«Ռուսաստանն առանց Ուկրաինայի կայսրություն չէ» -նշել է Բժեզինսկին: Ռուսաստանը եվրասիական տարածությունում իր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական նպատակների իրագործման առումով կաղալու է առանց այդ պետության, որն ունի 600 հազար կմ քառակուսի տարածք և 46 միլիոն բնակչություն: Ահա, թե ինչու, այդ երկրի համար Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները չափազանց մրցակցային են, բանակցային գործընթացները՝ շահերի փոխբացառմամբ, այն էլ ՝ հաղթանակ-պարտություն սկզբունքով: Այսպիսի պայմաննում Ուկրաինան միշտ գտնվելու է անցումային վիճակում և պերմանենտ հեղաշրջումների սահմանին, որն ունի նաև ներքին պատճառ. քաղաքական համակարգի ադապտացիայի ցածր և քաղաքական էլիտայի էպատաժային մակարդակը, որն անհնար է դարձնում յուրացնել նոր իրողությունները և դրանց համարժեք արձագանքել, հատկապես, որ քաղաքական էլիտան էլ զուրկ է ճգնաժամային իրավիճակների կառավարման հմտություններից: Եվրամայդանը կարողացավ փոփոխություններ պարտադրել իշխանությանը, վերջինս էլ ստիպված գնաց կառավարության հրաժարականին, որով Յանուկովիչը փորձեց 2 անցումային հարց լուծել. 
1. ներքին լարվածության թուլացում և դժգոհության թիրախների շեղում կառավարության ուղղությամբ (այս հնարքը ներհատուկ է խրոնիկ տրանսֆորմացիոն համակարգերին: Իշխանությունը պահպանելու և օգտագործելու համար բոլոր ճյուղերը յուրային են, իսկ պատասխանատվություն կրելու առումով դրանք տարանջատվում են, նույնիսկ՝ տրոհվում),ինչպես նաև՝ պետք էր պահպանել ռուսական, այն է՝ Յանուկովիչի իշխանության կողմնորոշմամբ զանգվածներին, որովհետև զանգվածային դժգոհություններն արդեն հոսում էին դեպի արևելյան ու հարավային շրջաններ: 
2. Արևմտյան երկրներին պետք էր ցույց տալ, որ իշխանությունը գնաց ժողովրդի պահանջներին ընդառաջ և ընդունեց կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը: Ակնկալվում է, որ Եվրոպան առժամանակ հեռու կմնա ուկրաինական ներքին խնդիրներից՝ համարելով հարցը լուծված: 
Բայց դրությունը դեռ շարունակում է լարված մնալ: Մեկ անգամ իշխանությանը փոփոխություն պարտադրած հանրությունը չափազանց ինքնավստահ և պահանջկոտ է, որպեսզի բավարարվի սիտուատիվ կամ հատվածական հեղաշրջմամբ: Իսկ ինչու՞ Յանուկովիչի վարչակազմը չհամարձակվեց հանդես բերել վճռականություն ճգնաժամային իրադրությունից դուրս գալու համար: Մասնակցային այդ տեմպերը և ծավալները հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ այդ գործընթացների կասեցումը հնարավոր էր միայն ուժային մեթոդով, իշխանությունը չի գնում ռեպրեսիաների այն ժամանակ, երբ դա ամենաթանկ ռեսուրսն է, այդպս էր նաև Ուկրաինայում, ինչու՞. առկա է առնվազն 3 սցենար.
1. պայթյուն ներսից. իշխանությունը համոզված չէր, որ նման քայլին չի հաջորդի կոնֆլիկտի ամենածանր ու անկանխատեսելի փուլը՝ էսկալյացիան, որն Ուկրաինայի համար հղի է քաղաքացիական պատերազմի վտանգով, որովհետև բնակչության 17 տոկոսը էթնիկ ռուս է, իսկ 30 տոկոսից ավելին խոսում է ռուսերեն՝ չհաշված ռուսական կողմնորոշմամբ հատվածը
2. կասկած արևելքից. Կիևը լիովին համոզված չէր, թե արդյո՞ք Մոսկվան կկարողանա դրսևորել դաշնակցային ունակություններ և պաշտպանել Կիևի գործողությունները Արևմուտքի հակազդեցություններից
3. ահազանգ արևմուտքից. այդ կողմից, կարող էր լինել կոշտ քայլերի մի ամբողջ շարք, այդ ժամանակ, գուցե, Յանուկովիչն ավելի արագ, քան կառավարությունը կհավաքեր ճամպրուկները
4. հեղափոխական հաշվեհարդար. որքան թանկ է նստում իշխանափոխությունը, այնքան դաժան է լինում քաղաքական հաշվեհարդարը իշխանության նկատմամբ:
Այսպիսով, ուկրաինացի ժողովուրդը կարողացավ համակարգային փոփոխություն պարտադրել, բայց ամեն ինչ, կարելի է ասել, դեռ նոր է սկսվում. դեռևս առջևում են վերջնական հաղթանակի ու ինստիտուցիոնալիզացիայի ամենաերերուն փուլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել