Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելիս կառավարությունը մեզ վստահեցնում էր, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, և սա աշխարհում գործող՝ արդյունավետության տեսանկյունից լավագույն համակարգերից է: Վերջում պարզվեց, որ մեր կառավարությունը կիրառել է Չիլիի փորձը, որն իրենք՝ չիլիացիներն այլևս չեն օգտագործում: Չէ, որ փոխարենը մեր իշխանավորները կարող էին լինել ավելի ճկուն և շրջահայաց և աշխարհի շատ ավելի լայն պատկերը տեսնել: Աշխարհում գործում են բազմաթիվ կենսաթոշակային համակարգեր, որոնք համապատասխանեցվում են տարբեր երկրների իրականության հետ:
Օրինակ, որոշ երկրներին ձեռնտու է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա կառուցված համակարգը, ոմանք կարծում են՝ որոշ հարուստ և կայուն երկրներում հանգիստ գործում է կամավոր կուտակայինը, իսկ որոշները ընտրում են մեր ճանապարհը և ներդնում պարտադիր կուտակայինը, սակայն աշխարհում առկա են շատ ավելի նորարարական և արդյունավետ մոտեցումներ, որոնք օգտագործվում են զարգացած պետությունների կողմից: Օրինակ, ասացեք խնդրեմ, ինչու չփորձել ներդնել Եվրոպայում լայն օգտագործվող Pay-as-you-go համակարգը կամ էլ ասենք Save More Tomorrow (SMT) ծրագիրը: Քանի որ ծրագրերն իրոք շատ են, ես կցանկանայի այսօր անդրադառնալ դրանցից միայն մեկին, և այդ մեկը քիչ առաջ նշված SMT-ին է, որը մշակվել է UCLA-ին կից Անդերսոնի դպրոցի (Anderson School) առաջատար պրոֆեսորների կողմից:
Համակարգի ստեղծողներ Richard H. Thaler-ը և Shlomo Benartzi-ը ծրագիրը ստեղծելիս կիրառել են վարքագծային տնտեսագիտության (Behavioral Economics) բաղադրիչներ բարձրացնելու համար աշխատողների խնայողության մակարդակը: Այսպիսով, ծրագիրն իրենից ենթադրում է մասնավորապես հետևյալը՝ խնայել ապագա աշխատավարձի հաշվին:
Փորձենք պարզաբանել: Եթե, օրինակ, Դուք ստանում եք 200.000 ՀՀ դրամ աշխատավարձ և Ձեր տարեկան աշխատավարձի բարձրացումը պետք է կազմի շուրջ 5%, Դուք կամ ընդհանրապես չեք վերցնում այդ բարձրացումը, կամ վերցնում եք միայն շուրջ 2 կամ 3%-ը, որպեսզի գնաճի պայմաններում Ձեր գնողունակությունը չընկնի և մնացած 2 կամ 3%-ը, գումարած պետության կողմից ավելացրածը ամեն ամիս անցնում է Ձեր թոշակային ֆոնդին: Այսպիսով, քաղաքացին խուսափում է հավելյալ դժվարություններից, որոնք կառաջանան ներկայիս համակարգի ժամանակ, երբ փաստացի անհատը ստիպված է լինելու վերանայել իր ընտանեկան բյուջեն: Համակարգի առաջին փորձարկումը եղել է 1998թ.-ին՝ միջին չափի ամերիկյան ընկերությունում: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին:
Սա ի գիտություն մեր իշխանավորներին, որպեսզի հաջորդ անգամ ինչ-որ փորձ ուսումնասիրելուց առաջ հասկանան այդ երևույթի իմաստը: Գուցե նրանք հակադարձեն, որ այս համակարգը չի կարող գործել Հայաստանում, և ես, պատկերացրեք, որոշ չափով նրանց հետ կհամաձայնեմ, քանի որ Հայաստանում ֆիքսված աշխատավարձ է, այլ ոչ թե մրցակցային և երկրորդ՝ բարձրացնելիս էլ բարձրանում է այնքան, որ չի փոխհատուցում գնաճի արդյունքում առաջացած գնողունակության անկումը: Սակայն ես հակված եմ մտածել, որ առնվազն մասնավոր հատվածում և այն էլ ուրախացնող տեմպերով զարգացող ՏՏ ոլորտում այս համակարգը շատ էլ արդյունավետ կաշխատի: Ի վերջո, այս ոլորտն է, որ հիմնականում ամենից շատն է գալիք 10%-անոց «տուրք»-ը վճարելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/643814995685681?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել