Բարի օր 35,8% աղքատության մակարդակ, բայց  Կառավարության նոր թույն ծրագիր ունեցող հայ ազգ: Սկսում ենք բլոգոլորտի անցնող շաբաթվա ամփոփումն ու առանձնացնում շաբաթվա ոչ ֆուտբոլային թոփ թեմաները:

Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ Տիգրան Սարգսյանն ու նրա թղթապանակը, կամ ինչպես բնորոշեցին ոմանք՝  ցանկությունների ժողովածուն, շաբաթվա հերոսները կդառնան: Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Ծրագրին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները: Ֆեյսբուքցի Վարուժան Հովսեփյանը քվեարկությունը որակեց որպես անինտրիգ և պարզունակ, ինչպես նաև կանխատեսեց, որ հենց նույն անհետաքրքիր սցենարով են ավարտվելու առաջիկա 5 տարիներին ԱԺ-ում օրինագծերի ընդունման բոլոր քվեարկությունները:

«Կառավարության նիստում հնչող ձայները... Ոնց որ ԽՍՀՄ մայիսմեկյան շքերթի մեկնաբանություն լիներ: Գովքը գովքի հետևից, հնգամյակը մի  քանի ամսում, դե բան չմնաց մինչ ընտրություններ... Հայլուրի երեկվա պաթոսից սիրտս թունդ ելավ, քիչ էր մնում սկսեի հոկեմբերյան մեծ հեղափողությանը մեր վաղվա պայծառ ապագային հավատալ, էն էլ սյուժեն կարճ էր, չհասցրի..»- նիստից հետո իր մատյանում այսպես գրեց բլոգեր Նոնինոն: Իսկ ֆեյսբուքցի Արմեն Գրիգորյանը կատակեց, որ լույս է տեսել Տիգրան Սարգսյանի «Հեքիաթների ժողովածու» նոր աշխատությունը, որը հասարակությանը հայտնի է «Կառավարության ծրագիր 2012» անվանումով: «Հեղինակը կազմակերպում է իր ժողովածուի հանրային ընթերցումներ: Երեկ նա Ազգային ժողովում ընթերցողի դատին է ներկայացրել իր աշխատությունը, որը 69 պատգամավորի համար իրականություն էր, այլ ոչ թե հեքիաթ: Իսկ մնացածը այն ընկալեցին հեքիաթի տեսքով: Հնարավոր է, որ Open Air Reading Fest-ի շրջանակներում հեղինակը այսօր Կասկադում ընթերցողների ավելի լայն շերտերին ներկայացնի իր հեքիաթների փիլիսոփայությունը»,-շարունակեց Արմենը:

Մի խոսքով, Կառավարության գործունեության ծրագիրը ողջ շաբաթ քննարկվեց ու բոլորովին ոչ լավ իմաստով. Այս թեմայով գրառումները մեծամասամբ միանման էին: «Առաջարկում եմ խելացի դեմքի արտահայտություն ունեցող Տիգրան Սարգսյանին մեկ ամիս իր ընտանիքով ապրել ՀՀ-ի միջին աշխատավարձով»,- ամփոփելով իր ընկերների կարծիքները գրեց ֆեյսբուքցի Զոհրապ Եգանյանը:

Մինչ  բոլորը Կառավարության գործունեության ծրագիրն էին քննարկում, ծանր մարմնական վնասվածքներով  հիվանդանոց տեղափոխվեցին 3 ռազմական բժիշկ: Պարզվեց` նրանց դաժան ծեծի էին ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ռեստորանում ծագած ինչ-որ խնդրի պատճառով: Միջադեպից հետո դժգոհության հսկայածավալ ալիք բարձրացավ. այս թեմայով գրառումները ամենաշատն էին այս շաբաթ: «Էս ո՞ւր են իրենց «ֆաշիստ» անվանող «հերոսները», որոնք թքում էին հայ աղջկա վրա: Նեմեցի «վեցնոցները» հայոց բանակի սպային ծեծելով մահվան դուռն են հասցրել: Դե գնացեք թքեք այդ «վեցնոցների» եւ նրանց շեֆի վրա»,-գրեց ֆեյսբուքցի Արթուր Խեմչյանը:

Իսկ պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը կոչ արեց հայ երգիչ- երգչուհիներին դատապարտել այս արարքն այնպես ինչպես ամիսներ առաջ ադրբեջանցու գնդակից հայ զինվորի սպանությունը դատապարտեցին ու բոյկոտեցին Եվրատեսիլը:  «Սա ոչ միայն քրեական հանցանք է, այլ նաև ապտակ է մի ամբողջ ազգին և այս ազգի իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին… Մի բան հստակ ու անվիճելի է` ՀԱՆՑԱՆՔԸ ՊԻՏԻ ՊԱՏԺՎԻ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՌԱՆՑ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՁԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ»,- Սա էլ բլոգեր Ոզնու անդրադարձն էր թեմային: Ժամեր անց Ոզնու խոսքերն ի կատար ածեց ՀՀ ոստիկանությունը՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալելով ռեստորանի անվտանգության 7 աշխատակցի:

Այնուհետև ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի այն դիրքորոշմանը, թե մատը մատին չի տալու և օրենքն ամեն ինչ կանի, ֆեյսբուքցի Արգիշտի Կիվիրյանը գրեց, որ միմիայն հասարակական աղմուկի շնորհիվ է, որ «Հարսնաքարի» դեպքերի կապակցությամբ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը սկսեց հանձնել իր թայֆին... Հավելեմ, որ գործի քննությունը շարունակվում է: Հուսանք միայն, որ մեղավորները կպատժվեն, իսկ տուժածները կապաքինվեն և կվերադառնան ծառայության:

Ողջ շաբաթվա ընթացքում բլոգոլորտի ուշադրության կենտրոնում շարունակեց մնալ Վարդան Օսկանյանն ու նրա փողերի լվացման գործը: Կարծիքներն այս թեմայով ինչպես և նախորդ շաբաթ հակասական էին: Այս շաբաթը թերևս առանձնացավ համացանցում Օսկանյանի յուրահատուկ ակտիվությամբ: Մասնավորապես ի պատասխան 1in.am-ի՝ «Ի՞նչ փողերով է Վարդան Օսկանյանը գնել ԱՄՆ-ի իր առանձնատունը» նյութին Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանեց. «Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։

Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ և պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ»:  Ապա բլոգոլորտում սկսեց քննարկվել Օսկանյանի գործում նոր շրջադարձը: Շատերի մոտ կասկածներ առաջացան այն մասին, որ փողերի լվացման մասով Օսկանյանի գլխին գործ սարքել չի հաջողվում,  հիմա էլ հարկայինն է քրքրում «Սիվիլիթասը»: Ինչևէ կարծում եմ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի և Օսկանյանի թեմային առաջիկա շաբաթներին էլ կանդրադառնանք:

Ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանին հասավ մի նամակ, որի տակ ստորագրել էին մի խումբ մտավորականներ, հասարակական կազմակերպություններ, արվեստի գործիչներ: Սերիալները պատուհաս են դարձել հասարակության համար, այնքան, որ շատ մարդիկ հարցի լուծումը սպասում են միայն  երկրի նախագահից:

«Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով»- ասված էր նամակում:

Այս շաբաթ սերիալները և նրանց բովանդակությունը շատերի ուշադրության կենտրոնում էին: Բլոգեր Տիգրան Քոչարյանի գրառումներից մեկն էլ էր այդ թեմայով: «Կանանց ռեսուրսային կենտրոնը ինչո՞ւ չի արձագանքում «Դժվար ապրուստ» սերիալում կանանց նկատմամբ բռնությանը»,- գրել էր բլոգերը: «Անկապ բազմազիկների երթերին մասնակցելու տեղը, թող մի հատ բողոքեր, որ օրինակ ամենապոպուլյար «Դժվար ապրուստ» սերիալում տղամարդկանց հիմնական զանգվածը իրենց ընկերուհիներին ու կանանց անընդհատ չափալախ են տալիս, կամ ոտի տակ գցում: Նայողներն էլ դա լավ ընդօրինակում են: Կամ էլ մի հատ Մերի կա, հենց ձեռը ճար ա լինում, գնում ա իրան մոստից գցելու: Ու տենց լիքը դրվագներ: Էլ ՈՌոգայթից կամ Բանակումից չխոսանք... »:

Ապա բլոգոլորտի ուշադրության կենտրոնում հայտնվեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը: Վերջինս քննարկումների ժամանակ գրառումներից մեկում գրել էր, որ հայերը վրացիների եղունգի կեղտն անգամ չարժեն: «Հալալ ա վրացիքին: Ես գիտեմ, որ բնապահպանները հնագետների հետ միացել են ու բոյկոտել գեոպրոմայնինգը Վրաստանում, քանի որ հողի տակ քաղաքակրթության հետքեր էին հայտնաբերվել: Իսկ ասյտեղ` Սոթքի հանքավայրում շատ ավելի հին քաղաքակրթության հետքեր կան, բայց մենք` ճորտերս, կհանձնենք օտարներին մեր հողերը ու չկան վրացիքի չափ Չկանք!!! Եղունգի կեղտի չափ…»: Այս գրառումից ոգևորված և քաջալերված` ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Andrey Deshanelը ավելացրել էր. «հայը ո՞վ ա, որ վրացու չափ ինքնասիրություն ունենա: Ես այսքան ժամանակ մի վրացի չեմ տեսել, որ ամենահայրենասեր հայից հայրենասեր ու ինքնասեր չլինի»: Էլ չասեմ թե համացանցում ինչ արշավ սկսվեց ընդդեմ Մարիամախոտի: Դեմոտիվատորներն ու Մարիամի հայտարարությունը դատապարտող գրառումները հաջորդեցին մեկը մյուսին: Սրան ի պատասխան Մարիամի պաշտպաններ  ասում էին, որ այդ նախադասությունը կտրված էր Մարիամի խոսքի կոնտեքստից և պետք չէ հայտարարության շուրջ նման մեծ աղմուկ բարձրացնել:

Համացանցի ուշադրության հաջորդ թիրախը ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին էր: Օլիգարխի թիկնապհի հետ ունեցած միջադեպից հետո Գասպարին բավական լավ պրծավ.  թիկնապահը բավարարվեց նրան հրելով և գետնին տապալելով: Բանն այն է, որ Հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ Վարդգես Գասպարին ակցիա էր իրականացնում, ձեռքին ունենալով ցուցապաստառ` «Նեմեց` մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ նրան մոտենում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, և խլում ցուցապաստառը: Իսկ Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալում ակտիվիստին: Ինչևէ, համացանցի ուշադրությունը գրավեց ոչ այնքան օլիգարխի արդեն սովորական դարձած պահվածքը, այլ տարածքում հերթապահող Ավագ սերժանտ Հովհաննիսյանը, ով կարծես թե այնքան էլ չէր տեղավորվում ոստիկանի նոր կերտվող իմիջի մեջ և վրայից փորձում էր ցրել Գասպարիին և պնդում էր, որ չի ֆիքսել միջադեպը:

Այսպիսին էր բոլոգոլրտի անցնող շաբաթը. Ինտիգային, խնդրահարույց ու հակասական կարծիքներով լի: Իսկ որպես վերջաբան ավելացնեմ մի նկար, որին իրավամբ կարելի է «շաբաթվա նկար» կոչումը շնորհել: Panarmenian.net-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված այս յուրահատուկ նկարը շաբաթվա ընթացքում ֆեյսբուքում ամենաշատը տարածվեց և like-վեց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել