաստաթղթերը, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց ցավոք սրտի, մեր քաղաքացիներից շատերը ժամանակին չեն հետեւում իրենց փաստաթղթերին, ձեւակերպումներին եւ դրա համար խնդիրներ են ունենում: Հիմա մեր հյուպատոսական ծառայությունը եւս աշխատում է ամենօրյա գրաֆիկով, մեծ քանակությամբ քաղաքացիներ է ընդունում եւ ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիների մոտ օրենսդրական նոր փոփոխությունների պայմաններում առաջացած դժվարությունները հաղթահարելի լինեն: Եթե Ռուսաստանի օրենսդրությանը չհակասեն, ապա խնդիրներ չենք ունենա ՌԴ միգրացիոն ծառայության հետ»:
Է. Ջամբազյանի խոսքերով՝ հիմա էլ ՌԴ-ում գտնվող դեսպանատուն դիմում են հիմնականում այն քաղաքացիները, որոնց մոտ արդեն ինչ-ինչ խնդիրներ առաջացել են:
«Բոլորը, ովքեր գալիս են դեսպանատուն, հրատապ խնդիրներ ունեն, բոլորը իրենց հարցերը ինչպես միշտ թողնում են վերջում»,- ասաց Է. Ջամբազյանը:
Արդյո՞ք հայ միգրանտները մրցունակ կլինեն այսուհետ Ռուսաստանում տեղացի աշխատուժի հետ այն դեպքում, երբ աշխատանքի տեղավորող ընկերությունը ստիպված է լինելու աշխատանքային պայմանագիր կնքել եւ այդ աշխատողին ցույց տալ հարկային մարմիններում: Որովհետեւ գաղտնիք չէ՝ ներգաղթյալներին աշխատանք են տալիս հենց նրա համար, որ ստվերում են եւ չեն վարձատրում կամ քիչ են վարձատրում: Մեր այս հարցին ՌԴ-ում գործող ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Է. Ջամբազյանը ասաց, որ սխալ է այլ երկրի օրենսդրությունը կամ փոփոխությունը մեկնաբանելը, ուղղակի պետք է ենթարկվել այդ օրենսդրությանը:
«Մենք չենք կարող Ռուսաստանի օրենդրությունը մեկնաբանել եւ չենք մեկնաբանում: Ռուսաստանն օրենք է ընդունել, եւ մենք հարգում ենք: Եվ ասեմ նաեւ, որ այդ փոփոխությունը միայն Հայաստանի քաղաքացիների համար չէ: Եվ բոլորը, ով դիմում է, աշխատում ենք իրավական խորհրդատվություն տալ եւ աջակցել, տեղեկացնել:
Կոչ ենք անում նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեն, նախ մեկնելուց առաջ ծանոթանան, միգրացիոն ծառայության կայքի (fmsarmenia.ru) միջոցով փորձեն ճշտել՝ իրենք ՌԴ մեկնելու իրավունք ունե՞ն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



