1in.am-ը գրում է.

France 3 TV ֆրանսիական հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում նա հաստատել է, որ Լիբիան 2007թ. ֆինանսավորել է Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը:

Հարցազրույցն արվել է 2011թ. մարտի 16-ին՝ այն բանից մի քանի օր անց, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց լիբիական ընդդիմությանը, որը փորձում են տապալել Քադաֆիին: 

Քադաֆին հայտարարել է, որ Սարկոզին օգնության խնդրանքով դիմել է իրեն, երբ եղել է ՆԳ նախարար: Միաժամանակ նա չի հստակեցրել գումարը, որը նա վերջին հաշվով փոխանցել է ֆրանսիացի քաղաքական գործչին: 

«Սարկոզին մտավոր հետամնաց է... Միայն իմ շնորհիվ նա դարձավ նախագահ... Մենք նրան միջոցներ տրամադրեցինք, որոնք օգնեցին նրան հաղթել»,- մեջբերում է France 24 հեռուստաալիքը Քադաֆիի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Քադաֆիի կողմից Սարկոզիին ցուցաբերված հավանական ֆինանսական աջակցության շուրջ սկանդալը ծագեց 2012թ. գարնանը, երբ ֆրանսիական Mediapart պարբերականը հրապարակեց փաստաթղթեր, որոնց համաձայն՝ լիբիական վարչակարգն իբրև թե 50 միլիոն եվրո է տվել Սարկոզիին նախագահական ընտրություններում քարոզարշավի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել